ԿարևորՔաղաքական

«Մարտի 1»–ի գործը «ձգձգելու» փոխադարձ մեղադրանքներ․ հաջորդ նիստը՝ սեպտեմբերին

«Մարտի 1–ին» առնչվող Քոչարյանի և մյուսների դատական նիստը այսօր հերթական անգամ հետաձգվել է, ինչը պատճառ է դարձել, որ կողմերն արդեն բարձրաձայն սկսեն խոսել միտումնավոր ձգձգումների մասին։

Մի քանի օրից լրանում է ուղիղ մեկ տարին, ինչ այս քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

Այս ընթացքում, սակայն, դատարանն այդպես էլ չի անցել գործի բուն դատաքննությանը։ Մեկ տարին սպառվել է կողմերի՝ տարբեր տեսակի միջնորդությունների քննարկման համար։  

«Մարտի 1–ին» առնչվող Քոչարյանի և մյուսների դատական նիստի մասնակիցները օգոստոս ամիսը կանցկացնեն դատարանի պատերից հեռու։ Քրեական այս գործով դատական նիստերը կվերսկսվեն սեպտեմբերի 8–ից, որոշեց դատավոր Աննա Դանիբեկյանը։ Մարտի 1–ի դեպքերից տուժողների իրավահաջորդների կողմը սկսեց խոսել «պայմանավորվածությունների» և «ձգձգումների» մասին։

Փաստաբան Սեդա Սաֆարյան․

-Այս բոլորը խոսում է այն մասին, որ այս նիստը հետաձգելու ակնհայտ՝ առերևույթ օրենքի տառին համաձայնեցնելով, բայց իրականում պայմանավորվածության արդյունքում այս նիստերի տեղի չունենալու և մեղադրական եզրակացությունը չհրապարակելու ուղղակի դիտավորությամբ գտնում եմ, որ պաշտպանության կողմը կուլիսների հետևում  նախաձեռնում է այս կարգի գործողություններ, որի արդյունքում մենք պարբերաբար ունենալու ենք այսպիսի դեպքեր։ Միջոց ձեռնարկեք այս խնդիրը լուծելու համար։

-Ի՞նչ միջոցների մասին է խոսքը։

-Դուք որոշեք՝ ինչ միջոցներ ձեռնարկեք, Դուք տեսնում եք, որ անվերջ խնդիրներ են սարքում դատարանում դատական նիստը հետաձգելու համար։

Դատարանն իր քայլով փորձել է ապահովել անձի՝ պաշտպանված լինելու իրավունքը։ «Հանկարծակի պատճառներ» հիմնավորմամբ այսօրվա դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպանը, իսկ ամբաստանյալ Արմեն Գևորգյանն ընդհանրապես մնացել է առանց պաշտպանի մինչև սեպտեմբերի 1–ը։ Երկու պաշտպաններից մեկի ծառայություններից հրաժարվել էր օգոստոսի 5–ին, իսկ մյուս պաշտպանը մեկնում է արձակուրդ։

Այստեղ արդեն տեղի տվեցին «մարտի 1–ի» իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի նյարդերը․

«Հարգելի դատարան, ես տեսնում եմ 8 փաստաբան։ Եթե ամեն մեկը մեկ ամսով գնա արձակուրդ դա կտևի 8 ամիս։ Ես տեսնում եմ, որ բոլորը պայքարում են մեկի համար, մեկը՝ բոլորի համար։ Չկա Միհրան Պողոսյանը, խնդրեմ՝ 7–8 փաստաբան կա, թող պաշտպանեն իրենց շահերը։ Այսքան բան»։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից ոչ մեկը մինչ այս պահը արձակուրդ չի գնացել՝ հաստատում է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա նույնպես խոսում է ձգձգումների մասին, բայց սլաքներն այլ ուղղությամբ է տանում։

«Իրականում դատական պրոցեսի այսպես կոչված ձգձգման հիմնական մեղավորը հենց Դատախազությունն ու ՀՔԾ–ն են մի պարզ պատճառով, որովհետև պատկերացրեք, 80 հատոր գործ են ուղարկել դատարան, այն պարագում, որ արդեն 100 հատոր է դարձել այս ժամանակահատվածում։ Երկրորդը՝ դուք տեսել եք դատական նիստերի չկայացման հետ կապված պատկերը։ Մարտ–ապրիլին մենք ի՞նչ իրավիճակում էինք հայտնվել , մենք փաստացի որևէ տեղեկություն դատավորի մասին չունեինք։ Հիմա այս պայմաններում ո՞ւմ են փորձում շահարկել այդ «ձգձգել» բառը։ Ես կարծում եմ, առհասարակ նման բան գոյություն չունի։ Եթե խնդիրը նրանում է, որ պետք է ինչ որ կայծակնային արագությամբ վճիռներ, որոշումներ լինեն՝ չկա նման գործ։ Դուք կարող եք նայել նաև աշխարհի պրակտիկան։ Եթե խոսքը մեծ քրեական գործի մասին է, այն տևելու է մեծ քանակությամբ ժամկետ»։  

Որպես խնդրի լուծում առաջարկվեց  առանց փաստաբանների մնացած ամբաստանյալներին ապահովել հանրային պաշտպաններով, այսպես ասենք՝ «ռեզերվային» տարբերակ, որ դատավարությունը պարբերաբար չընդհատվի։ Այս տարբերակին դեմ է ամբաստանյալ Արմեն Գևորգյանը։ Նա կարծում է, որ դրանով խախտվում է իր երրորդ իրավունքը՝ գույքի վրա դրված կալանքին և տեղաշարժի սահմանափակմանը կավելանա նաև պաշտպանվելու իրավունքի ոտնահարումը։ Նա չի ցանկանում ունենալ երկրորդ փաստաբան, այն էլ՝ հանրային։  Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը բացատրում է՝ զուտ հոգեբանական խնդիր կա այստեղ՝ վարձած փաստաբանին ավելի շատ են վստահում, իսկ հանրային պաշտպանին կարող են ամեն ինչ չպատմել։

Back to top button