ԿարևորՀասարակություն

Հարուցվել է քրգործ լրագրողների և նախկին ոստիկանապետի միջև միջադեպի կապակցությամբ

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են իրավապահ մարմիններից ամենայն լրջությամբ քննության առնել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքը  խոչընդոտելու միջադեպը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել նրան։

Տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Վլադիմիր Գասպարյանն իր պաշտոնավարման տարիներին էլ աչքի էր ընկնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հանդուգն վերաբերմունքով, իսկ որոշ դեպքերում՝ նաև դաժանությամբ։

Շաբաթ օրը Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների մասին ռեպորտաժ պատրաստելիս Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը: Նա կվադրոցիկլը վարել էր լրագրողների ուղղությամբ, և ինչպես մեր գործընկերներն են պնդում, սպառնացել է վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», նաև հայհոյանքներով պահանջել է իր առանձնատունը ցույց չտալ։

«Ես միայն կարող եմ ասել, որ կատարում էինք մեր մասնագիտական պարտականությունը։ Մենք ներկայացնում էինք հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող թեմա, իսկ մնացածի գնահատականն արդեն կտան իրավապահները»,- Ռադիոլուրի հետ զրույցում նշեց «Ռոբերտ Զարգարյանը։

Նա նշեց, որ ակնկալում են իրավապահների համապատասխան  արձագանքը։

Արդեն ավելի ուշ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարություն տարածեց, որ պատրաստվում է  դատական հայց ներկայացնել  «Ազատություն»  ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ կապված։

«Ռադիոլուրը» փորձեց կապ հաստատել Տիգրան Աթանեսյանի հետ, սակայն  վերջինս անհասանելի էր։

Միջադեպի կապակցությամբ  հարուցվել է քրեական գործ՝  Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3 -րդ մասի հատկանիշներով, տվյալ դեպքում՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։

Back to top button