ԿարևորՀասարակություն

Հայոց պատմությունը՝ «Հայոց հարց»

Առարկայական չափորոշիչների շուրջ աղմուկը չի դադարում։ Հերթն այժմ պատմության նոր չափորոշիչներինն է։ Դրանք մասնագիտական հարթակներում բուռն քննարկումների առիթ են դարձել, հատկապես բուհական ու ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները լուրջ մեղադրանքներ են ներկայացնում ու խնդիրներ մատնանշում։ Չափորոշիչները մշակած խմբի անդամները փորձում են   հակադարձել ու բացատրել, թե ինչ փոփոխություններ են արել և ինչու։

Ոչ միայն մասնագետները, այլև ոչ մասնագետներն այս օրերին հանրակրթության չափորոշիչներ են քննարկում։ Չափորոշիչը, մինչդեռ,  կրթական– մասնագիտական տերմին է։ Թե ինչ է նշանակում, փնտրում ենք կառավարության որոշումներում։ 

Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը և առավելագույն ծավալը, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները և սովորողների գնահատման համակարգը:

Ավելի պարզ՝  չափորոշիչն այն ուղեցույցն է, նվազագույնի ու առավելագույնի  այն շրջանակը,  որի մեջ պետք է տեղավորվի կրթական բովանդակությունը։

Գործող չափորոշիչների համեմատ նոր չափորոշիչներն ավելի չափելի են՝ կարողունակությունների վրա  հիմնված, փոխվել է  ոչ թե բովանդակությունը, այլ՝ մոտեցումն ու մեթոդաբանությունը, «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանում է պատմության նոր չափորոշիչները մշակող  խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը։

 «5-6-րդ դասարաններում  դրանք ինտեգրված առարկաներ են՝ կենտրոնանում են հայագիտության և բնագիտական գիտությունների վրա։ 5-րդ դասարանում ներմուծվել է նոր առարկա՝ «Ես և իմ հայրենիքը», որը հենց ինտեգրված առարկա է։ 6-րդ դասարանը կառուցել ենք «Հայոց պատմությունը» «Համաշխարհային պատմություն» առարկայի հիմունքով։ 7-րդ դասարանից առարկաներն առանձնանում են։ Պատմություն առարկայի համար պահպանված է ժամանակագրական հաջորդականությունը։ Մինչև 9-րդ դասարան պատմությունն ուսումնասիրում ենք ծագումնաբանությունից մինչև մեր օրերը։ Ավագ դպրոցն ավելի շատ կառուցված է հետազոտության, վերլուծության ու ուսումնասիրության վրա, ու այդ ամբողջը պետք է իրականացնի աշակերտը»,-ասում է Մկրտչյանը։

Մինչ չափորոշիչների խմբի ղեկավարը ներկայացնում է, թե ինչն է փոխվել չափորոշիչներում և ինչի համար, բուհական ու ակադեմիական հանրությունը ահազանգում է վտանգների մասին։ Պատմաբան գիտնականները  կարծում են, որ դրանք ամբողջությամբ պետք է վերանայվեն։  ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նաև սրտնեղում է․ չէր սպասում, որ չափորոշիչները կհանրայնացվեն առանց գոնե իր հետ խորհրդակցելու։

 «Ես չէի սպասում, որ խումբը՝ ղեկավարի հետ միասին, մի անգամ գոնե չէր խորհրդակցի թեկուզ ինձ հետ՝ որպես ֆակուլտետի դեկանի, նաև Լիլիթի ղեկավարի։ Չէր խորհրդակցի ամբիոնի հետ։ Չէ որ մասնագիտական ամբիոնի հետ քննարկումները կօգնեին ու դրանից կշահեր խումբը ծրագիրը մշակելուց։ Ինձ համար զարմանալի էր նաև այն, որ ամբիոնից որևէ մասնագետ ընդգրկված չի եղել խմբում»,- նշում է Մինասյանը։

Լիլիթ Մկրտչյանից հետաքրքրվում եմ, թե ինչու բուհական մասնագիտական ամբիոնների ներկայացուցիչներ  խմբում չեն ընդգրկվել և ինչու նոր չափորոշիչները հանրային քննարկումից առաջ մասնագիտական քննարկում չեն անցել։

«Սա գործընթաց է, որը պլանավորել և իրականացրել է նախարարությունը։ Գործընթացին մասնակցել է թվով 70 փորձագետ՝ թե գիտնականներ, թե ուսուցիչներ, թե փորձագետներ։ Այս պահին այս գործընթացը հենց քննարկման, երկխոսության համար է»,- ասում է կրթական չափորոշիչները մշակող խմբի ղեկավարը։

Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա նոր չափորոշիչներում այն գրեթե անփոփոխ է՝ նկատում է զրուցակիցս։ Ավելին՝ բովանդակությունը փոխելու խնդիր էլ դրված չի եղել, ծրագրի մեթոդաբանությունն ու մոտեցումն է փոխվել։

«Մեծ հաշվով փոփոխության չի ենթարկվել։ Մի քիչ ավելացել է, մի քիչ պակասել, մի քիչ այլ տեսանկյունից ենք մոտեցել։ Օրինակ՝ մենք պլանավորել ենք, որ քաղաքական պատմությունից բացի պետք է ուսումնասիրվի նաև սոցիալական, մշակութային, տնտեսական պատմությունը։ Այսինքն՝ գեներալի  գործողություններից բացի՝ զինվորի պատմությունն էլ պետք է ուսումնասիրեն։ Գուցե՞ զինվորն ավելի մեծ դեր է խաղացել այդ հաղթանակներում, բայց փառքը գեներալին է պատկանում»,- ասում է Լիլիթ Մկրտչյանը։

Նրան հակադարձում է պատմության ֆակուլտետի դեկանը։ Բովանդակային փոփոխություններ կան ու այն էլ՝ առանցքային փոփոխություններ։ Իսկ պատմության մի մասն ընդհանրապես բացակայում է։

«Նախ Հայոց պատմության չափորոշիչների ծրագիրը սկսվում է 9-րդ դարի Արարատյան թագավորությունից,  որը չափազանց սխալ է։ Ես կարծում եմ, որ բաց է մնացել վաղնջական շրջանի մեր պատմությունը։ Մենք հազարամյակների պատմություն ունենք, և հնագետների վերջին պեղումները դրա լավագույն ապացույցն են»,- ասում է  Էդիկ Մինասյանը։

Նա պատմական այլ  իրադարձությունների էլ անդրադարձավ՝ նկատելով, որ դրանց մի մասը սխալ է ներկայացված, մի մասն ընդհանրապես բացակայում է։ Չափորոշիչների խմբի ղեկավարն ի պատասխան խորհուրդ է տալիս գործող ու նոր ծրագրերն իրար կողքի դնել ու համեմատել։ Հավաստիացնում է՝ տարբերությունը մեծ չէ։

Լիլիթ Մկրտչյանին վրդովեցրել է նաև առարկայական չափորոշիչների մշակման գաղտնիության մասին շահարկումը։ Ընդգծում է՝ նախագիծը նոր է դրվել քննարկման և բաց է շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկների համար։ Էդիկ Մինասյանն, ի դեպ, պատրաստակամ է մասնակցել այդ քննարկումներին, չնայած կարծում է, որ նոր չափորոշիչները ամբողջությամբ պետք է վերանայվեն։ 

Back to top button