Սպորտ

Շնողում և Ալավերդիում կկառուցվեն ֆուտբոլի խաղադաշտեր

Շնողում և Ալավերդիում կկառուցվեն ֆուտբոլի խաղադաշտեր։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Նա հայտնել է, որ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ այցելել են Ալավերդու Սարահարթ թաղամաս։

«Հաշվի առնելով մարզադաշտի առկայությունը համայնքի ստորին հատվածում՝ պրն. Մելիքբեկյանին առաջարկել էի Ալավերդու խաղադաշտը կառուցել Սարահարթում։

Աղբավայրի վերածվող տարածքը, որն առաջարկված էր, որոշեցինք չընդունել։ Տեղում որոշեցինք նաև կասեցնել շինաշխատանքի մեկնարկը, մինչև ընտրենք պատշաճ վայր խաղադաշտի կառուցման համար։ Ալավերդին միակ համայնքն է մարզում, որտեղ նման խնդրի ենք բախվել։

Շնողում համայնքապետ Դավիթ Ղումաշյանի հետ այցելեցինք շինհրապարակ։ Խաղադաշտի կառուցման աշխատանքները մեկնարկել են։ Տեղադիրքն ընտրվել է այնպես, որ խաղադաշտը լինի Շնող և Թեղուտ գյուղերի միջակայքում, որպեսզի երկու գյուղի երեխաներն էլ կարողանան օգտվել խաղադաշտից։

Եվրոպական բարձր չափորոշիչներին համապատասխան խաղադաշտերը լինելու են ճիշտ նույնը, ինչ ստորև հրապարակված վերջին լուսանկարում»,- գրել է պատգամավորը։

Back to top button