ԿարևորՀասարակություն

Ո՞ր փուլում են կորոնավիրուսի պատվաստանյութի ձեռքբերման բանակցությունները

Եվս մեկ ամիս արտակարգ պայմաններում. կառավարությունն այսօր հերթական` հինգերորդ անգամ երկարաձգեց արտակարգ իրավիճակը։ Մինչև սեպտեմբերի 11- ը այն կշարունակվի, սակայն որոշ մեղմացումներով։

Թեև կորոնովիրուսով վարակակիրների թվի   նվազում է նկատվում, սակայն շարունակում են  բարձր մնալ վարակի հետևանքով մահացության   և  վարակի տարածման ցուցանիշները։  Առողջապահության նախարար Արսեն   Թորոսյանի խոսքով՝  համաճարակային  անվտանգության կանոնների  պահպանման  արդյունքները տեսանելի են և մենք վարակի հաղթահարման փուլում ենք։  Նախարարը հուսով է, որ  այս տեմպերը կշարունակվեն։

«Իհարեկ 0 թվի մոտենալու  նպատակ մենք  չեմ կարծում, որ պետք է դնենք մեր առաջ, հավանաբար  ինչ-որ  թվի շրջանակներում պահելը, օրինակ 50-100 –ի շրջանակում պահելը ևս պետք է ընդունելի լինի մեզ համար, այն իմաստով, որ դժվար է լինելու հասնել 0–ի  միայն կանոնները պահելով , այսինքն՝ սովորել ապրելու իմաստով  կորոնավիրուսի հետ»։  

Աշխարհի շատ երկրներում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է բռնկվել, վարակակիրների թիվը անցել է 20 մլն. ը։ Եվրոպական երկրները կրկին խստացնում են սահմանափակումները։ Հայաստանում երկրորդ բռնկում չունենալու համար   պետք է  շարունակվեն խստորեն  պահպանվել   հակահամաճարակային անվտանգության կանոնները, արտահերթ նիստի ընթացքում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, այսօր ունեցած  փաստերի վրա հենվելով՝ հնարավոր է , որ  աշնանն ունենանք կորոնավիրուսի  հետ կապված լրիվ այլ պատկեր;

«Մենք այսօր շանս ունենք աշնանն ընդհանրապես լինել բոլորովին ուրիշ վիճակում՝ հաղթահարման վիճակում՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարավի։ Այն դեպքում, եթե սովորենք ապրել կորոնավիրուսի հետ։ Դա նշանակում է մեկ բան՝ դիմակ կրելու բացառիկ կարգապահություն։ Եթե մենք դիմակի կրման պատճաշ մակարդակ ապահովենք, կարող ենք արձանագրել, որ գործնականում կորոնավիրուսի հետ կապված խնդիրը լուծել ենք։ Եթե ոչ, էլի վերադառնալու ենք հուլիսի վիճակին»։

Նախօրեին Ռուսաստանը հայտարարեց, որ գրանցել է Քովիդ- 19- ի պատվաստանյութը։ Շատ երկրներ և գիտնականները կասկածամտությամբ վերաբերվեցին լուրին։ Ռուսական պատվաստանյութի վերաբերյալ աշխարհի արձագանքը, համաճարակաբան  Արման Բադալյանի խոսքով,  կապված է ոչ թե պատվաստանյութի  ստեղծման արագության, այլ փորձարկումների արդյունքների վերաբերյալ  հրապարակումների բացակայության հետ։   

«Ամեն դեպքում աշխարհում նման փորձ կա` գնալ հարկադիր կիրառման։ Նույն կերպ էլ  էբոլայի վակցինան են արել։ Փորձարկումն ընթանում է, բայց  քանի որ էպիդեմիան շարունակվում է և մարդիկ մահանում են, իրենք դնում են հարկադիր կիրառման, ավելի խիստ չափանիշներ են սահմանում փորձարկումների ժամանակ  և  ավելի արագացված տարբերակով  ընթանում է։ Նման ձև օգտագործվում է նաև էբոլայի վակցինան, որը շատ արդյունավետ է»,- ասում է համաճարակաբանը։

Պատվաստանյութի ձեռքբերման հարցում Հայաստանը բանակցությունների  ո՞ր փուլում է. փորձեցինք պարզել առողջապահության նախարարությունից։ Մեզ փոխանցեցին, որ  դեռ բանակցություններ են ընթանում և որևէ նոր տեղեկություն չեն կարող հաղորդել։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close