ԿարևորՀասարակություն

Լիբանանում շարունակում է իրավիճակն անհանգիստ մնալ

Լիբանանում շարունակում է իրավիճակն անհանգիստ մնալ։ Բեյրութի նավահանգստում պայթյունից հետո Լիբանանում վերսկսվել են դժգոհությունները իշխանություններից։

Հարազատներին կորցրած ու անտուն մնացածներին միացել են Լիբանանի տարբեր ծայրերից եկած հարյուրավոր մարդիկ։ Երեկ այդ ցույցերը վերածվել են բախումների, ցուցարարները գրավել էին մի քանի նախարարությունների շենքեր, որոնք ոստիկանների ու զինվորականների կողմից ետ են վերցվել։ Բախումների արդյունքում որոշ տվյալներով շուրջ 700 մարդ է տուժել։ 

Իրավիճակը չի խաղաղվել նաև այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարել է, թե սպասվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Ցուցարարները պահանջում են բոլորի հրաժարականը՝ նախագահի, կառավարության ու խորհրդարանի։

Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին «Ռադիոլուր»-ին հայտնել է, որ առաջիկա ժամերին սպասվում է կառավարության հրաժարականը՝ նկատելով, որ ներքաղաքական առումով նույնպես Լիբանանում շատ բարդ շրջան է սպասվում։

Բեյրութի նավահանգստի ահավոր պայթյունի հետևանքները չհաղթահարած, հիմա էլ Լիբանանի մայրաքաղաքի կենտոնը հրդեհների ծխով է պատվել։ Հակակառավարական ակցիայի մասնակիցները փորձել են հրկիզել խորհրդարանի շենքը, փակել են մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, շրջափակել կառավարական շենքեր։ Ցուցարարների այդ գործողություններին ի պատասխան ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և ռետինե փամփուշտներով կրակել։ Ակտիվիստներն էլ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ։ Դրանց արդյունքում որոշ տվյալներով շուրջ 700 մարդ է տուժել։ Ցուցարարներն իշխանությանը մեղադրում են անգործության համար։

Արաբագետ Արաքսյա Փաշայանը մեզ հետ հեռախոսազրույցում նկատեց, որ Լիբանանում շարունակվող անկայունությունը, ըստ էության, այն բողոքի ակցիաների շարունակությունն են, որոնք սկսվել էին դեռևս 2019 թվականի հոկտեմբերից։ Դրանք մի պահ ընդհատվել էին նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, իսկ ահա օգոստոսի 4-ի հզոր պայթյունից հետո բողոքի ակցիաները վերսկսվեցին։ Հարազատներին կորցրած ու անտուն մնացածներին միացել են Լիբանանի տարբեր ծայրերից եկած հարյուրավոր մարդիկ։

«Դեպքերից հետո նորից շարունակվեցին։ Այսինքն՝ մարդիկ բողոքում են՝ այլևս հոգնել են կառավարության անգործությունից, իսկ վերջին աղետը լիբանանի, կարծես թե, արդեն համբերության բաժակը լցրեց»։

Լիբանանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ հայ համայնքը նավահանգստի պայթյունի հետևանքով զգալի կորուսներ ունի և հիմա բոլոր ջանքերը կենտրոնացած են այդ ուղղությամբ։ Աննախընթաց վիճակ է Լիբանանում և յուրաքանչյուր հայի սիրտ, որտեղ էլ որ գտնվի, պետք է բաբախի միայն լիբանանահայության համար՝ ասաց։ Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին.        

«Առաջիկա մեկ-երկու ժամվա ընթացքում արդեն իսկ կառավարությունն իր հրաժարականը պետք է ներկայացնի՝ քաղաքական կյանքը նոր փուլի մեջ մղելով։ Գիտեք, որ Լիբանանում կառավարություն կազմելը դյուրին գործ չէ և ամիսներ կպահանջի։ Կհուսանք, որ այս անգամ Լիբանանի պատասխանատուները խելքի կգան և կացության լրջության դիմաց համապատասխան լրջություն կցուցաբերեն՝ անցյալում եղած նեղ քաղաքական, կուսակցական հաշվարկներից զերծ և կկազմվի մի կառավարություն, որ ժողովրդի ցավերը կարողանա որոշ չափով դարմանել»։    

Արաբագետ Արաքս Փաշայանի դիտարկմամբ՝ Լիբանանը փլուզման շեմին է գտնվում։ Միջազգային հարթակներում էլ նկատելի է, որ Լիբանանը սկսել են համարել ձախողված պետություն։ Արաքս Փաշայանի ձևակերպմամբ՝ հստակ է, որ Լիբանանը կամ պետք է սկսի հասարակական-քաղաքական վերաշինման, վերանորոգման մի նոր փուլ։ Հակառակ դեպքում՝ ուղղակի դատապարտված է փլուզման։

«Դատապարտված է փլուզման, քանի որ գտնվում է հասարակական, քաղաքական խորը ճգնաժամի մեջ։ Ու եթե դրան էլ գումարենք վերջին աղետը՝ 300 հազար անօթևան մնացածների հանգամանքը, մնացած այլ շաղկապված հարցերը. արտաքին միջամտության ծավալները Լիբանանում, քանի որ այն երկիր է, որտեղ բախվում են տարբեր պետությունների շահեր ու հետաքրքրություններ, ապա պարզ է, որ Լիբանանը գտնվում է իսկապես բարդ իրավիճակի առաջ»։

Խոսելով հայկական համայնքի մասին՝ արաբագետ Արաքս Փաշայանը նկատեց, որ այստեղ երեք հիմնական կուսակցություններն ու ընդհանրապես համայնքի երեք հատվածները՝  հայ առաքելականները, հայ ավետարանականները և հայ կաթոլիկները, համակարծիք են, որ լիբանանահայությունը պետք է միասնական ուժերով վերականգնի համայնքի կորուստները։ Երեկ էլ արդեն հայտարարվեց միասնական մարմնի ստեղծման մասին։ Այս մարմնի առջև խնդիր է դրված միասնական ճիգերով լուծելու համայնքի վերականգնման խնդիրները։ Չնայած դրա՝ այս օրերին շատ հակոտնյա կարծիքներ են հնչում լիբանանահայության հեռանկարի հետ կապված։ Ոմանք կարծում են, որ նրանք պետք է հեռանան Լիբանանից ու հաստատվեն Հայաստանում, ուրիշները՝ դա չեն պատկերացնում, քանի որ լիբանանահայ համայնքը համարում են սփյուռքի սիրտը, չափազանց կարևոր համայնք, այդ թվում՝ արաբական աշխարհի հետ հարաբերությունների տեսանկյունից.     

«Տեղի գործիչները համարում են, որ եթե լիբանանահայ համայնքը դիմակայի և կանգուն մնա, ապա կկարողանա ավելի մեծ օգուտ տալ Հայաստանին և Արցախին, քան եթե համայնքը դատարկվի»։

Լիբանանահայ համայնքի ապագայի վերաբերյալ նման հակոտնյա կարծիքների առկայությունը արաբագետը բնական է համարում։ Նա կարծում է, որ այս փուլում կլինեն ինչպես Լիբանանից Հայաստան տեղափոխվողներ, այնպես էլ համայնքում մնացողներ։

«Ամեն դեպքում, Հայաստանը պետք է այդ մարդկանց օգնի ինչով որ հնարավոր է, որպեսզի իրենք Հայաստանում լավ զգան ու նախկին վատ փորձը մենք չունենանք, ինչ որ ունեինք իրաքահայերի կամ, ասենք, սիրիահայերի պարագայում»։

Ի դեպ, երեկ կեսգիշերին Երևանից առաջին մարդասիրական օգնությունն է հասել Բեյրութ։ Հայաստանի պատվիրակությունը Բեյրութում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ։ Վերջինս «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է, որ Լիբանան իր այցի նպատակը Հայաստան գալու համար մարդկանց դրդելը կամ քաջալերելը չէ։ Համայնքի կարևորությունը հասկանալի է և պատրաստ են հայրենակիցներին օգնել՝ իրենց ցանկացած որոշման դեպքում։  

«Եթե իրենք մնում են այստեղ՝ մենք պետք է օգնենք, որպեսզի համայնքը վերականգնվի, նրանք, ովքեր ուզում են Հայաստան գալ-Հայաստանը բաց դռներով սպասում է բոլոր հայերին՝ անկախ նրանից, թե որտեղից են գալիս»։ 

Եզրափակելով՝ Սփյուռքի հարցերով հանձնակատարը շեշտել է, որ միակ խնդիրն իրենց համար այն է, թե ինչպես ավելի լավ կազմակերպեն  Հայաստանում եկողների պայմանները, որ մարդիկ լավ ինտեգրվեն հայաստանյան հասարակության մեջ։ 

Back to top button