ԿարևորՀասարակություն

Երևանի քաղաքապետը՝ Մաշտոցի պուրակի կառուցապատման մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Մաշտոցի պուրակի կառուցապատման վերաբերյալ այսօր հայտնել է, որ սրճարանը, որում շինաշխատանքներ են իրականացվում, համայնքային գույք է:

Նա ասել է, որ սրճարանն ուներ կադաստրով գրանցված 277 քմ և 17 քմ-ի համար սեփականության իրավունք:  2018 թվականի մայիսի 16-ին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվել էր որոշում, որով մինչև 2040 թվականի դեկտեմբերը վարձակալության էր տրվել 1048 քմ տարածք, մինչ այդ եղած 386քմ-ի փոխարեն: Արձանագրվել էր նաև 277 քմ և 17քմ տարածքների նկատմամբ սեփականության իրավունքը:

Հայկ Մարությանը նշել է, որ այդ որոշումն ինքը չեղյալ է համարել: Նույն տարածքում տրվել է կառուցապատման իրավունք՝ վարձակալության հիմունքով, ինչը նշանակում է, որ գույքը համայնքային է.

«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ 277 և 17 քմ սեփականությունները քանդելու ենք, վերացնելու ենք սեփականությունը, և դրա փոխարեն տալու ենք այդ նույն տարածքում կառուցապատման իրավունքով վարձակալության իրավունք, ինչը նշանակում է, որ կառուցվող գույքը կհամարվի համայնքային գույք»։

Գույքի վարձակալության ժամկետի ավարտից հետո արդեն քաղաքապետարանը կորոշի ինչպես վարվել տարածքի հետ:

«Սա լավագույն լուծումն է համայնքի համար, եթե մենք խոսում ենք օրենքներով, այլ ոչ՝ բեսպրեդելով, երբ մենք բուլդոզերներով մտնում ենք ու մարդկանց օրինական գույքը քանդում։ Հենց օրենքն ինձ այդ իրավունքը տա, առաջինը ես կնստեմ բուլդոզեր, բայց քանի օրենքն այդ իրավունքը չի տալիս ինձ, պետք է այլ ճանապարհով գնալ»,- ասել է Հայկ Մարությանը։

Քաղաքապետը շեշտել է, որ նմանատիպ խնդիրներ կան նաև մայրաքաղաքի այլ հատվածներում, մասնավորապես, Օպերայի հարակից տարածքում։

Back to top button