ԿարևորՎերլուծական

Լիբանանում սպասե՞լ արտահերթ խորհրդարանական ընտրությունների

Լիբանանի կառավարությունը երեկ հրաժարական   տվեց։ Արդեն նախկին վարչապետ Հասան Դիաբին  հույս է հայտնել, որ իր քայլով կկարողանա նոր դուռ բացել Լիբանանում ներքաղաքական խնդիրների կարգավորման համար։  Սակայն հասարակությունը պահանջում է նաև  խորհրդարանի լուծարումը։

Ճգնաժամ` ճգնաժամի մեջ։ Միջազգային լրատվամիջոցներն այսպես են բնութագրում Բեյրութի ավերիչ պայթյունից հետո ստեղծված իրավիճակը։

Մոտ մեկ տարի առաջ Լիբանանը ցնցեցին բազմահազար ցույցերը, որից հետո հրաժարական տվեց Սաադ Հարիրիի կառավարությունը։ Երեկ ուշ երեկոյան արդեն հրաժարական տվեց տասը ամիս առաջ ձեւավորված տեխնոկրատների նախարարական կաբինետը։

Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի  գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը չի բացառում, որ Հասան Դիաբի կառավարության հրաժարականը կազմակերպած  լինի հենց իշխանությունը՝ ժողովրդի պոռթկումը ժամանակավորապես լռեցնելու համար։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու երեք ճանապարհ է տեսնում Սեւակ Հակոբյանը։ Առաջինը`  Հըզբոլահի ենթակայությամբ ձեւավորված կառավարությունն է։ Բայց այն ընդունելի չի լինի սունի աշխարհի համար։ 

«Երկրորդը՝  իշխանությունը  կկարողանա  համոզել  քաղաքական բոլոր կողմերին,  որ համերաշխության կառավարություն  ձևավորվի, ինչն էլ   այսօրվա դրությամբ  չի աշխատի, քանի որ  այսօրվա դրությամբ ընդդիմադիր  կողմը պահանջում է իշխանության  հրաժարականը։ Կա երրորդ տարբերակը, որը   ժողովրդի պահանջն է՝ բոլորովին անկախ կառավարություն կազմել, ինչն էլ, սակայն, Իրանը  Հզբոլահի միջոցով  չի ուզենա»,- ասաց Սևակ Հակոբյանը։

Իշխանության նկատմամբ առկա վստահության ճգնաժամը, ըստ Սևակ Հակոբյանի,  դժվար վերականգնվի, քանի որ  այն քաղաքական ուժերը, որոնք այսօր իշխանության մաս են կազմում, բնակչության համար ընդունելի չեն։ Վստահությունը կլինի այն դեպքում, երբ  ժողովուրդն արդար ընտրություններով նոր խորհրդարան ձեւավորի։  Կառավարության հրաժարականով հասարակությունը չի բավարարվում, նրանց պահանջն է նաև խորհրդարանի լուծարումը։  

Լիբանանահայ պատգամավորներից  Փոլա Յակուբյանը երեկ հայտարարեց իր մանդատը վայր դնելու մասին։  Նրա մամուլի գրասենյակի  պատասխանատու  Պայծիկ Քալաջյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ  Լիբանանում սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

«Խորհրդարանը, այո, լուծարված է։ Այդ ընթացքի մեջ է և հիմա հսկայական աշխատանք կտարվի այդ կապակցությամբ։ Լիբանանում սպասում են  արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- նշեց Պայծիկ Քալաջյանը։ 

Սա պետք է լիներ, քանի որ  նավահանգստի ավերիչ  պայթյունը  իշխանության անփութության  և բազմաթիվ դավադրությունների  արդյունք էր, խոսքը եզրափակեց    լիբանանահայ   պատգամավորի  մամուլի գրասենյակի պատասխանատուն։

Լիբանանահայ  մյուս պատգամավոր Հակոբ Բագրատունին հայտարարել էր, որ  հրաժարականները խնդիր չեն լուծի։ Նույնիսկ եթե որոշվի արտահերթ ընտրությունների  ժամկետ, դա պետք է լինի համալիբանանյան համախոհությամբ՝ բացառապես երկխոսության, խաղաղ բանակցությունների  արդյունքում պետք է  լուծվեն  խնդիրները, պատգամավորի խոսքը  մեջբերեց  Լիբանանի «Ազդակ» պարբերականի  գլխավոր  խմբագիր  Շահան Գանդահարյանը։  Նրա խոսքով՝  մինչ այս պահը պատգամավորական մանդատներից հրաժարվողների թիվը մեծ չէ և  խորհրդարանի լուծարումը,   հաշվի առնելով   օրինական  ընթացակարգը,  պարզ չէ։

«Բայց չի բացառվում, որ  խորհրդարանն ինքը որոշի արտահերթ ընտրություններ, եթե ճնշումները և՛ ներքին առումով, և՛ արտաքին առումով, շատանան»,- ասաց Շահան Գանդահարյանը։

Նոր ձևավորվող  կառավարությունը առաջինը  պետք է  կարողանա  շահի  միջազգային հանրության  վստահությունը, իր հերթին նշում է «Զարթօնք» հայկական  օրաթերթի  գլխավոր  խմբագիրը։ Ֆրանսիայի նախագահ  Էմանուել Մակրոնի՝ Բեյրութի այցի ժամանակ արված հայտարարությունը, որ  եվրոպական օգնությունները  չպետք է տնօրինեն Լիբանանի կառավարությունը կամ իշխանությունը, այլ՝  ուղղակի ժողովրդին պետք է հասնի, շատ դիպուկ էր, ասում է խմբագիրը, արձանագրելով, որ իշխանության նկատմամաբ վստահություն չկա։

Back to top button