ԿարևորՀասարակություն

«Կարող եմ սքրինշոթը ցույց տալ»․ ո՞վ է ստում` պարետն ընդդեմ Աժ փոխնախագահի

Այսօր ամենայն հավանականությամբ խորհրդարանը վերջին անգամ ՀՀ տարածքում երկարաձգեց արտակարգ դրությունը։ Առաջիկայում խնդրին տրվելու են այլ լուծումներ՝ համաճարակային իրավիճակը վերահսկելի պահելու համար։

Թեև խորհրդարանում դեռ չի ստեղծվել Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության քննիչ հանձնաժողով, որի համար անհրաժեշտ ստորագրությունն արդեն հավաքվել, բայց փոխվարչապետ և պարետ Տիգրան Ավինյանը ստիպված էր այսօր ԱԺ ամբիոնի մոտ անցկացնել մի քանի ժամ։ 35 պատգամավոր հարցեր ունեին նրան։ Որոշ դեպքերում խոսքը նաև պատասխանատվության մասին է եղել։   

 «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» նախաձեռնությամբ այսօր հանդես է եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Աժ նախագահին արդեն ուղարկել են համապատասխան գրությունը։ «Լուսավորականները» պնդում են, որ արտակարգ դրությունը  երկրի բոլոր ոլորտներին վնաս է հասցնում և այլ լուծումներ են առաջարկում։ Կարծում են, որ ողջամիտ սահմանափակումները կարելի է պահպանել առանձին օրենքներում փոփոխություններով։ Այս հարցում թերևս կհամընկնեն ԼՀԿ–ի և իշխանության քայլերը։

Նման հնարավորության մասին ուղիղ մեկ ամիս առաջ խոսել է նաև կառավարությունը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավանական է համարում, որ այսուհետ համաճարակային իրավիճակը վերահսկվի հենց այդ տարբերակով։

«Օրենքի նախագծերի վերջնականացված տեսքն արդեն ունենք և, երբ ես ասում եմ, որ արտակարգ դրությունը ենթադրաբար այլևս չի երկարաձգվի, դա այն նախապայմանն ունի, որ օրենքի այդ նախագծերը Աժ–ն կքննարկի և համապատասխանաբար արդեն օրենքի կարգավորումներով արտակարգ իրավիճակները կառավարելու ռեժիմին կանցնենք»,- ասաց Ավինյանը։

Օգոստոսի վերջ կամ սեպտեմբերի սկիզբ․ այս ժամկետներն է նշում փոխվարչապետը՝ համապատասխան օրենքների փոփոխություններն ԱԺ–ում քննարկման ներկայացնելու համար։ Այսքանով, կարելի է ասել, կավարտվի «Լուսավոր Հայաստան–կառավարություն» փոխըմբռնումը։ ԱԺ–ում երկրորդ ընդդիմադիր ուժը օրեր առաջ ազդարարեց «բուռն աշնան» մասին։ ԼՀԿ–ի առաջիկա քայլերը խորհրդարանում մի քանի ուղղությամբ են լինելու։

Էդմոն Մարուքյան․ «Բուռն աշուն է սպասվում գոնե «Լուսավոր Հայաստան»–ի համար, որովհետև երկու մեծ նախաձեռնություններ ունենք։ Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության քննիչ հանձնաժողովի հարցը վերջնական լուծում կստանա սեպտեմբերին։ Սա մեկ՝ մեծ քաղաքական քայլ է և կարևոր և երկրորդը՝ էլի սեպտեմբերին քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը կրթության բնագավառում վերջին երկու տարիների ընթացքում պետական քաղաքականության և բարեփոխումների մասին։ Սրա հետ կապված` անընդհատ ծանրաբեռնվում են թեմաները։ Հիմա տեսնում ենք բուհ-եր չընդունված երիտասարդների խնդիրները կամ նոր ծրագիրը հայ գրականության հետ կապված, էլի մի շարք խնդիրներ»։

ԼՀԿ–ում արդեն այս պահին չեն բացառում, որ հարցապնդման քննարկումից հետո բարձրացնելու են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը։  

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը վերջին շրջանում այդպես էլ ավարտին չհասցրեցին իրենց նախաձեռնություններից մեկը, երբ պատրաստվում էին Սահմանադրական դատարանում վիճարկել արտակարգ դրության ժամանակ հավաքների սահմանափակման հարցը։ Այսօր կառավարությունը հանեց հավաքների արգելքը և որոշեց․ հավաքների հետ կապված չկա քանակի և ժամային սահամանափակում։ Ընդամենը պահանջվում է համաճարակային կանոնները պահպանել՝ կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն։ Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության համար խորհրդարանական ընդդիմությունը որոշել էր պայքարել դեռ հունիսի 17–ին․ ՍԴ դիմելու համար ստորագրահավաք էին նախաձեռնել, բայց այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան։

Մինչ խորհրդարանում սեպտեմբերի կորոշվի Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության քննիչ հանձնաժողովի ստեղծման ճակատագիրը` «Բարգավաճ Հայաստան»- ից Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը փոխվարչապետ և պարետ Տիգրան Ավինյանից փորձում էր ճշտել պատասխանատվության հարցը՝ թե գրանցված մահերի, թե ստացված և ծախսած գումարների առումով։  

ՀՀ–ում մահացել են 1040 քաղաքացիներ և այս մահերի համար պետք է պատասխան տան։ Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը միասին վերցրած 1 միլիոն բնակչության շնչով, եթե համադրությամբ նայենք, ՀՀ–ն ամենավատ ցուցանիշն է արձանագրել։

Ես որպես պարետ պատասխանատու եմ այն բոլոր որոշումների համար, որոնք կայացրել եմ, և ես որպես պարետ պատասխանատու եմ այն ամբողջ ծավալով, որ ծավալով պատասխանատվությունը ինձ վրա դրված է եղել։ Երբ գա հարցերին պատասխանելու ժամանակը, կարծում եմ` բոլոր հարցերին պատասխանները կտամ։

ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվել է 92 միլիոն ԱՄՆ դոլար, ՌԴ կողմից է աջակցություն ցուցաբերվել, Արժույթի միջազգային հիմնադրամը ավելացրել է ՀՀ–ին տրամադրվող գումարը մինչև 280 միլիոն դոլար, ԱՄՆ՝ 2.7 միլիոն դոլար, Նիդեռլանդներ և այսպես շարունակ։ Պարոն Ավինյան, այս գումարները ի՞նչ է արվել։

Պարոն Էնֆիաջյան, դուք հարցում եք ուղարկել կառավարություն։ Ես Ձեր հարցման պատասխանը մանրամասն դեռևս նախորդ նիստին` Աժ` այդ օրվա դրությամբ արդեն ստացած եք եղել։

Չեմ ստացել։

Կարող եմ սքրինշոթը բացեմ, ցույց տամ, տեսնեք, որ ստացել եք։

Պարետի պնդմամբ՝ համավարակի առաջին օրվանից կառավարությունը որդեգրել է թափանցիկ աշխատելու սկզբունքը, բայց ամեն դեպքում ճիշտ է համարում՝ հատկապես այլ երկրների հետ համեմատական տվյալները քննարկել այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում համավարակը հաղթահարված համարվի։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close