ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Սևանի «բուժումը» տասը տարի կպահանջի

Սևանի փոխարեն, եթե ճահիճ ունենանք, Հայաստանը կկորցնենք,  «Ռադիոլուրի հյուրասրահ»-ում իր անհանգստությունն է հայտնել աշխարհագրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կարինե Դանիելյանը: Սևանա լճի ծաղկումը Էկոլոգների համար նորություն չէ, այն ծաղկել է 64թ.-ից ի վեր, ասում է Դանիելյանը։

Պատճառը տասնամյակների անփույթ վերաբերմունքն է: Անհանգստությունը մնում է նույնը. ճահճացման վտանգը գնալով կավելանա, եթե օր առաջ քայլ չարվի:

Կարինե Դանիելյանը կարծում է, որ ջրի մակարդակի դանդաղ  բարձրացումը նույնպես խաթարել է Սևանա լճի էկոհամակարգը։

Ստեղծված վիճակը մարդու գործունեության հետանք է, վստահ է  Կանաչների կուսակցության  նախագահ Արմենակ  Դովլաթյանը: Ըստ նրա՝  ձկնապաշարի նվազումը  կանխում է լճի ջրի անհրաժեշտ զտումը՝  ֆիլտրումը: Դովլաթյանը մտահոգված հարցնում է՝ ինչո՞ւ չեն կանխում որսագողությունը:

Կանաչների կուսակցության նախագահն ասում է, որ յուրաքանչյուր նոր  իշխանություն ու ոլորտի նոր նախարար սկսում է ուսումնասիրությունից։ Որքա՞ն կարելի է ուսումնասիրել՝ ասում է։

Մասնագետները վստահ են, որ Սևանի փրկության հանձնաժողով է պետք ստեղծել:

Հայաստանի բնապահպանության համար Սևանի խնդրից պակաս կարևոր չէ հանքարդյունաբերությունը։ Պետությունը պետք է օգտագործի իր բոլոր լծակները հանքարդյունաբերությունը հարկային դաշտ բերելու և օրենսդրական առկա երկակի  ստանդարտները վերացնելու համար՝ ասում են նրանք:

Back to top button