ԿարևորՔաղաքական

«Սևրաֆոբիան» Թուրքիայում` ի պատասխան չկատարված պայմանագրի

Արդյո՞ք Հայաստանը իրական հնարավորություն ունի դառնալու 160.000 քառ.կմ և ելք ստանալ դեպի ծով, ի՞նչ հնարավորություններ կարող է Հայաստանին տալ «Սևրի պայմանագիրը» և ի՞նչ բարոյահոգեբանական հետք է այն թողել թուրք հասարակության վրա։ Այսօր լրանում է «Սևրի պայմանագրի» 100–ամյակը։ Փաստաթուղթ, որի համար գիտական շրջանակները շնորհավորում են հայ ժողովրդին, բայց գործնականում օգտագործելու հնարավորությունները և հեռանկարները դեռ քննարկում են։    

100 տարի առաջ կնքված «Սևրի պայմանագիրն» ունի հայկական հարցը լուծելու իրական ներուժ։ Դրա մասին վկայում են թեկուզ միայն Թուրքիայի կեցվածքը և վախերը։ Գիտական գրականության մեջ լայնորեն շրջանառվում է «Սևրի սինդրոմ» եզրույթը, որը վերջին՝ էրդողանական տարիներին ավելի է սրվել պետական և հասարական–քաղաքական տիրույթում։ Դրա մասին փաստող հարցումն է մեջբերում պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող Լևոն Հովսեփյանը․

«2018 թվականի Ստամբուլի Բիլգի համալսարանի իրականացրած սոցիոլոգիական հետազոտության համաձայն` հարցվածքների շուրջ 87%–ը նշել էր, որ եվրոպական պետությունները Օսմանյան կայսրության նման ցանկանում են մասնատել Թուրքիան, իսկ ավելի քան 73%–ը՝ ԵՄ կողմից Թուրքիային առաջադրված բարեփոխումները նմանեցրել են «Սևրի դաշնագրի» պահանջներին։ Կարող ենք ասել, որ մասնատման ախտանիշը կամ «սևրաֆոբիան» ունի հիմնականում հայկական և քրդական ուղղվածություն, ժամանակ առ ժամանակ՝ կախված գործընթացներից՝ նաև հունական։ Թուրքիայում առկա տարածքային մասնատման տագնապի պատճառը՝ մարդկության դեմ կատարած հանցագործության համար հնարավոր պատասխանատվության գիտակցումն է»,- ասաց Հովսեփյանը։

Ուղիղ 100 տարի առաջ հենց այս օրը առաջին համաշխարհային պատերազմից հետո հաղթած դաշնակից պետությունների միջև կնքված «Սևրի պայմանագիրը» կարող էր լուծել նաև  հայկական հարցը։ Պայմանագրի 88-93 րդ հոդվածները ուղիղ առնչվում էին Հայաստանին։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապինզոնի, Վանի և Բիթլիսի նահանգների մի մասը՝  90.000քառ.կմ ելքով դեպի Սև ծով։ Ընդհանուր հաշվարկով Հայաստանը կազմելու էր 160.000 քառ.կմ։ Հայ-թուրքական սահմանը, միացյալ և անկախ Հայաստանի քարտեզը իրավարար վճռով որոշել էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը։ Թեև Սևրի պայմանագիրը կյանքի չկոչվեց հիմնականում քեմալ–բոլշևիկյան պայմանավորվածությունների պատճառով, բայց գոյություն ունեցող փաստաթուղթը մինչ օրս անհանգստացնում է Թուրքիային։

Թուրք մեկնաբանները, հրապարակախոսները, գրողներն ու այլ մտավորականներն իրենք են մշտապես փաստել, որ թուրքական հասարակության մեջ իսկապես կա «սևրաֆոբիա» հասկացությունը, քանի որ սերունդները մեծացել են հենց այդ քարոզչության պայմաններում։ Արևելագիտության ինտիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ուշադրություն է հրավիրում օրեր առաջ տեղի ունեցած թուրքական նոր՝ քողարկված քարոզչությանը։  

«Սուրբ Սոֆիայի թանգարանը մզկիթի վերածելուց հետո առաջին նամազը տեղի ունեցավ այն նույն օրը, երբ ստորագրվել է Լոզանի պայմանագիրը։ Այսինքն՝ այն գաղափարը, որը ասում էր Էրդողանը, որ պետք է վերանայեն Լոզանը, որովհետև դրանով չեն հասել իրենց հիմնական նպատակներին, տարածքային առումով կորուստներ են ունեցել։ Ինքը սիմվոլիկ կերպով ցույց է տալիս, որ Թուրքիան գնում է առաջ և ուզում է իրականացնել տարածքային ձեռքբերումներ` ի հաշիվ հարևանների։ Սա է Թուրքիան։ Եվ սա վտանգ է ներկայացնում և մեզ համար, և հարևանների համար, և թուրք ժողովրդի համար»,- նշեց Սաֆրաստյանը։

«Սևրի պայմանագիրը» տարիներ շարունակ ուսումնասիրող և վերլուծող պատմաբանները այժմ քաղաքականության փոփոխություն են նկատում։ Մի կողմից միջազգային հանրությունն է փորձում սանձել Թուրքիայի հավակնությունները, մյուս կողմից Հայաստանը պետք է կանոնավոր աշխատի տարածաշրջանում Թուրքիայի իրական դերն ու նպատակը ցուցադրելու համար։ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան․

«Շատ ուրախալի է, որ գիտական հանրության ուշադրության կենտրոնում անընդհատ գտնվող այս շատ կարևոր շրջադարձային իրադարձությունը, ոչ միայն մնաց մեր մենաշնորհը, այլ՝ դարձավ մեր հասարակության սեփականությունը և այսօր շարունակում է մնալ մեր պահանջատիրության իրավաքաղաքական կարևորագույն հենքը, որի համար մենք որպես ժողովուրդ և պետություն պայքարելու ենք, որպեսզի հայոց ցեղասպանության դիմաց անպայմանորեն հասնենք հատուցման։ Այդ հատուցումը անպայման ոչ միայն  նյութական է, այլ նաև՝ տարածքային»,- ասաց Մելքոնյանը։  

«Սևրի պայմանագրի» մասին այսօր խոսել են ոչ միայն գիտնականները, այլև՝ Հայաստանի ղեկավարները։ Սիրիական հեղինակավոր «Ալ-Ազմենահ» թերթին տված բացառիկ հարցազրույցում հարցին անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել՝ նշելով․ «Ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը միջպետական հարաբերությունների նոր համակարգ էր ձևավորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժեքներ էր ներմուծում, ոչ միայն խաղաղություն, այլ նաև արդարություն էր հաստատում Առաջավոր Ասիայում»:

Վարչապետն ուշադրություն է հրավիրում, որ պայմանագիրը կազմվել էր ժամանակի առաջադեմ գաղափարների հիման վրա: Առանցքայինն այնտեղ ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքն էր: Այն վերջ էր դնում կայսրությունների պարտադրած դարավոր ստրկությանը և ազատություն ու անկախություն պարգևում տարածաշրջանի ժողովուրդներին:

«Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»,- եզրափակել է վարչապետը:

Back to top button