ԿարևորՀասարակություն

Գոմեշ պահելուց դժվարանում են, բայց կաթնամթերքից չեն հրաժարվում

Արմավիրի մարզի մի քանի գյուղերում գոմեշ են պահում: Այս կենդանին ունի մի շարք առանձնահատկություններ, որով տարբերվում է խոշոր եղջերավոր անասուններից: Բարձր յուղայնությամբ կաթից ստանում են բարձրորակ կաթնամթերք, որոնք երբևէ չենք շփոթի կովի կաթից ստացածի հետ: Գոմեշներն օժտված են մայրական մեծ բնազդով, շատ հոգատար են ձագերի նկատմամբ: Նրանք դիմացկուն կենդանիներ են:

Գոմեշի կաշվի պես ծանր է, հաստ է, պինդ է. հավանաբար հաճախ եք լսել այս բառերը։ Իսկ գոմեշ, իսկական գոմեշ տեսե՞լ եք։  Եթե Արմավիրի մարզի Զարթոնք, Եղեգնուտ և Արտաշար գյուղեր գնացել եք,  ճանապարհին ցամաքած ճահճուտներ տեսած կլինեք։ Դրանց կողքով եք անցնում։ Հենց այս տարածքներում էլ  գրեթե ցեխերի մեջ  նստած  գոմեշների էլ կտեսնեք։ Տեսել եք, բայց մտածել եք կովեր են: Խոնավ տարածքը գոմեշներ պահելու  ամենահարմար միջավայրն է: Առաջ, երբ այստեղ ճահիճները շատ էին,  Զարթոնքում գոմեշներն էլ էին շատ։ Ճահիճը ցամաքեց, գոմեշներն էլ մնացին մի տասնյակի չափ։

Քաջիկ Ղազարյանը պատմում է, որ անցած դարի կեսին, երբ ծնողները Ստեփանավանից հաստատվել էին Զարթոնքում, մյուս ընտանիքների պես իրենք էլ  գոմեշ են պահել։

«Ես 58 տարեկան եմ, ինչ հիշում եմ,  իմ մանկության ժամանակվանից ունեցել ենք գոմեշ, իմ տատն ու պապն են պահել, իրանցից հետո փոխանցվել ա հորս ու մորս, իրանցից հետո մենք ենք շարունակում գոմեշ պահելը: Գոմեշի օգուտը՝  դրա կաթ ու մածունը, դրա կարագը, կաթի սերը, պտի պահես քո անհատական ուտելու համար: Գոմեշի կաթի յուղայնությունը կարելի է ասել, կովի կաթի յուղայնությունից 2-3 անգամ բարձրա: Գոմեշը հիվանդությունների նկատմամբ շատ դիմացկուն ա: Մենք էսքան տարի գոմեշ ենք պահել, ես չեմ տեսել գոմեշը մի հիվանդությունից սատկի կամ վարակվի: Գոմեշի իմունիտետը շատ բարձր ա հիվանդությունների նկատմամբ»:

Գոմեշին պահելը և՛ հեշտ է, և՛ դժվար: Օրինակ`մյուս խոշոր եղջերավորների պես նրան պատվաստելը հեշտ չէ։ Զգուշավոր է և բացի հարազատ մարդկանցից ոչ մեկին մոտ չի թողնում: Քաջիկն ասում է, որ միայն ինքը, որդին  ու կինն են կարողանում սիրաշահել անասունին՝ իրենք կապում-արձակում են, կինը՝ կթում, իսկ եթե կինը տանը չի, հնարքներ են գործադրում.

«Եթե կինս տանը չեղավ, էդ օրը չի կթվի: Ինքը հոտից ու տեսքից ճանաչումա, ես մտնեմ գոմը կամ իմ տղեն, խելոք կանգնումա, բայց եթե տանը չեղանք, հարևանին ասենք գա կթի, մոտ չի թողնում, ինքը ճանաչում ա, հոտից զգում ա, եթե մոտենում ես, պոզահարում ա: Պտի կնոջս շորերը հագցնենք, հոտը առնի, զգա նույն հոտնա, թողնի կթեն»:

Բնությունը գոմեշին շռայլել է մայրական հոգատարության  մեծ բնազդով։ Երբ գոմեշի ձագը սատկեց` Քաջիկը խորամանկություն բանեցրեց, գոմեշին, ինչպես ասում են, կյանք վերադարձնելու համար.

«Գոմեշը մի հատ  սենց բնավորություն ունի, հանկարծ գոմեշի ձագը սատկի, ինքը էլ չի թողնում կթեն: Եկավ, մտավ, տեսավ ձագը չկա, չես կարա կթես: Գոմեշը կովի պես չի, իր ձագի նկատմամբ շատ հոգատար ա, շա՜տ, վերին աստիճանի հոգատար: Պտի թողաս մի հատ ձագը կաթ ուտի, քաշես դեմը կապես, նոր կթես ու ձագը նորից թողաս տակը: Հիմա մի հատ ունեմ, գարունը ծնեց, ձագը ռախիտ էր ծնվել, 3 օր մնաց, սատկեց, բայց  իմ կինը կարեցավ կթի, մինչև հմի կթմա: Իրա կաշվից իրա ձագի տեսքով մի հատ  բան ենք սարքել, դրել իրա մոտ, գալի տենմա, սովորում ա, թողում ա կթենք»:

Մինչ զրուցում ենք Քաջիկի հետ, աստիճանաբար իջնում է երեկոն, նախիրը վերադառնում է տուն։ Ահա փողոցի սկզբում երևաց նա` խոշոր մարմնով, մուգ մաշկով, աղեղնաձև եղջյուրներով։ Առաջին անգամ էի տեսնում գոմեշի այդքան մոտիկից։ Տերերը զգուշացրին՝ հեռու կանգնել։ Նա տիրոջ նման հաստատուն քայլերով գալիս էր առջևից, կովը՝ հետևում էր նրան։ Մտան գոմ, քիչ անց նորից մոտեցավ դռանը, սկսեց հոտ քաշել, ինձ տեսավ` յուրայինների մեջ օտար հոտ էր զգացել: Քաջիկը կապեց անասունին, իսկ կինը դեռ չէր շտապում կթել, անասունը շոգած էր:

«Էսօր մաքուր ա, լողացել ա, եկել»:

«Գոմեշը դաշտից կգա մինչև կովը հետևից չի գալի, ինքը տուն չի գալի: Սպասումա մինչև կովը կգա, միասին կգան տուն: 10-12 տարի իրար հետ են, իրար կողքի համերաշխ ապրում են: Առավոտը տանում ենք նախիր, իրիկունը նախրապահը բերում գյուղ ա հասցնում, իրանք գալիս են»:

Գոմեշը կովի համեմտությամբ կաթ քիչ է տալիս, բայց յուղայնությունը բարձր է, գինն էլ թանկ: Ղազարյանների  ընտանիքում կաթնամթերք չեն առնում, ամեն ինչ ստանում են գոմեշի կաթից: Ժաննան սառնարանի դուռը բացում  է ու ամբողջ կաթնամթերքը շարում  սեղանին

«Հարևաններն ասում են՝ ինչիդ ա պետք, վերացրա, էդ փողով խոտ ես առել, էդ փողով ինչքան պանիր կառնես, յուղ կառնես… բայց չէ որ էս ես եմ սարքել, ես գիտեմ ինչ ա՝ հալած պանիրն ա՝ տվարոգից եմ սարքել, կարագն ա, յուղն ա, չեչիլն ա, սմետանն ա, մածունն ա»:

Գոմեշի մածունը շատ պինդ է, ռեստորաններում այն դելիկատես` նրբահամակ է  համարվում: Ժաննա Հովակիմյանն ասում է` իր մերած գոմեշի մածունը կարելի է դանակով կտրել, պատառաքաղով ուտել: Գոմեշի կաթն ու մածունն է թանկ, բայց ոչ միսը։ Գոմեշները երկար են ապրում` մինչև 25 տարի, բայց չեն թողնում այդքան ապրի: Մորթում են…

Ցուցադրել ավելի
Back to top button
Close