ԿարևորՀասարակություն

Լոռու մարզում իրականացվելիք 56 ծրագրից 16-ը մինչ այժմ շարունակում են խնդրահարույց մնալ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն է հրավիրել՝ ուսումնասիրելու մինչ 2019 թ.-ի ավարտը նախատեսված, սակայն չավարտված սուբվենցիոն ծրագրերի վերջնարդյունքը. դրանք ստիպված տեղափոխվել էին այս տարի, աշխատանքների ավարտման հավելյալ վերջնաժամկետ էր սահմանվել օգոստոսի 1-ը: Չնայած 7-ամսյա երկարաձգված ժամկետին՝ մի շարք ծրագրեր դեռևս ավարտական ակտեր չեն ներկայացրել: Դրանցից ոչ բոլորն են կատարվել արդյունավետ և որակյալ:

Կան համայնքներ, որտեղ աշխատանք է տարվել, ժամանակ և միջոցներ են ծախսվել, բայց ավարտուն պատկերը չի գոհացնում: 2019թ.-ին Լոռու մարզում իրականացվելիք 56 ծրագրից 16-ը մինչ այժմ շարունակում են խնդրահարույց մնալ: Դեռևս շինաշխատանքների ավարտական ակտեր չեն ներկայացվել Վանաձորի թվով 4 սուբվենցիոն ծրագրերի (Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի նորոգում, Հայքի հրապարակի բարեկարգում և հիմնանորոգում, երկրորդային փողոցների կապիտալ նորոգում, համայնքային այգիների ու պուրակների վերակառուցում), ինչպես նաև Թումանյանի Լորուտ բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի, Դարպասի, Դսեղի ճանապարհների և մի շարք այլ սուբվենցիոն ծրագրերի մասով: Խնդիրներ կան նաև Ստեփանավանի ճանապարհների նորոգման ծրագրի հետ կապված:

Սա նշանակում է, որ այս ծրագրերը չեն ընդունվի, և այն իրականացնող կազմակերպություններին գումար չի տրամադրվի այնքան ժամանակ, մինչև առկա բոլոր թերությունները չվերացվեն ու աշխատանքները չհասցվեն տրամաբանական ավարտին:

Մարզպետի հանձնարարականն է՝ սահմանել հստակ ժամկետներ. եթե առաջիկա 1-2 ամսվա ընթացքում իրականացված ծրագրերի մասով ավարտական ակտեր ներկայացվեն և առկա բոլոր թերացումներն ու բացթողումները շտկվեն, շինկազմակերպություններին կփոխանցվեն ծրագրային գումարները, հակառակ դեպքում՝ խնդիրները կտեղափոխվեն իրավական դաշտ:

Back to top button