ԿարևորՀասարակություն

Կրթության նոր չափորոշիչները. անձնական ֆինանսների կառավարումը կսկսվի դպրոցից

Հանրակրթության նոր չափորոշիչներում ներառված է նաև կառավարության կողմից հավանության արժանացած ֆինանսական կրթության ազգային ռազմավարությունը։ Այս ռազմավարության ամենակարևոր բաղադրիչներից է դպրոցներում ֆինանսական կրթության ներդրումը, որի նպատակն է սովորողներին զինել գիտելիքով, հմտություններով և վստահությամբ՝ գիտակցված և պատասխանատու ֆինանսական որոշումներ կայացնելու համար։

Ֆինանսների գրագետ կառավարումը միշտ եղել է բնակչության կայուն եկամուտների ապահովման հիմնական պայմանը։ Ինչպե՞ս սովորեցնել մարդկանց ճիշտ տնօրինել սեփական գումարը, խուսափել չարդարացված ծախսերից, ոչ միայն պահել, այլև բազմապատկել սեփական եկամուտներն ու խնայողությունները։ Այս հարցերի պատասխանները աշակերտը կարող է ստանալ ֆինանսական կրթության ընթացքում։ Դպրոցներում ֆինանսական կրթությունը  նորություն չէ։ Ճիշտ է` ընդամեը 14 դպրոց է նախորդ ուսումնական տարում մասնակցել  փորձնական ծրագրին, բայց արդյունքներն արդեն իսկ հուշում են, որ այն հաջողել է և պետք է դասավանդվի ՀՀ բոլոր դպրոցներում, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ԿԳՄՍ  հանրակրթության  վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը։

«Ծրագիրը նախապատրաստվեց, որովհետև փոխվել է ֆինանսատնտեսական հարաբերությունների վիճակը երկրում, մարդիկ օգտվում են բազմաթիվ ֆինանսական ծառայություններից։ Եվ լավ է, որ դրանց տված հնարավորությունները ճանաչելու և ռիսկերրը գնահատելու գործընթացն սկսվի դպրոցից»,- ասաց Թորոսյանը։

Հանրակրթական պետական չափորոշչով տարբեր առարկաների դասաժամերին աշակերտների մոտ ֆինանսական աղբյուրներից օգտվելու որոշակի գիտելիքներ ու հմտություններ են ձևավորվելու։

Այն 14 դպրոցներին, որոնք փորձնական ծրագրով ֆինանսական կրթությունը դասավանդել են, նոր չափորոշիչները անակնկալի չեն բերի։ Արդեն գիտեն, թե ինչպես են կազմակերպելու ֆինանսական կրթությունը։

Իսկ ինչ է սպասվում մյուս դպրոցներին։ Զրուցակիցս համար 100 դպրոցի դասվար Ելենա Ջիլավյանն է։ Իրենց դպրոցում ֆինանսական կրթություն դեռևս չի դասավանդվել, բայց չի կարծում, որ ուսուցիչների, առավել ևս աշակերտների համար ֆինանսական կրթությունը լրացուցիչ հոգս կամ դժվարություն դառնա։

«Չեմ կարծում, որ ուսուցիչների համար բարդություն կառաջացնի, որովհետև նախ՝ չափորոշիչներում հստակ ամրագրված տեղեկություններ կան, կան նաև վերապատրաստման դասընթացներ, և իրենք էլ պետք է հասկանան, որ ոչ բոլոր դասերին պետք է ֆինասնսական բաղադրիչով խնդիր լուծվի կամ ինտեգրում կատարվի։ Պետք է ուսումնասիրվի այն թեմաներում, որոնք դրա հնարավորությունը կտան։ Կարևորը ճիշտ մատուցելն է»,- նշեց Ելենա Ջիլավյանը։

Կրթության ոլորտի ներկայացուցիչները ակնկալում են, որ ուսումն ավարտելուց հետո  շրջանավարտները կկարողանան ինքնուրույն և արդյունավետ կառավարել անձնական ֆինանսները։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close