ԿարևորՀասարակություն

2015-ին Ռոբերտ Նազարյանը խոստանում էր չամաչել սերունդների առաջ

Այսօր հայտնի դարձավ, որ նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին ղեկավար Ռոբերտ Նազարյանն առավոտյան ձերբակալվել է։ Նա ձերբակալվել է ՀՔԾ-ի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներից մեկին առնչվող  քրգործի շրջանակում, որի հիմքում պետությանը հասցված խոշոր վնասի դրվագներ են։ 

Քրգործը վերաբերում է  «Ձորագետ Հիդրո» ընկերության  գործունեությանը։  Ռոբերտ Նազարյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել, նա կասկածյալի կարգավիճակում է։ Նախկին պաշտոնյայի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում։  Փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։

Հատուկ քննչական ծառայության կողմից այսօր ձերբակալված Ռոբերտ Նազարյանը դեռ 5 տարի առաջ հանրությանը խոստանում էր․

«Այս բեռը, որը այսօր վերապահված է մեր կառույցին, իհարկե, ծանր բեռ է, բայց ես ամեն ինչ կանեմ, որ և այսօր, և վաղը, և տարիներ հետո մեր սերունդների առաջ չամաչեմ իմ արածից»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցի կայացրած որոշումները՝ տարբեր սակագների փոփոխության վերաբերյալ, երբեք միանշանակ չեն ընդունվել հանրության կողմից։ Բացի սրանից՝ Ռոբերտ Նազարյանը հանրության հիշողության մեջ մնացել է որպես քաղաքապետ, որը Երևանում վերացրեց էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտը՝ տրամվայը։

Դեռ 4 տարի առաջ իր հարցազրույցներից մեկում նա նշել էր․

«Ես դրա համար չեմ փոշմանել։ Մի քանի լուրջ պատճառներ կային տրամվայի վերացման համար։ Հիմա տրանսպորտի խնդիրը կարելի է լուծել էլի նույն, նմանատիպ տրամվայը ներմուծելով Երևան քաղաք, բայց ոչ այն տրամվայը, այն ձևով, այն հետագծով, որ մենք ունեինք։ Այդ որակի տրամվայ Երևան քաղաքին պետք չէր։ Մեջտեղով անցնում էր հետագիծը, տրամվայից իջնում էին, ընկնում էին մեքենայի տակ»։  

Իրականում տրամվայը վերացավ այլ պատճառաբանություններով, իսկ տարիների ընթացքում անցկացված տարբեր հետաքննություններն անպատասխան են թողել հսկայական ծավալով ռելսերի վաճառքին վերաբերող հարցերը։

ՀՔԾ–ում հարուցված  գործը որևէ կապ չունի այս խնդիրների հետ։ Նազարյանի ձերբակալության պատճառը «Ձորագետ Հիդրո» ընկերությանը տրված արտոնություններն են։ Քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ Նազարյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, ինչն  առաջացրել է ծանր հետևանքներ: ՀՔԾ–ի պարզաբանմամբ՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ընկերության համար 2011–ին սահմանված արտոնություններով Ռոբերտ Նազարյանը՝ առանց մասնագիտական պատշաճ ուսումնասիրությունների և վերլուծությունների, անտեսելով Հայաստանում առկա ջրային ռեսուրսների հնարավորություններն ու հիդրոէլեկտրակայանների կառուցման վիճակագրությունը, հանձնաժողովի իրավասու վարչության միջոցով մշակել է համապատասխան որոշման նախագիծ, որով առավելագույն՝ 30 ՄՎտ հզորություն է նախատեսվել  սահմանված 10 Մվտ–ի փոխարեն: Կրկնակի բարձր է սահմանվել նաև սակագինը, որի արդյունքում «Ձորագետ Հիդրո» ընկերության կողմից Հայաստանում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 միլիարդ դրամից ավելի գումար։

Իսկ մինչ այս ապօրինի գործողությունները «ՁորաՀԷԿ»–ի հետ կապված եղել է ևս մեկ կայան, որը  2010–ին վաճառվել է։ Դեռ անցյալ տարվա մայիսին գլխավոր դատախազությունը ուսումնասիրությամբ պարզել էր, որ պետական սեփականություն հանդիսացող՝ 2010 թ. դրությամբ շուրջ 8 միլիարդ, իսկ 2018–ի դրությամբ՝ շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամտաբերությամբ «ՁորաՀԷԿ» ընկերության գույքն օտարվել է ընդամենը 3 մլրդ 600 մլն դրամով։ Սա էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ: «ՁորաՀԷԿ»–ին վերաբերող ուշագրավ դրվագն  այն է, որ ընկերությունը պատկանել է Պաշտպանության նախարարությանը։  Այս գործարքի մասին արձանագրում կա նաև «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի վերջին հետազոտության մեջ։

Հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Քյուրումյան․  «ՊՆ–ն ՀՀ կարևորագույն կառույցներից մեկն է, սա մենք ուզում ենք ամրագրել։ ՊՆ ամբողջ ռեսուրսները և ժամանակը պետք է օգտագործվեն բացառապես Հայաստանի և Արցախի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման համար։ Բայց այս ժամանակաշրջանում, որ մենք դիտարկել ենք, հանդիպել ենք մի շարք դեպքերի, երբ պաշտպանության նախարարը ներգրավված է եղել այլ ոլորտներում կատարվող գործարքներում, մասնավորապես՝ էներգետիկայում։ Օրինակ՝ 2002–ին «ՁորաՀԷԿ»–ի կառավարումը փոխանցվել է ՊՆ–ին։ Եվ քանի որ ՊՆ կանոնադրության մեջ մենք չգտանք կետ, որը կասի, որ այդպիսի գործունեություն կարող է ծավալել , նախարարության կառուցվածքը, որը նույնպես հրապարակված է՝ չկա այդպիսի կառույց, ապա այս ներգրավվածությունը, իհարկե, ուսումնասիրման և հետագայում բացառում է պահանջում։ Հետագայում պաշտպանության նախարարին պետք է հնարավորություն տալ կենտրոնանալ նախարարության կանոնադրությամբ սահմանված գործառույթների վրա»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը Նազարյանի ձերբակալությունն ապօրինի է համարում։ Ըստ փաստաբանի՝ նախկին պաշտոնյան առայժմ կասկածյալի կարգավիճակում է և չի ընդունում իրեն վերագրվող արարքը։ ՀՔԾ–ից նշում են, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close