ԿարևորՄիջազգային

Պատից կախված հրացանը մի օր կրակում է․ սելիտրան՝ Բեյրութի կենտրոնում

Օգոստոսի 4-ի երեկոյան մի քանի վայրկյանը անճանաչելիության աստիճան փոխեց Բեյրութը։ Ոմանք տեղի ունեցածն անմիջապես որակեցին մերձավորարևելյան սեպտեմբերի 11`ակնարկելով պայթյունի  ահաբեկչական բնույթը․ տարածաշրջանը խիստ անհանգիստ է, և այդ վարկածը միանգամայն իրատեսական կարող է լինել։

Որոշ մերձավորարևելյան լրատվամիջոցներ սկսեցին գրել, որ պայթյունը «Հեզբոլլահ»-ին պատկանող զենքի պահեստում է եղել՝  դրան  իսրայելական հարվածի հետևանքով։  Հարևան Իսրայելից, հակառակ թշնամական հարաբերություններին,  բարձր մակարդակով հայտարարեցին, որ կապ չունեն տեղի ունեցածի հետ։ Շիա խմբավորումն իր հերթին հայտնեց, որ պայթյունն իրենց տարածքում չի եղել։

Իսրայելից նաև օգնություն առաջարկեցին հարևանին,  որի հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ։ Ոչ բարեկամ իսրայելցիները  երբևէ օգնության ձեռք չեն մեկնել լիբանանցիներին, սա ևս մեկ պատճառ դարձավ, որպեսզի  մամուլում ու  որոշակի շրջանակներում կասկածելի թվա  Իսրայելի պահվածքը։

Պայթյունների ահաբեկչական վարկածին  երեկ հակված էր հավատալ նաև Վաշինգտոնը, ավելի ստույգ՝ Դոնալդ Թրամփը։ Նա Բեյրութի պայթյունները սարսափելի հարձակում անվանեց։ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողը փորձեց հստակեցնել նախագահի կարծիքը։

«Մեր որոշ գեներալներ կարծում են, որ դա հենց հարձակում էր, դա նման չէր արտադրական պայթյունի։ Նրանք ավելի լավ գիտեն, քան ես, և, նրանց կարծիքով, դա գրոհ էր»,- պատասխանեց Թրամփը։

Սակայն ամերիկյան ռազմական գերատեսչությունը  չգիտի, թե ինչ հարձակման մասին է խոսում երկրի նախագահը։ Պենտագոնի միանգամից երեք անանուն բարձրաստիճան զինվորական հայտարարեց, որ չկան նշաններ, թե պայթյունները հարձակման հետևանք են։ «Եթե այդ մասշտաբի հարձակում լիներ, ապա դրան մեխանիկորեն կհաջորդեր ամերիկյան զորքի և ակտիվների ուժային պաշտպանության ուժեղացումը, ինչը տեղի չի ունեցել»,- ճշգրտեց Պենտագոնի աղբյուրներից մեկը։

Բեյրութի նավահանգիստը՝ պայթյունից առաջ և հետո

Բեյրութի աղետալի պայթյուններն ունեն ռուսական հետք․ սա կարծես հիմնական վարկածն է, որը հաստատում է պաշտոնական Բեյրութն ու չի հերքում  որևէ այլ աղբյուր։ Ու խոսքը ոչ թե ծրագրված հարձակման, այլ հանցավոր անպատասխանատվության մասին է։ 

Խաբարովսկում 1977 թվականին ծնված Իգոր Գրեչուշկինին էր  պատկանում 2750 տոննա  սելիտրան, որը  Բեյրութի նավահանգստում ռումբի պայթյունի էֆեկտ առաջացրեց։ Ռուս գործարարն այժմ բնակվում է Կիպրոսում, այս օրերին լրատվամիջոցների զանգերին ու հաղորդագրություններին չի պատասխանում։ Երեկ լրատվամիջոցները գրել էին, որ  Մոզամբիկ սելիտրա տեղափոխող նրա նավը, որոշակի ֆինանսական հարցերով պայմանավորված, 2014-ից գտնվում է Բեյրութի նավահանգստում։ Ահռելի քանակի սելիտրան ենթակա էր ուտիլացման, բայց տարիներ շարունակ մնացել էր Բեյրութի կենտրոնում՝ մինչև որ զոդման աշխատանքները դրա պահպանման տարածքում հանգեցրեցին մեծագույն ողբերգության։

Գյուղատտնտեսության մեջ օգտագործվող ամոնիումի նիտրատը, ինչպես այս օրերին բացատրում են քիմիկոսները, նոր արտադրված ժամանակ անվնաս է։ Սակայն երբ երկար է պահվում, կարող է կայծից անգամ դետոնացվել։ Նաև փաստում են․ ամոնիումի նիտրատը մաքուր տեսքով և մեծ քանակությամբ մեկ վայրում չեն պահում՝  հետագա հնարավոր հետևանքներից խուսափոլու համար։ Տարիներ շարունակ մնացած 2750 տոննա սելիտրան  կարող էր նույնիսկ  Բերյութն ամբողջությամբ ավերել։ Դրա ներգործությունը համեմատելի է փոքրիկ ատոմային ռումբի հետ, համոզված են նրանք։   

Սելիտրան որպես պայթուցիկ կիրառվում է զինվորականների, նաև ահաբեկիչների կողմից․ 1995 թվականին ամերիկյան Օկլահոմա Սիթիում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ գործի էր դրվել երկու տոննա սելիտրա, զոհվել էր 168 մարդ։

Լիբանանի նախագահ Միշել Աունը չորեքշաբթի երեկոյան կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ  ողբերգության բոլոր մեղավորները պետք է  պատասխանատվության ենթարկվեն։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close