ԿարևորՀասարակություն

Ամուսնալուծությունից հետո կյանք կա՛

Ամուսնալուծվելուց և միայնակ մնալուց Արմինե Պողոսյանը չվախեցավ։ Փոխարենը սկսեց իրականացնել վաղեմի` սովորելու, մասնագիտական աճի և ինքնազարգանալու երազանքները։ Այս մասին Արմինեն պատմում է․

«Սկզբում շատ դժվար էր նման որոշում կայացնել, սակայն հետո սկսեցի հասկանալ, որ կյանքում կան ավելի գունավոր բաներ և սկսեցի փնտրել իմ ներդաշնակությունը։ Հանրակրթական դպրոցում էի աշխատում, զուգահեռ շաբաթ օրերը զարգացման կենտրոնում էի աշխատում՝ որպես մենթալ թվաբանության ուսուցչուհի։ Այժմ աշխատում եմ Դիլիջանի միջազգային դպրոցում, տարբեր դասընթացների եմ մասնակցում, անգամ այս ընթացքում կարողացա բավականին մեդիա գործիքների տիրապետել, ՏՀՏ գործիքների տիրապետել»:

Հանուն երեխայի ամուսնու հետ ապրելու բանաձևը լավագույնը չէ, հաճախ ամուսնալուծությունը կարող է դրական անդրադառնալ երեխայի վրա, այս մասին Արմինեն ասում է․

«Ընտանեկան միջավայրը մեծ դեր ունի երեխայի զարգացման հարցում, հիմա ես ակնհայտ փոփոխություն եմ տեսնում իմ տղայի մեջ, առաջ ընտանեկան անառողջ մթնոլորտում մեծանում էր երեխան, ով կյանքը չէր սիրում։ Այժմ բավականին հաջողություններ է գրանցել, վերջին հաջողությունն այն է, որ ընդունվել է Այբ դպրոց»։

Ծրագրավորող եւ քաղաքական գործիչ.  15- ամյա Հրաչյա Մովսիսյանը ապագա մասնագիտության ընտրությունը պայմանավորում է հենց ծնողների ամուսնալուծությամբ։ Այս մասնագիտությունները նաեւ իրեն, որպես ընտանիքի ապագա հոր պատկերացումներն է ամբողջացնում. ընտանիքը, ինչպես եւ պետությունը, պիտի լինի կազմակերպված, ընտանիքի անդամները՝ սեփական դերերն ու պատասխանատվությունը գիտակցող։

«Իդեալական ընտանիքում տղամարդը պիտի ունենա իր դիրքը, կինը ՝ իրենը։ Հիմա, երբ նայում եմ իմ ընկերներին, տեսնում եմ, որ նրանք, ովքեր չունեն նյութական խնդիրներ, ուսմանը մեծ ուշադրություն չեն դարձնում, իսկ ինձ համար լավ սովորելը մի նպատակ ունի՝ հետագայում լավ ապահովել սեփական ընտանիքս։ Ծրագրավորող եմ ուզում դառնալ, բայց սիրում եմ նաև քաղաքականություն և չի բացառվում, էր ապագայում կզբաղվեմ դրանով»։

Փաստաբան Մարատ Ատովմյանը երկար տարիներ է զբաղվում է ընտանեկան իրավունքի՝ այդ թվում ամուսնալուծության հարցերով։ Ասում է՝ վերջին տարիներին դատարան հիմնականում դիմում են կանայք։

«Կնոջ դերը հասարակությունում փոխվել է, հիմա շատ երիտասարդ կանայք ավելի ինքնուրույն են, ավելի ինքնաբավ են, և հենց այդ ինքնուրույնությունը, ավելի շատ վաստակելը շատ ժամանակ հանգեցնում է ամուսնալուծությունների»։

 Իր մասնագիտական փորձից նաեւ հետաքրքիր դեպքեր է հիշում. վերջին գործի ժամանակ դատավորին հաջողվել է փրկել ամուսնությունը, դատարանում ամուսինները հաշտվել են, վերադարձել բնականոն ընտանեկան կյանքի։

«Մեկ, երկու օր առաջ, ականատես եղա դատարում մի դեպքի, երբ դատավորը հպարտությամբ պատմում էր, որ իր ջանքերի շնորհիվ զույգերը որոշել են չամուսնալուծվել, այսինքն լինում են դեպքեր, երբ դատարանը ժամանակ է տալիս զույգերին, և նրանք ապահարզանի գնալու հարցում մտափոխվում են»։

Ճգնաժամը հաղթահարել հնարավոր է, ամուսնալուծությունը պիտի լինի ամենավերջին տարբերակը։ Ընտանեկան հոգեբան Մերի Սարիկյանը կարծում է, որ ամուսինները պետք է բացառեն վեճը, փոխարենը հաճախ զրուցեն միմյանց հետո, որովհետև միշտ չէ, որ լռությունը միմյանց հասկանալու և համաձայնության նշան է։

«Ճգնաժամեր լինում են բոլոր ընտանիքներում, սակայն պետք է փորձել հաղթահարել դրանք, ամուսնալուծությունը վերջին տարբերակը պիտի լինի։ Ամուսնալուծված զույգերին խորհուրդ եմ տալիս պահպանել ադեկվատությունը, եթե ունեն համատեղ երեխա, փորձեն լրացնել այն բացերը, որոնք երեխայի մոտ կարող են առաջանալ ամուսնալուծվելու հետևանքով»։

Ամուսնությունը փրկելու տարբերակները շատ են, ես սեփական փորձ դեռ չունեմ, բայց ինչպես ասում են, լավագույն տարբերակը երբ ցերեկը ամուսինները մոռանում են, որ սիրեկաններ են, գիշերը՝ մոռանում, որ ամուսիններ են։

Back to top button