ԿարևորՀասարակություն

Տավուշյան ծանր օրերը պետք է սկիզբ դառնան ապագա վերելքի. ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին, առկա խնդիրներին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

Նախագահն ուրախությամբ է արձանագրել, որ կորոնավիրուսի համավարակի կորն արդեն իջնում է, և հույս հայտնել, որ այն կշարունակի գնալ ներքև.

«Համաձայն եմ Ձեր հայտարարությունների հետ, որ ոչ մի դեպքում ոգևորվել չի կարելի, որովհետև բնակչության մի մեծ զանգված դեռևս չի հանդիպել վիրուսին, և եթե հանդիպի, արդյունքը նորից համավարակի վերադարձ է լինելու։ Որոշ երկրներում դա անվանվում է երկրորդ ալիք, գուցե մեկ այլ տեղ երրորդ ալիք լինի։ Ձեզ հետ համաձայն եմ, որ հակահամաճարակային կանոնները պետք է շատ խիստ ձևով պահպանենք՝ և՛ հիգիենան, և՛ սոցիալական հեռավորությունը, և՛ կարգ ու կանոնը»։

Վարչապետը շեշտել է. «Երբ հետահայաց նայենք` ինչ տեղի ունեցավ, ապրիլի վերջին արձանագրեցինք, որ չնայած խիստ սահմանափակումներին՝ կարողանում ենք երևացող հատվածներում այդ սահմանափակումներն առերևույթ պահել, բայց հակահամաճարակային պրոցեսները տեղի են ունենում ետնաբեմում՝ բակերում, շքամուտքերում: Մենք արձանագրեցինք երկու բան, որ սահմանափակումները չեն բերում մեզ համար ցանկալի արդյունքի և երկրորդը՝ ապրիլին մենք 70.000 աշխատատեղ կորցրեցինք:

Նաև տարածաշրջանային լարված վիճակը. ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին՝ կորոնավիրուսի պայմաններում համընդհանուր հրադադարի իրավիճակ ստեղծել, մեզ համար տեսանելի էր ադրբեջանական կողմի ռազմական հռետորաբանության զարգացումը և ինձ համար միանշանակ էր, որ հնարավոր էսկալացիան երկիրը չեր կարող դիմավորել, այսպես ասած, քնած վիճակում»:

Ըստ նրա` հունիսի տվյալներով 50.000 աշխատատեղ վերականգնվեց, իսկ հուլիսի տվյալներով՝ մենք ունեինք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի փոքր նույնիսկ ավելի թվով աշխատատեղեր. «Ցավոք, մենք այսօր կորոնավիրուսի հետևանքով մեծ թվով զոհեր ունենք և այո Դուք ճիշտ եք, մենք հիմա կորի շարունակական շատ լուրջ անկում ենք արձանագրում, բայց մեր ամենօրյա մահերի թիվը դեռևս չի նվազում, չի զրոյանում, և սա նախորդից եկած պրոցեսի հետևանք է: Ցավալին հենց այս փաստն է, որ 800-ից ավելի մահվան դեպքեր ունենք, եթե ճիշտ եմ հիշում այսօրվա թիվը: Բայց այսօր էլ հակառակ պրոցեսն է գնում, հիվանդանոցները կոնսերվացնում ենք, նաև ասում, որ ոչ մի երաշխիք չկա, որ կրկին մեր անհատական վարքագծի հետևանքով այդ թվերը չեն բարձրանա:

Բայց այսօր շանս ունենք ի վերջո աշնանը գլոբալ առումով ամենալավ վիճակն ունենալ, որովհետև հիմա տեսնում ենք, որ աշխարհում կան երկրներ, որոնք պաշտոնապես հայտարարել էին, թե հաղթահարել են կորոնավիրուսը, բայց ստիպված են վերադառնալ ամենախիստ սահմանափակումների տրամաբանությանը»:

Ինչ վերաբերում է սահմանին կատարված իրադարձություններին, նախագահը նշել է, որ մի քանի օր առաջ Տավուշում էր, հենց Չինարի գյուղում, սահմանի վրա, և իրեն շատ է ուրախացրել մարդկանց ոգին. «Ես կարծում եմ, որ այս ծանր օրերը նաև պետք է սկիզբը դառնան ապագա վերելքի, և այդ վերելքի հիմքը պետք է այսօր դնենք։ Ես հույս ունեմ, որ Հայաստանն, օգտագործելով իրեն բնորոշ առանձնահատկությունները և առավելությունները, կկարողանա հաղթահարել դժվարությունները, և մենք կկարողանանք հասնել նոր բարձունքի»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ի՞նչ տեղի ունեցավ Տավուշում, դա Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիա էր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: «Բայց շատ կարևոր է արձանագրել, որ այն ռազմական հռետորաբանությունը, որը երկար տարիներ Ադրբեջանի ղեկավարությունը զարգացնում էր, և այսպիսի քարոզչական միֆ էր ստեղծել, թե ադրբեջանական բանակն ունի առավելություն Հայոց բանակի նկատմամբ ու կարող է շատ արագ ցանկացած հարց լուծել, շատ կարճ և տեղային միջադեպի ընթացքում այդ առասպելն ամբողջությամբ փլուզվեց, ինչն իմ կարծիքով՝ մեր տարածաշրջանում բոլորովին նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծում: Սա մեծ հաշվով ամրապնդում է Հայաստանի, թույլ տվեք ասել, ավանդական դիրքորոշումը: Իսկ այդ ավանդական դիրքորոշումն այստեղ՝ Հայաստանի բոլոր իշխանությունների ու կառավարությունների կողմից ամբողջությամբ պահվել է. Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով: Այսինքն, դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել:

Հայաստանի զինված ուժերը պատրաստ են պահպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանները և ուրախ եմ արձանագրել, որ այն հսկայական բարեփոխումները, որոնք վերջին երկուսուկես տարվա ընթացքում տեղի են ունեցել Զինված ուժերում և որը եղել է մեր կառավարության առաջնահերթությունների առաջնահերթությունը՝ տվել է իր արդյունքը: Եվ ուրախ եմ, որ այդտեղ ժամանակը չի վատնվել, չի կորցվել, և մենք կարողացել ենք կոնկրետ արդյունքներ արձանագրել», — ասել է վարչապետը:

Back to top button