ԿարևորՀասարակություն

Zoom-ին փոխարինելու է գալիս հայկական Uteach-ը

Առցանց ուսուցումն ամբողջ աշխարհում օրեցօր ավելի մեծ պահանջարկ է վայելում։ Հայաստանում այն ավելի պահանջված դարձավ արտակարգ դրության օրերին, երբ կրթական համակարգն անցավ հեռավար ուսուցման։ Երիտասարդ հայ ծրագրավորողները ճիշտ պահին կողմնորոշվել են և ստեղծել նոր կրթական հարթակ, որը կոչվում է Uteach։

Դեռ մինչ COVID-19 ԱԻՍՏ Գլոբալ ընկերության հիմնադիր Հրայր Շահբազյանի մոտ միտք էր ծագել օնլայն կրթությունն ավելի պրոֆեսիոնալ ու հեշտ դարձնելու համար մի հարթակ ստեղծել։ Միտքը կյանքի կոչվեց, երբ համաճարակի պատճառով շատերը մնացին տանը ու ստիպված եղան տեղափոխվել օնլայն աշխարհ։ Մի քանի օրվա փորձարկումներից հետո  Հրայրը հասկացավ, որ ինքն էլ կարող է առցանց համակարգ ստեղծել, որը ոչ միայն չի զիջի Skyp-ին ու Zoom-ին, այլև մի բան էլ ավելի կատարելագործված կլինի։ Այսպես ծնվեց Uteach-ը։

«Մի քանի խորագրերի  հավաքածու է մի տեղում։ Այսինքն՝ պետք չէ առանձին օրացույց ունենալ ՝ տեսնելու համար, թե որ օրը ում հետ դաս ունեք։ Պետք չէ zoom-ով զանգեր անել, պետք չի թեստերը այլ համակարգերի միջոցով պատրաստել։ Այսինքն` մի ամբողջություն է, որի միջոցով ամբողջ դասապրոցեսը հնարավոր է անել»։ 

Շուշանիկ Շահբազյանը Հրայրի քույրնն է, այժմ նաև գործընկերը։ Uteach-ի մարքեթինգի բաժնի ղեկավարն է։ «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմեց, որ գաղափարը վաղուց էր ծնվել եղբոր մոտ։ Կորոնավիրուսը օգնեց հասկանալ, որ ճիշտ ժամանակն է այն կյանքի  կոչելու։

«Հիմա կայքի թեստավորման ու ավելի լավը դարձնելու փուլն է, ունենք նաև 20-ից ավելի օգտատերեր»,- պատմում է Շուշանիկ Շահբազյանը։ 

Uteach-ի օգնությամբ յուրաքանչյուրը կարող է ունենալ սեփական պրոֆեսիոնալ օնլայն դպրոցը, որտեղ վիդեոդասեր վերբեռնելու հնարավորություն, բլոգ վարելու, քննություն կազմակերպելու հնարավորություն կլինի։

Ցանկացած մասնագետ՝լեզվաբան թե մատնահարդար, պատմաբան թե դիմահարդար, տնտեսագետ թե պարող, մաթեսատիկոս թե ֆիթնես-մարզիչ, կարող է նկարահանել վիդեոդասը, վերբեռնել այն Uteach-ի օգնությամբ պատրաստված արդեն իր սեփական կայքում և օնլայն վաճառել։

Աննա Եղիազարյանը պիլատեսի մարզիչ է: Երեք տարի է արդեն սեփական բիզնեսն ունի, որի կողքով էլ համավարակը չանցավ։  Համացանցում պատահաբար հանդիպում է մի գովազդի, որն իրեն խոստանում է բիզնեսը տեղափոխել օնլայն տիրույթ։ Որոշում է փորձել ու չի սխալվում։

Նարինե Գրիգորյանն էլ ծրագրավորող է։ Այժմ Ինֆորմատիկային պետական քոլեջի 4-րդ կուրսում է սովորում, բայց արդեն սեփական բիզնեսը հիմնելու մասին է մտածում ու դարձյալ դիմել է Uteach-ի օգնությանը։ Նարինեն, ի դեպ, Uteach-ի ամենաերիտասարդ օգտատերն է։ 

Այս հարթակն օգտագործում են նաև դպրոցի ուսուցիչներն ու որոշ ուսումնական կենտրոններ։

Uteach-ն առաջին հարթակն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս օնլայն տիրույթում, ներկայացնելով սեփական գիտելիքներն ու փորձը, գումար վաստակել։ Նախագծի ղեկավարի խոսքով` իրենք այս հարթակով նոր մշակույթ են ձևավորում օնլայն կրթության աշխարհում։ Հայաստանում նախագիծը հաջողելուց հետո թիմն այն կարտահանի ԱՊՀ շուկա ու կապացուցի, որ համավարակի օրերին էլ հնարավոր է բիզնես ստեղծել ու հաջողել։

Կարդացեք նաև
Close
Back to top button