ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Լիբանանը դատապարտված է ձուլման. նախկին դեսպանի հոռետեսական կանխատեսումները

Այն, ինչ կատարվեց Լիբանանում, ցավալի է, քանի որ ավելացան երկրում մինչ այս առկա դժվարություններն ու կատակլիզմները, ասում է Լիբանանում ՀՀ նախկին դեսպան Արման Նավասարդյանը։

Նա արձանագրում է, որ երկրուս տնտեսական ճգնաժամը տեւում է երեք տարուց ավելի եւ կատարվածը ավելի մեծ խնդիրներ է առաջացնում: «Անգամ հացի խնդիր կար այդ երկրում, իսկ հիմա ցորենի պահեսներն են անգամ այրվել: Գանձագողությունը, որ առկա է երկրում, խորթ էր տեղի բնակչությանը»:

Դիվանագետը Լիբանանում հավանական է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց կարծում է, որ դա էլ վիճակը չի փոխի, քանի որ «երկիրը հիվանդ է տնտեսապես, քաղաքականապես եւ հոգեբանական առումով»:

Այն, ինչ կատարվում է Լիբանանում, Մերձավոր Արեւելքի երկրներում տիրող վիճակի հայելանման պատկերն է, ասում է Արման Նավասարդյանը:

Լիբանանի վրա մեծ էր Սիրիայի ազդեցությունը։ Այժմ` սիրիական ճգնաժամի հետեւանքով գործող համակարգը փլուզվեց, դրան հաջորդեց ճգնաժամը, ապա սկսվեց արտագաղը, ստեղծված իրավիճակի առաջին պատճառն է թվարկում Արման Նավասարդյանը։

Երկրորդը` կրոնական խնդիրն է, կրոնական բախումներն առայսօր զգացնել են տալիս:

Առկա է նաեւ թյուրքական գործոնը, որը վերջին շրջանում զգալի դեր է խաղում լիբանանյան կյանքում։ «Երբ այնտեղ էի` մինչեւ 2001 թվականը, այդպիսի ներկայություն չունեին թուրքերն այնտեղ, Ադրբեջանն ընդհանրապես չկար»,- ասում է Լիբանանում ՀՀ նախկին դեսպանը։

Ըստ նրա` թուրքական ներկայությունն այնտեղ կայծի է սպասում, որ բորբոքվի:

Ի՞նչ ապագա է սպասվում Լիբանանին

«Լիբանանը միշտ էլ կռվախնձոր է եղել գերտերությունների միջեւ ու այսօր նաեւ Թուրքիայի պես ագրեսիվ ուժի ներկայությունը  լուրջ սպառնալիք է` լուրջ հետեւանքներով հղի»,- կարծում է Արման Նավասարդյանը:

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ավելի սրեց առկա անմխիթար վիճակը Լիբանանում: Ըստ դիվանագետի` Լիբանանը դատապարտված է ձուլման:  Լիբանանի պետականության գլխին մեծ վտանգ է կախված։

Ցուցադրել ավելի
Back to top button