ԿարևորՄշակույթ

Պատերազմի երեխաները՝ Ներսես Կիրակոսյանի նկարներում

Մոլբերտ, սպիտակ թուղթ ու երաժշտություն։ Մոլբերտի առաջ սպիտակ թղթի վրա ուրվագծվում է  երեխայի դեմք,  բայց ոչ ժպիտով, այլ բավականին տխուր, լացակումած ու աշխարհից խռոված։ Անտարբեր չես կարող անցնել այդ նկարների կողքով։ Առաջին հարցը, որն ուզում ես տալ՝ ինչո՞ւ։

Հետո արդեն պարզ են դառնում նկարչի վրձնահարվածները. նկարում է պատերազմի երեխաներին։ Նրանք բոլոր էլ իրական կերպարներ են`պատերազմ տեսած ու հաղթահարած երեխաներ։

Ռուսատանաբնակ մեր հայրենակից Ներսես Կիրակոսյանի հետ զրույցն սկսում եմ հենց այս նոտայից․ինչո՞ւ որոշեց այս դիտանկյունից նկարել երեխաներին։

Ներսեսի համար հարցս զարմանալի չէր, նկարելու առաջին իսկ օրվանից դիտելուց հետո իրեն  նույն հարցն են տվել։ Ասում է, որ այն տարիների կուտակված ապրումներն ու հույզերն են։ Այս նկարներով  ևս մեկ անգամ   ուզում  է  ցույց տալ, որ թնդանոթները  պետք է լռեն ու պատերազմներ չլինեն, որպեսզի ինքն էլ պատկերի անհոգ ու լիաթոք ժպտացող երեխաների։

«Այս ամենը մեծ պրոյեկտ է։ Ես նկարում եմ աշխարհի երեխաներին, նրանք բոլորն էլ իրական են։ Նախատեսում եմ այս նկարների ցուցահանդես վաճառք, որի ողջ հասույթը կտամադրվի Հայաստանի մանկատներին»։

Ներսեսի արվեստանոցում կարող ես տեսնել մեր մեծ արտիստների դիմանկարները՝ Մհեր Մկրտչյան, Հրաչյա Ներսիսյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան։ Դրանք սոսկ  դիմանկարներ չեն։ Օրինակ`Մհեր Մկրտչյանի դիմանկարում տեսնում եմ նրա տառապալից կյանքը, որը փորձում է թաքցնել ծիծաղկոտ աչքերի մեջ, բայց այդ ծիծաղի մեջ տեսնում ես նաեւ տխուր հայացքը։ Եվ հենց այդ հայացքում է ամփոփվում ժողովրդի կողմից սիրված արտիստի փառքի ճանապարհը։ «Հայացքի մեջ մի ամբողջ աշխարհ». այսպես է կոչվում նկարը:

Ներսես Կիրակոսյանի արվեստանոցում ստեղծագործելու ժամանակ միացված է հենց իր երաժշտությունը։ Ասում է, որ բոլորն էլ իրեն հոգեհարազատ են, բայց «Կարոտ»  ստեղծագործությունը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իր ձայնապնակում։ Իր բոլոր նկարներն ու քանդակները ծնվում են հենց այս երաժշտության ներքո։

Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը իր ապրած վայրում  ստեղծել է յուրօրինակ հայկական միջավայր։  Ռոստովի հայաշատ Մյասնիկյան շրջանում նրա կերտած քանդակներին ու հուշարձաններին  կարելի է  հանդիպել ամենուր։ Իսկ մեր զրույցի պահին էլ Ներսեսն աշխատում էր  նոր քանդակի վրա։ Այս անգամ  հատիչի տակ հայտնվել է Հովհաննես Բաղրամյանը։ Հենց Մյասնիկյանի շրջանում էլ տեղադրվելու է անվանի մարշալի  արձանը։ Նախաձեռնության հեղինակները նրա համագյուղացիներն են` չարդախլեցի անհատ մարդիկ են։ Հուշարձանը կբացվի մարշալ Բաղրամյանի ծննդյան օրը` նոյեմբերի 20- ին։

Back to top button