ԿարևորՄիջազգային

Լուկաշենկոյի 30-ամյա կառավարումն այլևս Բելառուսի հետխորհրդային սերնդի սրտով չէ

Անցած գիշեր բողոքի ցույցերն ու բախումները Մինսկի և բելառուսական մի շարք քաղաքների փողոցներում շարունակվել են։ Քվեարկությունից հետո երրորդ գիշերը դրանք տեղափոխվել են Մինսկի ծայրամասեր, քանի որ կենտրոնական փողոցներն արգելափակված են ՕՄՈՆ-ի ուժերի կողմից։ Բողոքի ակցիաների համակարգումը կանխելու նպատակով իշխանությունները գրեթե ամբողջությամբ արգելափակել են մայրաքաղաքում գործող ինտերնետ պրովայդերների աշխատանքը։ Սակայն, ինչպես և նախորդ երկու օրերին, անցած գիշեր ևս ցույցերը կազմակերպվել են սոցիալական ցանցերի միջոցով։

Հատված Ռադիոլուրի 18․00-ի թողարկումից

Բողոքի գործողությունը ցրելու նպատակով Բելառուսի ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Ընդ որում՝ բիրտ ուժի կիրառմամբ ուժայինները ոչ միայն, «պատժիչ» գործողություններ են իրականացրել ցուցարարների նկատմամբ, այլև փորձել են վախի մթնոլորտ ստեղծել: Ինչպես երևում է համացանցում զետեղված բազմաթիվ տեսանյութերից՝ մոտենալով մարդկանց հարվածել են նրանց ռետինե մահակներով, ռետինե փամփուշտներով կրակել անգամ պատշգամից դուրս նայող քաղաքացիների վրա։

Ցույցերի ընթացքում տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել, հատուկ ջոկատայինները ուժ են կիրառել նաև ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Այս պահին տարբեր տվյալներով կա մոտ հինգ հազար բերման ենթակված։

 «Այս ցույցերի պատճառն այն է, որ իշխանությունը հրաժարվում է լսել իր քաղաքացիներին։ Տեղի ունեցող իրադարձությունների համար  պատասխանատվություն է կրում իշխանությունը իշխանությունն է պատասխանատու իր քաղաքացիների անվտանգության համար»,- այսօր նշել է Բելառուսի ընդդիմադիր շտաբի ներկայացուցիչ Մարիա Կոլեսնիկովան։

Բելառուսական ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որը չի ընդունել օգոստոսի 9-ի ընտրությունների արդյունքները և ճնշման տակ լքել է Բելառուսն ու ապաստանել Լիտվայում, կոչ է արել իր կողմնակիցներին և ոստիկաններին զերծ մնալ բռնության կիրառումից։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը երեկ երեկոյան Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բելառուսի նախագահական ընտրություններում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցը այս պահին գտնվում է պաշտոնական Վիլնյուսի տրամադրած բնակարանում՝ Լիտվայի կառավարության հյուրի կարգավիճակում։ Պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ Սվետլանա Տիխանովսկայան մոտ ապագայում հանդես կգա հայտարարությամբ։

Քաղաքական փորձագետ, վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցող բողոքի ցույցերին հատկանշական է համարում, որ ոտքի է ելել հատկապես երիտասարդ սերունդը։

«Սերունդը, որը 26 տարի բացի Լուկաշենկոյից այլ բան չի տեսել, այսօր ոտքի է կանգնել ու ասում է՝ բավական է։ Եվ Ռուսաստանի անուն չեն տալիս ոչ կողմ ոչ դեմ։ Այսօր Բելառուսում խոսում են մի բանի մասին՝ բավական է, գնա, «уходи!»,- Հանրային ռադիոյի եթերում նշում է Մեհրաբյանը։

Պաշտոնական տվյալներով ձայների ավելի քան 80 տոկոսը հավաքած  Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա երկրում հեղափոխություն տեղի ունենա ու երրորդ երկների ականջներ է փնտրում ցույցերի հետևում։

Զանգվածային բողոքի գործողությունները նույնպես դադարելու միտում չունեն։ Դեռևս դժվար է ասել՝ կնախանշեն դրանք արդյոք Բելառուսում նոր քաղաքական դարաշրջանի մեկնարկը թե ոչ, բայց արդեն ակնհայտ է․ Լուկաշենկոյի գրեթե երեսնամյա կառավարումն այլևս Բելառուսի հետխորհրդային սերնդի սրտով չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close