ԿարևորՀասարակություն

Color fest-ից` Corona-dance. երիտասարդները գիտեն՝ ինչպես տոնել իրենց օրը

Տոն, բայց օնլայն, տոն, բայց զուսպ. այսօր երիտասարդների միջազգային օրն է։

Երբևէ չգրված բացատրական բառարանում «երիտասարդություն» և «տոն» բառերը հաստա՛տ հոմանիշներ են։ Երկուսն էլ ենթադրում են հավաք․ աղմկոտ, ծիծաղկոտ, խոսք ու զրույցով, մի քիչ խմիչքով, ավելի շատ երաժշտությամբ, երգուպարով։

Սակայն այս տարի, երբ երկրագունդը շարժման փոքր-ինչ այլ ուղղություն է ընտրել, փոփոխվել են նաև մեզ ծանոթ բառերի ընդունելի բացատրությունները։ «Երիտասարդություն»-ը կամաց- կամաց դառնում է ճկունություն, «տոնը»՝ էկրանային խրախճանք։

Նախորդ տարի այս օրը Գյումրին գունավոր էր՝ բառի ամենաիսկական իմաստով։ Տոնը վերածել էին համաքաղաքային գունային փառատոնի՝ Color fest-ի ․

«Գյումրու երիտասարադական տուն» կենտրոնի հասարակության հետ կապերի պատասխանատու Թամարա Դավոյանը պատմում է․

-Ունեցել ենք համերգներ, միջոցառումներ, որոնց ընթացքում չենք մոռացել տեղեկատվական հատվածի մասին։ Հիմնականում եղել են շատ ուրախ ու երիտասարդների համար կազմակերպված միջոցառումներ։ Օրը մշտապես ավարտել ենք համերգով։ Եթե այս տարի չլիներ իրավիճակը՝ ևս կունենայինք հանրային միջոցառում ու համերգ, ինչպես նախորդ տարի ենք ունեցել քալըր ֆեսթի ժամանակ։

Երիտասարդությունը, սակայն, այլ բնորոշ գծեր էլ ունի․ օրինակ՝ ընդվզում և համառություն։ Գյումրեցի ջահելները որոշել են․ տոն լինելու է։ Թեկուզ անհպում, առանց հանդիպումների, բայց լինելու է․

Պարային ֆլեշմոբ են կազմակերպել, անունն էլ դրել՝ Կորոնա–dance։ Ինձ փորձերից կադրեր են ցույց տալիս, իսկ մյուսներին այսօր երեկոյան ժամը 8-ին հրավիրում վայելելու։ Հասցեն՝ Ֆեյսբուք սոցիալական կայք։

Քաղաքի մարդաշատ վայրերում կմեկնարկի ցուցապաստառների արշավը, համացանցում կտեղադրվի վճարովի աշխատանքային պրակտիկայի մասին հայտարարությունը, կիրականացվի «իմ ինքնատիպ ուղերձը երիտասարդներին» խորագրով տեսանյութերի առցանց մրցույթ․

Ամենակարևորը երիտասարդական ոգին պահպանելն է, Չնայած իրավիճակին ու իմանալով, որ չի լինելու նախորդ տարիների նման, խնդիր չենք տեսել, մեր աշխատանքի ու մեր մոտիվացիայի շնորհիվ չենք թողել, որ երիտասարդները մոռանան, որ պիտի ուրախանան, քանի օր սա իրենց օրն է,– նշում է Թամարան։

Աիդա Կիրակոսյանը ջահել է, կյանքով լի, քեֆ-ուրախությունների նկատմամբ էլ՝ առանձնահատուկ համակրանք ունեցող։

-Ես ձեզնից տեղեկացա, որ էսօր երիտասարդության օրն է։ Երիտասարդների օրն ինձ համար ավելի շատ ասոցացվում է նոյեմբերի 17-ի հետ, ավելի հաճախ ընկերներով հենց էդ օրն ենք նշում, մայիսի 17-ն էլ, բայց էսօրվա հետ կապված չենք նշում։

Եթե իմանար, որ տոն է՝ հաստատ մոռացության չէր մատնի, բայց պահը բաց չի թողնում․ շնորհակալություն է հայտնում տեղեկացնելու համար ու ասում՝ ընկերներով անպայման կնշեն․ հիշեցնում եմ արտակարգ դրության մասին, իսկ ինքը վստահ է՝ չի խանգարի․

-Ինձ համար երիտասարդությունը ասոցացվում է ակտիվ ու գժական, էմոցիոնալ, հիշարժան օրերի հետ։ Երիտասարդության միջազգային օրը ավելի հետաքրքիր դարձնելու համար հաստատ կմտածենք մի բան, հավանաբար լողավազանային, ջրային մի բան, որովհետև ամառն ավարտվում է։

Ասում է, ուրախանում, որ սովորական օրը, փաստորեն, տոն է, այն էլ՝ միջազգային ու եզրակացնում․

-Մեզ ամբողջ կյանքի համար մնում են  միայն հիշարժան պահերը, ակնթարթային հաճույքները, որոնք մենք կարող ենք ստեղծել մեզ համար ամեն օր ու ամեն վայրկյան։

Անկախ օրվանից, տարիքից, մոլորակի շարժման ուղղությունից՝ երիտասարդ եղեք։
Անկախ ժամանակի պահանջներից՝ ձեր մեջ տոն ունեցող։

Back to top button