ԿարևորՔաղաքական

Սևրի պայմանագիրը պատմական փաստ է, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել. Նաղդալյան

Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում «այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ», իր մեկնաբանության մեջ նշում է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության` զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը «առիթը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում նույն Օսմանյան կայսրության կողմից մի շարք պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության հետ կնքված Սևրի պայմանագրի հիշատակումից»:

Աննա Նաղդալյանը շեշտում է` Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել:

«Թուրքիան, խուսափելով առերեսվել իր անցյալի հետ և ուրիշներին կոչ անելով ‹‹պատմությունից թշնամանքի փոխարեն դասեր քաղել››, շարունակում է Հայոց ցեղասպանությունն արդարացնելու և հայ ժողովրդին նոր ոճրագործություններով սպառնալու ավանդական քաղաքականությունը:

Թուրքիայի կողմից մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, Հայաստանի հանդեպ որդեգրած ռազմատենչ կեցվածքը հարևան տարածաշրջաններն ապակայունացնելու Թուրքիայի ներկա կառավարության ծավալապաշտական քաղաքականության մասն են կազմում:

Միայն այդ քաղաքականության վերանայումը և Թուրքիայի կողմից անցյալի հետ առերեսվելու կարողությունը ճանապարհ կհարթեն մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտության համար», — ասված է Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ:

Back to top button