ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ամուլսարի հարցում կառավարությունը դիտորդի կարգավիճակ է ստանձնել. ՔՈ քարտուղար

Հայաստանի ներքաղաքական ու ներհասարակական հարցերի մասին ենք զրուցել «Ռադիոլուրի հյուրասրահում» «Քաղաքացու որոշում»  կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանի հետ։ Առողջական խնդիրների պատճառով նա տաղավարում հանեց դիմակը` ներողություն խնդրելով ունկնդիրներից եւ ակնդիրներից։

Ի՞նչ  իրավիճակ է այս պահին Ամուլսարում

Ամուլսարի հարցում նոր  ռազմավարություն է  մշակվել, քանի որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը սնանկացման է գնացել, ասում է Սուրեն Սահակյանը։ Եկել է պահնորդական ծառայություն, որը բախումներ է հրահրում, ինչը  չի բխում հանրային շահից։ Վերջին դեպքը՝  օրենքի խախտմամբ վագոն –տնակներ բերեցին  ու տեղադրեցին Ամուլսարի պահապանների վագոն –տնակների փոխարեն։ ՔՈ քարտուղարը չի կարծում, որ նրանք սա ինքնագլուխ են արել։ «Մարդիկ հերթական սադրանքը չհանդուրժեցին ու ստիպեցին  հետ դնել տնակները։ Հաջորդ պահանջն է,  որպեսզի լիցենզիայից զրկեն պահնորդներին»,- ասում է «Ռադիոլուրի» հյուրը։

Ինչո՞վ է պայմանավորված կառավարության լռությունը․․․

Կառավարությունը ստանձնել է դիտորդի կարգավիճակ ու այս պայքարում հաղթողն էլ կլինի իրենց մտերիմը, կարծում է ՔՈ քարտուղարը։ Կառավարությունն ստեղծված է, որպեսզի ժողովրդի շահերը պաշտպանի, այլ ոչ թե հյուծող պայքարը էլ ավելի երկարաձգի` ասում է նա, շեշտելով, որ մինչև վերջ կանգնելու է, որպեսզի հանքը չշագործվի։ «Դա միայն բնապահպանական խնդիր չի ու այնտեղ միայն բնապահպանները չէ, որ կանգնած են։ Հայաստանի տնտեսությունը «ինչպիսին»  լինելու խնդիր ունի։ Մենք չենք ուզում հանքարդյունաբերական տնտեսություն տեսնել, մենք  չենք  ուզում  ունենալ թալանված ընդերքով տնտեսություն»,- ասել է Սուրեն Սահակյանը։

Նա չի ցանկանում դիտարկել այն տարբերակը, որ «Լիդիանը» կարող է շահագործել հանքը։

Հեղափոխությունը պարտվե՞լ է ․․․․

Հեղափոխությունը որոշակի արժեքներ սերմանելու ու արմատավորելու, քաղաքական արատավոր համակարգը փոխելու համար է։ Այդպիսի բարեփոխումները լինում են, երբ իշխանությունը մեծ լեգիտիմությունը ունի, քանի որ այդ ռեֆորմները հաճախ ցավոտ են լինում և մեծ դիմադրության են հանդիպում, ասում է ՔՈ քարտուղարը։ Ըստ նրա` քանի ժամանակն անցնում է` այդ լեգիտությունը պակասում է։ «Եկել է մի պահ, երբ այլևս հեղափոխական գործողություններն արդեն անհնար են, հետևաբար` հեղափոխությունն այդ առումով պարտվել է»,- կարծում է Սուրեն Սահակյանը։

Back to top button