ԿարևորՀասարակություն

Արդեն երրորդ օրն է Ամուլսարում կրքերը չեն հանդարտվում

Արդեն երրորդ օրն է Ամուլսարում կրքերը չեն հանդարտվում։ Հանքի շահագործման դեմ օգոստոսի 4-ից վերսկսված ակցիաները շարունակվել են նաեւ այսօր։  Ամուլսարի շուրջ կրքերը կրկին բորբոքվեցին այն բանից հետո, երբ օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն-տնակները ու դրանց փոխարեն տեղադրել  իր պահնորդների համար նախատեսված վագոն-տնակներ։ Այս գործողությունը առաջ բերեց Ամուլսարի շահագործման դեմ բողոքողների դժգոհությունը: Նրանք հայտարարություն տարածեցին՝ պահանջելով վերադարձնել իրենց տնակները նախկին տեղերը։ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարեց, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։

Ամուլսարի պահապաններն այսօր հայտարարեցին, որ իրենք ունեն ծրագիր, սակայն այդ ծրագրի մանրամասները չեն բարձրաձայնում։ Շեշտեցին, որ այս անգամ օրվա ակցիան լուռ ակցիա է։ Ամուլսարում բավականին թվով ոստիկաններ էին կուտակված։

Ամուլսարի շահագործման դեմ այսօր նաեւ լուռ ակցիա է տեղի ունեցել Հայաստանի կառավարության շենքի դիմաց։ Լուռ ակցիան, ըստ էության, անցկացվել է դատարկ պաստառներով։ Բնապահպանները պարզաբանել են, որ այդ կերպ իրենց ակցիան իրենք համապատասխանեցրել են կառավարության լռությանը։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ շեշտեց, որ որոշել են լռության ակցիա անել, քանի որ համոզված են՝ փաստարկների ժամանակն ավարտվել է։

Իր փաստարկներից չի հրաժարվում նաեւ Լիդիան Արմենիան։ Ընկերության իրվաբան Խորեն Նասիբյանը մեզ հետ հեռախոսազրույցում շեշտեց, որ ընկերությունը ընդամենը վերականգնել է սեփական գույքը տնօրինելու իրավունքը։

Այսօր համացանցում նաեւ տարածվեց Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների կոչ-տեսաուղերձը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։  

Ամուլսարի պահապանները նույնպես այսօր դժգոհում էին, որ Ամուլսարի շուրջ ընթացող իրադարձություններին անդրադարձել են միայն 2-3 պատգամավորներ, բայց միայն խոսել են Ոստիկանության կատարած գործողությունների, բռնի ուժի, բերման ենթարկված քաղաքացիների մասին՝ չանդրադառնալով բուն խնդրին:

Ինչ վերաբերում է ոստիկանական գործողություններին։ Երեկ բավականին լարված վիճակ էր ստեղծվել Ամուլսարում, բերման էր ենթարկվել 7 անձ։ Ակտիվիստների և ոստիկանության միջև բախումների ընթացքում միջադեպ էր գրանցվել. վնասվել էր քաղաքացիներից մեկի ոտքը։

Այս ամենին արձագանքել է ՄԻՊ գրասենյակը, որտեղ ի դեպ, արագ արձագանքման խումբ է ստեղծված։ Ամուլսարի դեպքերով խմբի աշխատանքներն այսօր ամփոփել է ՄԻՊ Արման Թաթոյանը։ ՖԲ իր էջում նա գրել է, որ  խմբի այցի արդյունքներով կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close