ԿարևորՀասարակություն

Վարձե՞լ բնակարան․ մարզաբնակ ուսանողները՝ երկընտրանքի առաջ

Լուսինե Մհերյանը ուսանող է։ 20 օրից՝ 2-րդ կուրսեցի։
Ըստ սցենարի՝ հիմա պիտի մտածեր «Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա» ֆակուլտետի ուսումնական ծրագրի, ուսանողական կյանքի և դրա ատրիբուտների մասին։

Սակայն ինքը Գյումրիում է, համալսարանը՝ Երևանում։ Միայն մի բանի մասին է մտածում՝ Երևանում տուն վարձել պե՞տք է, համալսարան գալո՞ւ է, թե՞ դասերը կրկին հեռավար են անցկացվելու։

Լուսինեն նախորդ տարի հարմար բնակարան գտնելու համար 3 ամիս է ծախսել․ «Սկզբում կայքերով էինք նայում, հետո մայրս սկսեց համալսարանի հարակից շենքերիում փնտրել։ Այդպես էլ գտանք բնակարանը, որտեղ ապրում էի»։

Բնակարանում ապրեց վեց ամիս։ Հետո Կորոնավիրուսյան ճգնաժամը փոխեց ուսումնական գործընթացի մոդելը, զուգահեռ` նաև Լուսինեի երևանյան կյանքը․ բնակարանը հանձնեց ու վերադարձավ Գյումրի։

Այսօր արդեն Լուսինեն և մյուս մարզաբնակ ուսանողները անորոշ վիճակում են․ եթե դասերը անցկացվեն ավանդական տարբերակով՝ համալսարանի լսարաններում, չեն հասցնի Երևանում բնակարան վարձել․ «Ամենաքիչը մեկ ամիս առաջ պիտի ասեն, թե սեպտեմբերին ինչ է լինելու, որ հասցնենք տուն գտնել, որոշենք՝ ում հետ ենք մնալու»։

Ասողը պարետատունն է, որը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հետ համատեղ դեռևս քննարկումներ է անցկացնում, իրավիճակին ամենահարմար մոդելներն ուսումնասիրում։

«Քննարկումները եզրափակիչ փուլ են մտնում և ամենաուշը կառավարության  նիստի օրը՝ այս հինգշաբթի, պարզ կլինի, թե  ինչպես են գործելու դպրոցները և բուհ-երը»,- նշում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Արայիկ Հարությունյանը ևս տեղեկացնում է, որ բուհերի դասերի անցկացման կարգի վերաբերյալ որոշումը պարզ կդառնա հաջորդ շաբաթվա ընթացքում։

«Չեմ պատկերացնում, թե ինչ եմ անում։ Հնարավոր է՝ սկզբի հատվածում մնամ քրոջս տանը»,- նշում է Լուսինեն և հավելում՝ որոշման այսքան ուշանալը կարող է առաջիկայում բերել նաև ֆինանսական խնդիրների․ «Եթե քիչ լինի ժամանակը, ապա գուցե չկարողանամ մատչելի գնով բնակարան գտնել։Այդ դեպքում ֆինանսական դժվարություններ կառաջանան»։

Նման իրավիճակներում կարող են փրկության տարբերակ դառնալ համալսարանների հանրակացարանները։ ԵՊՀ հանարակացարանն, օրինակ, կարող է ընդունել շուրջ 330 ուսանող։

«Հանրակացարանը պատրաստ է ուսանողների տեղավորմանը։ Կարող են այսօր հայտը տալ, վաղը պայմանագիրը կնքենք, մյուս օրը տեղափոխվեն բնակվելու»,- նշում է ԵՊՀ պրոռեկտոր Արման Մալխասյանը։

«Գիտեմ, որ մեզ ուղղակի ժամանակ է պետք։ Էս պայմաններում պետությունը պետք է օրինակ հանրակացարաններում անվճար տեղեր հատկացնի, մինչեւ գտնենք բնակարաններ»,- Լուսինեի ցանկությունն է, բայց առանձնապես հույսեր չունի։

Ամեն դեպքում List.am կայքում դեռևս բնակարան է փնտրում, նշումներ անում։
Գիտի՝ երբ որոշեն վերադառնալ ավանդական դասապրոցեսին, մարզաբնակ ուսանողների մեջ բնակարանի ձեռքբերման իսկական մրցավազք է սկսվելու։
Դրան պետք է պատրաստվել այսօրվանից։

Back to top button