Ստարտափ Հայաստան

Ճանապարհորդ Բերնարդի արկածները Հայաստանում․ «Ստարտափ Հայաստան»

Մի քանի տարի առաջ Արմինե Ղոնյանի զգեստապահարանում միայն սև և մոխրագույն հագուստներ էին, լավ, մեկ երկու հատ էլ սպիտակ, դա էլ տոնական առիթների համար։

Արմինեն ծնվել է Կապան քաղաքում։ Հետո տարիքը հասել է համալսարանում ուսանելու, գորշ գույները թողել է մի հարմար ճամպրուկի մեջ, տեղափոխվել է Երևան՝ փնտրելու մնացած բոլոր գույները։

Որոշ ժամանակ անց արկածախնդիր Արմինեն տեղափոխվեց Արցախի հանրապետություն։ Երկար ժամանակ շփվելով երեխաների հետ, հասկացավ, որ երեխաների դաստիարակության մեջ շատ կարևոր դեր ունի խաղը։

Հայ մեծ լուսավորիչ, գրող, մանկավարժ Խաչատուր Աբովյանը դեռ վաղուց մշտապես ընդգծում էր խաղի դաստիարակչական նշանակությունը։ Նա համոզված էր, որ երեխան կյանքի և բնության վերաբերյալ առաջին և հավաստի տեղեկությունները ստանում է խաղի միջոցով:

Արմինեն, ուսումնասիրելով տեսությունը, սկսում է համոզվել իր ենթադրությունների մեջ և հենց այդ ժամանակ էլ գլխում մի միտք է ծագում:

Ինչու՞ չկարել այնպիսի խաղալիքներ, որոնցով խաղը ոչ միայն հետաքրքիր կլինի, այլև ուսուցողական։

Բայց այսքանով արկածները չեն ավարտվում։ Արմինեն ծանոթանում է ապագա ամուսնու հետ։ Ժամանակ է անցնում ու զույգը որոշում է ամուսնանալ և տեղափոխվել այլ երկիր։

Երազանքների Ֆրանսիա։ Գնում են, հետո որոշ ժամանակ անց Արմինեն հասկանում է, որ առանց Հայաստանի չի կարողանում ապրել։

Ամուսնու հետ վերադառնում է Հայաստան։ Ավելի կոնկրետ՝ Վանաձոր, այնտեղ տուն են գնում ու որոշում հենց այնտեղ էլ զարգացնել բիզնեսը։

Հետո ծնվեց Բերնարդը։ ԲերնարդՆ այն կենդանին է, որը խորհրդանշում է Արմինեի աշխատանքերի գլխավոր իմաստը։

Հերոսի և նրա անվան ընտրությունն էլ կատարվում է ամուսնու օգնությամբ; Իհարկե աղվեսի անունը Բերնարդ է, բայց Արմինեն վստահեցնում է, որ նա հայ աղվես է։

Ներկա պահին Արմինեն չի աշխատում որևէ տեղ։ Իր ողջ ժամանակը տրամադրել է նորաստեղծ բիզնեսի աճը խթանելուն։
Խոստովանում է, որ այս պահին գումարը լիովին չի բավականացնում ապրելուն, բայց և վստահ է, ապագայի պլաններն այնսպիսին են, որ հետագայում ոչ միայն կբավականացնի, այլև կկարողանա այլ մարդկանց ներգրավվել իր գործի մեջ։

Արմինեն կարողացավ վերադառնալ իր հայրենիք և Հայաստանի մարզերից մեկում ստեղծել իր բիզնեսը։ Եվ որքան էլ տարբեր լինեն մեր հերոսների պատմությունները, մեկ է, մի բան ակնհայտ է՝ այն աշխատանքը, որը և՛ ֆինանսական շահույթ է բերում և՛ երջանկացնում, կարելի է համարել մարդու կյանքում ունեցած ամենակարևոր ձեռքբերումներից մեկը։

Ցուցադրել ավելի
Back to top button