ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Մինսկում գտնվող Հայաստանի դիտորդ-պատգամավորները` Բելառուսի նախագահական ընտրությունների մասին

Այս պահին Մինսկն ապրում է բնականոն կյանքով, աշխատանքային եռուզեռ է, ամեն ինչ հանգիստ է, «Ռադիոլուրի հյուրասրահում» ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։ Նա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում միջազգային դիտորդի կարգավիճակով գտնվում է Բելառուսում:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում 2020 թվականի օգոստոսի 7-10-ը Մինսկ  (Բելառուսի Հանրապետություն) գործուղվել էին  Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը` «Իմ քայլը» խմբակցությունից  եւ Արմեն Եղիազարյանը` «Լուսավոր Հայաստանից»։

Ալեքսեյ Սանդիկովը նշեց, որ  ընտրողները բավականին ակտիվ  են եղել  և  մասնակիցների ցուցանիշը բարձր էր։ Ընտրությունների արդյունքը հարցականի դատ դնող խախտումներ ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել։ Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա Սանդիկովը նշեց, որ իրենց հյուրանոցը տեղակայված է Մինսկի փոքր կենտրոնում և  վաղ առավոտվանից տարածքում իրավապահները ուժեղացված ծառայություն էին իրականացվում:

Պատգամավորը նշեց, որ  իրենք  վտանգի տակ չեն դրել իրենց գործընկերներին ու գիշերը` ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների ժամանակ, դրսում չեն եղել։ 

ԱԺ պատգամավորների հետ տեսակապ չհաջողվաց հաստատել, քանի որ Բելառուսում ինտերնետ հասանելիության խնդիր կա։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը նշեց, որ իրենց համար պարզ չէ,  թե ինչո՞ւ է նման խնդիր առաջացել եւ արդյո՞ք կիբերհարձակում եղել է, թե՞ ոչ։

Պատգամավորը  նշեց, որ եթե իրենք որևէ խախտում էին նշում, պարզվում էր, որ դրանք չեն հակասում բելառուսական օրենսդրությանը, ընտրությունները եղել են  օրենքի տառին համապատասխան։

«Օրինակ` իրենց ընտրական օրենսգրքով խախտում չի համարվում, որ ընտրատեղամասի դիմաց կարող են սեղաններ փռեն, խորոված անեն, քաղցրավենիք  մատուցեն։ Ընտրությունները վերածում են տոնի»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով`այնտեղ հաստատված քվեարկության ձեւ չկա եւ յուրաքանչյուր  տեղամաս ինքն է որոշում, թե ինչպես պետք է այն անցկացվի։

«Օրինակ` տեղամասեր կային, որ բաց քվեարկություն  էր լինում։ Տեսախցիկներ չկային  տեղադրված։ Եղան դեպքեր, երբ քվեախցից դուրս էին գալիս բաց քվեաթերթիկը բաց։  Անզեն աչքով տեսանելի էր, թե մարդը ում օգտին  է քվեարկել։ Այսինքն` քվեաթերթիկը չէր դրվում ծրարի մեջ, քանի որ իրենց մոտ ծրարներ չկան, ինչպես մեզ մոտ, հետևաբար` դա խախտում չէր համարվում»։

Հարցին` հնարավո՞ր է բողոքի ակցիաները զանգվածային բնույթ կրեն՝պատգամավոր նշեց, որ դատելով այսօրվա խաղաղ իրավիճակից բողոքի ակցիաները կդադարեն։

«Այս պահին մենք շրջում ենք քաղաքում, չկան ոստիկանական մեքենաներ, ոչ մի լարում, ամեն ինչ բաց է, ինչպես եղել է քվեարկության  օրը»,- ասաց Արմեն Եղիազարյանը։

Բելառուսի ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ կիրակի օրը երկրում կայացած նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80,23 %-ը:

Back to top button