ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսից հետո․ ինչը կմնա հեռավար համակարգից առկա ուսուցման մեջ

Դիանա Մարգարյանն այս տարի Երևանի պետական համալսարանը հեռավար ավարտեց․ օնյալն հարթակում պաշտպանել է դիպլոմային աշխատանքը, առանց հանդիսության ու դիմակով էլ ստացել դիպլոմը։ Չնայած Դիանայի համար սա համալսարանն ավարտելու ամենացանկալի տարբերակը չէր, բայց նա արդեն հիմա վերլուծում ու նկատում է նաև առավելությունները։

 «Պատկերացնում եմ` կանգնած լինես մենակ ու ամբիոնի առաջ, քո առջև նստած լինեն դասախոսները, ուկնդիրները․․․ բայց այս դեպքում դու ընդամենը տեսնում ես էկրանից այն կողմ մի քանի հոգի, այն էլ վիդեո տարբերակով։ Այս դեպքում, իհարկե, լարվածությունն է քչանում, և պաշտպանությունն անցավ ավելի հանգիստ, քան կարող էր լինել»,-ասում է Դիանան։

Դիանան արդեն ավարտել է, իսկ մյուս ուսանողները դեռ շարունակում են սպասել որոշմանը․ դասերը կսկսվեն լսարանո՞ւմ, թե՞ ZOOM հարթակում։ Կրթության նախարարն ասել է, որ բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով վերջնական որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

Արաքսյա Վարդանյանը ապագա բժիշկ է Բժշկական համալսարանի արդեն 5-րդ կուրսի ուսանող։ Նախորդ կիսամյակի ընթացքում տեսական նյութը լավ է յուրացրել, բայց վստահ է` առանց գործնական պարապունքների, հիվանդանոցային այցերի բժիշկ դառնալ հնարավոր չէ։

«Իհարկե, նյութը յուրացվում է 80-90%-ով, բայց մեկ այլ բան է դասախոսը քեզ նայի, քեզ բացատրի, կողքից էլ ուսանողները հարցեր տան և ավելի լավ յուրացվի նյութը, մեկ այլ բան է հեռավար դասապրոցեսը»,- նշում է Արաքսյա Վարդանյանը։

Երևանի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը պատմում  է հեռավար ուսուցման պարագայում ամենադժվար խնդիրները եղել են բնագիտական մասնագիտությունների դեպքում․ սկզբում գրեթե անհնար էր կազմակերպել լաբերատոր պարապմունքները կամ մասնագիտական պրակտիկաները։

 «Այս խնդիրը մենք արդեն լուծել ենք և պատրաստել ենք առցանց պրակտիկայի կարգ։ Իհարկե, սա բավականին հետաքրքիր է հնչում, քանի որ մեր կարծրատիպային պատկերացմամբ` պրակտիկան չի կարող լինել առցանց, բայց այս ամիսների փորձը ցույց տվեց, որ, եթե հնարավոր է աշխատել առցանց, ապա ուսանողը ևս կարող է առցանց պրակտիկա անցնել»,– ասում է պրոռեկտոր Էլինա Ասրիյանը։

Էլինան ապագա PR մասնագետ է ու մասնագիտությանը հատուկ կերպով մեզ ներկայացնում է հեռավար կրթության դրական կողմերը, սակայն որպես ակտիվ ուսանող հույս ունի` օր առաջ վերադառնալ համալսարան։

«Ավելի ստեղծագործական ու նորարարական բնույթ է կրում հեռավար կրթությունը։ Շատ զավեշտալի դեպքեր են եղել․ պատահում էր, որ դասախոսը պատմում–պատմում էր հետո պարզվում էր, որ իր ձայնը չի լսվում կամ ուսանողը պատասխանում էր թեման` հետո դասախոսն ասում էր, որ ոչինչ չի լսել»,- նշում է Էլիանան։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Արփի Բարսեղյանը պատմում է, որ այս ընթացքում լուծվել է ամենակարևոր խնդիրներից մեկը, որը իրենց հետ է եղել ամբողջ ուսումնառության ընթացքում։

«Հեռավար կրթությունը շատ արդյունավետ էր գրքերի տեսանկյունից։ Նախկինում շատ ուսանողների համար խնդիր էր այս կամ այն գիրքը գտնելը, իսկ հիմա դու դա կարող ես պարզապես բացել քո համակարգչի էկրանին և հանգիստ մասնակցել դասերին»,- ասում է Արփին։

Նոր խնդիրներով ու լուծումներով կրթության նոր անիվը շարունակում է առաջ գնալ և թվում է այլևս հետդարձի ճանապարհ չկա։ Արաքսյա Վարդանյանը ասում է, որ փոխվել են իր պատկերացումները ապագա կրթության վերաբերյալ։

«Հետագայում ճիշտն ասած ես մտածում եմ, որ առկա ուսուցման ընթացքում յուրացված նյութը կարելի է հատուկ օրերի ընթացքում հեռավար քննարկել դասախոսի հետ»,- նշում է Արաքսյան։

ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, դասախոս Սիլվա Պետրոսյանը պատմում է այս շրջանի հաջողությունների մասին և նշում, որ հետադարձ կապը ուսանողների հետ նույնպես հաջողվել է։

«Ֆիզիկական լսարանի դեպքում երբեմն հնարավոր չէ ներկայացված նյութի վերաբերյալ լսել բոլորի կարծիքները, իսկ առցանց հարթակները հնարավորություն են տալիս դասախոսին միանգամից էկրանի վրա տեսնել բոլորի կարծիքներն ու պատասխանները»,- ասում է Սիլվա Պետրոսյանը։

Տիկին Պետրոսյանը փաստում է, որ ոչինչ չի կարող փոխարինել ֆիզիկական համագործակցությանն ու ֆիզիկական խմբային աշխատանքին։ Նրա կարծիքով` անկախ ապագայի վերաբերյալ նախարարի և պարետատան որոշումից, այս ընթացքում ձեռք բերած հմտությունները պետք է տանել մեզ հետ և կիրառել հետագայում։

«Մեր կրթության ապագան այլևս չի լինելու միայն լսարանային կամ միայն հեռավար․ դա լինելու է այս երկուսի համամասնություն։ Արդյունքում տարբեր մասնագիրություններ և ֆակուլտետներ իրենք կգտնեն ավելի հարմար տարբերակները ու մենք կստանանք նոր տիպի դասընթացներ»,- նշում է դասախոսը։

Դիանան արդեն ավարտել է ուսումնառությունը, Արփին, Էլինան և Արաքսն էլ շարունակում են սպասել, նեղսրտած ասում են․գոնե հասցնեն վայելել համալսարանական ջերմությունը։ Բա ինչ ասեն առաջին կուրսեցիները, որոնք հնարավոր է հենց օնլայն ZOOM-ից մուտք գործեն համալսարանական կյանք։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close