ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս է քաղաքապետը պաշտպանելու Մաշտոցի պուրակն այս անգամ

Մաշտոցի պուրակում սկսված շինարարությունը երեկվանից թեժ քննարկում է բարձրացրել։  Շատերը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հիշեցնում են 2012–ի պայքարը, երբ հասարակական և մշակութային գործիչները  կանգնեցին ի պաշտպանություն պուրակի  և  կասեցրին սկսված կառուցապատումը։

Երեկվանից արդեն նույն տարածքում հատվել է 4 ծառ և նորից վերսկսվել է շինարարությունը։ Իրադարձությունները պարզաբանելու  համար  Երևանի քաղաքապետարանում այսօր քաղաքապետը հանդիպել է լրագրողների հետ։

Երևանի Մաշտոցի պուրակում հայտնաբերված անօրինականությունը վերացնելու փոխարեն Երևանի քաղաքապետարանը նախընտրել է այլ գնալ տարբերակով՝ բանակցել տարածքի  սեփականատիրոջ հետ։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության․ «Եթե ձեզ թվում է, որ գնում, դուռը ծեծում ես, ասում ես՝ բարև ձեզ, մենք ուզում ենք Ձեր սեփականությունը քանդել, ասում են ՝ բարև ձեզ, իհարկե, ես էլ Ձեզ էի սպասում։ Այդպես չի լինում։ Դրանք բանակցություններ են։ Եվ բանակցությունները հետևյալն են․ ասում ենք՝ եղբայր, արի մենք զրկենք քեզ քո սեփականությունից ֆիզիկապես, թղթով, դրա փոխարեն քեզ տանք կառուցապատման իրավունք։ Դա աշխատանք է, այդ մարդկանց հետ պետք է աշխատել։ Բանակցություններ են մաքուր։ Բայց դա կլինի արդեն համայնքի գույքը, և մենք գալիս ենք դրան։ Եվ դա մեր պուրակի հաղթանակի շարունակությունն է, որ վերջնական պուրակը դառնա մերը՝ Երևանինը»։   

Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տարածքի համար պայքարը սկսվել է դեռ 2012–ին, երբ հանրային ճնշումը թույլ չտվեց այն ժամանակ կառուցապատել Մաշտոցի պուրակը։ Շարունակությունը 2018–ի մայիսի 16–ին էր։ «Թավշյա հեղափոխության» ամենաթեժ շրջանում, պարզվում է,  քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշում է ստորագրել․ Մաշտոցի պուրակում 277 քմ սեփականություն ունեցող անձին հատկացնել 3–4 անգամ ավելի մեծ տարածք՝ մինչև 2040 թ․ դեկտեմբերը վարձակալության իրավունքով։

Օրենքները հարգելու իշխանությունների սկզբունքը և եղած փաստաթղթերն են իրավունք տվել կառուցապատողին շինաշխատանքներ սկսել՝ պարզաբանում է քաղաքապետը։ Նույն կառուցապատողը, սակայն, մշտապես փորձել է շեղվել նախագծերից և տրված «սահմաններից», ինչի համար մինչ այսօր կազմվել է 4 արձանագրություն։ Այժմ աշխատանքները դադարեցված են, մինչև լուծումը կգտնվի։

Նման դեպքերի համար Հայկ Մարությանը վկայակոչում է սեփականության իրավունքի գերակայությունը․ «Եթե չենք խոսում, որ եկեք հայտարարենք, կներեք այս բառի համար, «բեսպրեդել» է և մենք բուլդոզերներով մտնում ենք,  և մարդկանց օրինական գրանցված գույքերը սկսում ենք քանդել։ Հենց օրենքը այդ իրավունքը ինձ տա, առաջինը ես կնստեմ բուլդոզեր։ Բայց քանի դեռ օրենքն այդ իրավունքը չի տալիս ինձ, ես օրենքի սահմաններում մաքսիմալը քաղելու եմ այս քաղաքի համար։ Պրոցեսներ են տեղի ունենում Երևան քաղաքում, որոնք, ցավոք սրտի, մեզ որպես ժառանգություն է հասել, և մենք ստիպված ենք այս անկարգությանը եղած օրենսդրական կարգավորումներով, ոչ թե մեր ցանկությամբ, լուծումներ տանք։ Եթե իմ ցանկությամբ լիներ, ես շատ և շատ բաներ շատ ավելի արագ կանեի, շատ ավելի ուրիշ ձև կանեի, բայց, ցավոք սրտի, իմ ցանկությունը գալիս և բախվում է օրենքների պատնեշներին»։    

Խնդրին արձագանքել է նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։ Ֆեյսբուքում գրառման միջոցով 3 կետով հիմնավորել է, թե ինչու քաղաքային  իշխանությունը պետք է չհարմարվի վատ օրենքներին և ինչպես կարելի է հանրային շահ սպասարկել՝ հանրային կարծիքի վրա հենվող որոշումներ կայացնելու համար։ Ի վերջո նույն հանրային կարծիքն էր, որ 2012–ին կասեցրեց նույն շինարարությունը։

Քաղաքային իշխանությունները պատրաստվում են դիմել օրենսդիրին՝ եղած օրենքների բացերը ուղղելու և խնդիրների լուծման ճանապարհին օրենսդրական պատնեշները վերացնելու համար։ Կենտրոն համայնքի ղեկավար Ավետ Պողոսյանը խոսում է այսպիսի խնդիրների օրինաչափության մասին։

«Հիմա շրջանառության մեջ է վարձակալական պայմանագիրը անորոշ ժամանակով երկարացնելու դրույթը փոփոխելու նախագիծը, որով պետությունը շատ ավելի ազատ կգործի և ավարտված պայմանագրերը ստիպված չի լինի երկարացնել կամ առանց երկարացնելու դրանք կմնան ուժի մեջ։ Սրանք կարևոր գործիքակազմ են, որոնք մենք ընթացքում ենք հասկանում, թե ինչ նորմեր են առաջ կիրառվել, ոնց են այդ օրենքները կարգավորվել։ Օրինակ բերեմ․ մեկ անգամ համայնքի հետ հողային պայմանագիր ունեցող տնտեսվարողը, ըստ էության, հավերժ կարող է այդ պայմանագիրը կիրառել։ Այս պահին մոտավորապես այդպես է։ Բայց մենք դա փոխելու ենք և շատ արագ։ Օղակաձև զբոսայգու հատվածում, որտեղ ունենք 98 տնտեսվարող, նրանց պայմանագրերը, մեծ մասը ավարտից հետո դադարելու են գործել և հողային տարածքները անցնելու են համայնքին և կանաչապատվելու են»։

Մայրաքաղաքի կանաչապատման հարցը մեկ այլ խնդիր է։ Մասնագետների կողմից գույքագրված ոչ կենսունակ ծառերի թիվը 437–ից արդեն անցել է 500–ի սահմանը։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի փոխտնօրեն, դոցենտ Քրիստինե Վարդանյանը բացատրում է՝ Երևանի կանաչապատման համար ընտրված ծառերի թեղի տեսակը լավագույն լուծումը չէ։ Լավ պայմանների դեպքում  նրանք ապրում են մինչև 50 տարի՝ հետո գալիս է նրանց փոխելու ժամանակը։

«Ժամանակի ընթացքում ամբողջ քաղաքում մենք հեռացնելու ենք բոլոր թեղիները, որովհետև առաջինը՝ կյանքի տևողությունն նէ արդեն վերջանում և երկրորդը՝ մենք արդեն ունենք ամբողջ քաղաքում զանգվածային թեղու տերևակրով, վնասատուի կողմից ծառի վնասում։ Շատ մեծ քանակով, որի դեմ մենք պայքարել չենք կարող։ Այս տարի մենք արել ենք 3 սրսկում ամբողջ քաղաքում և բակային տարածքներում, բայց մենք չենք կարողանում հասնել այն արդյունքի, որը պետք է։ Որովհետև երկար տարիներ այս գործընթացները չեն արվել այնպես, ինչպես պետք է և միջատը ակտիվանում է, նրա գրոհը ավելի ուժեղ է, իսկ ծառը ռեսուրս չունի, որ կարողանա պայքարի։ Եթե դուք տերևների նայում եք՝ ամբողջությամբ ծակված, այսինքն՝ ֆոտոսինթետիկ մակերեսը, որ պետք է մեզ համար թթվածին սինթեզի մոտավորապես 5 անգամ ավելի փոքր է, քան կլիներ, եթե ծառը չլիներ վնասված։ Ստացվում է, որ մենք ունենք այդ կանաչ ֆիլտրը, բայց ֆունկցիան չի կատարում»։   

Արդեն որոշվել է, թե ապագայում Երևանի փողոցներում թեղի ծառատեսակին որ ծառերն են փոխարինելու։ Հնարավոր տարբերակները պլատան և սաֆորան են։ Դրանք բարձր սանիտարական հատկանիշներ և դեկորատիվ էֆեկտ ունեն, նաև կյանքի տևողությունը շատ ավելի երկար է։ Այդ ծառերը նախատեսված են հենց հարավային երկրներում աճելու համար;   

Back to top button