ԿարևորՀասարակություն

Դեբետը շարունակվում է աղտոտվել. ո՞րն է ելքը

Յուրաքանչյուր անձրևից հետո Դեբետ գետ են լցվում դեղնավուն ջրեր։ Ծանր մետաղներով հագեցած գետի ջրով էլ ոռոգվում են  գյուղատնտեսական հողերը։ Դեբետի աղտոտման վերաբերյալ բնապահպանները շարունակ ահազանգում են։ Ի՞նչ լուծում են տեսնում պատկան մարմինները։

Վերջին օրերի հորդառատ անձրևներից հետո Լոռու մարզի Մադան գյուղից  իջնող  ամբողջությամբ  դեղնավուն վտակը լցվել է Դեբետ գետը։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ դրանք  գյուղում գտնվող հին հանքերի, հանքախորշերի և պոչամբարներից եկող  թափոնների արդյունք են։

«Դեբետ գետի Մադանից իջնող վտակն է ամբողջապես թափոնակույտերով։ Լքված պոչամբարներից  թափոններով, այսպես դեղին գույնի, գալիս է և միախառնվում  Դեբետ գետին»,- ասում է Օլեգ Դուլգարյանը։

Այս վտակը Դեբետ գետն աղտոտողներից մեկն է  Ալավերդի քաղաքում՝ Սանահինի կամուրջի մոտ։ Ալավերդիից մինչև Ախթալա Դեբետ գետն աղտոտվում է, ասում է բնապահպան զրուցակից։  Խնդիրը ներկայացվել է նաև Ալավերդու համայնքապետարան, սակայն սայլը տեղից չի շարժվում։

«Երբ որ համայնքապետարանին, ավագանուն  առաջարկություն է արվում բնապահպանական  գումարներն ուղղել թափոնների կառավարմանը, ապա դա այնքան էլ ոգևորությամբ չի ընդունվում։ Գումարներն այդ ուղղությամբ չեն ծախսվում»,- ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահը։  

Ալավերդիի համայնքապետ Սասուն Խեչումյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ 370 մլն դրամ արժողությամբ բնապահպանական ծրագրեր են իրականացվելու համայնքում։ Թունավոր թափոնների կառավարման հարցում պետք է ունենան  լիազոր մարմինների եզրակացություններ։  

«Թունավոր թափոնների կառավարման, այսպես ասած, ռազմավարական փաստաթուղթ պետք է լինի, որի հիման վրա գործողություն կատարվի։ Թունավոր թափոնների միջավայրը քարտեզագրված միայն ունենք մկնդեղի  պահեստ, որի համար գործողություններ հիմա էլ ենք անում։ Քանի որ ինքը մասնագիտական և կառավարման առումով   միայն համայնքային չէ, համագործակցում ենք  ՇՄ եւ ՏԿԵ նախարարությունների հետ»,- նշում է Խեչումյանը։

Նախորդ ամիս Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը դիմել է  տարածքային կառավարման  և  ենթակառուցվածքների  նախարարություն՝ առաջարկելով կազմել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Ալավերդիում   թափոնակույտերի խնդիրը և կփորձի  միջոցներ ձեռնարկել դրանց լուծման համար: Նախարարությունից  հասարակական կազմակերպությանը պատասխանել են, որ տեղյակ են  թափոնակույտերի խնդրին։

Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացրել է    քարտեզագրում, սակայն  այս պահին աշխատանքային խմբի ստեղծումը նպատակահարմար չէ։ Ավելին,  հասարակական կազմակերպությանն  առաջարկել են  ծրագիր և ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում  հարցը քննարկել նրանց հետ։   

Շրջակա միջավայրի նախարարությունից  «Ռադիոլուրին» փոխանցեցին, որ  նորանշանակ  նախարար Ռոմանոս Պետրոսյանն առաջիկա շաբաթում  խորհրդակցություններ է  անցկացնելու համապատասխան ստորաբաժանումների  հետ և դրանից հետո կպատասխանեն թափոնների կառավարման խնդրի լուծման  ուղիների մասին հարցերին։

Այնուամենայնիվ, բնապահպան Օլեգ Դուլգարյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ չեխ մասնագետները 2018 թվականին Ալավերդի, Շնող և Ախթալա համայնքներում ծանր մետաղների առկայությունն են ուսումնասիրել։ Համայնքների հողերից, գետերի հուներից, բնակիչների մազերից  վերցված  նմուշներն ուսումնասիրվել են Պրահայի քիմիայի և տեխնոլոգիաների համալսարանում։ Արդյունքում, հողի, սննդի, բնակիչների մազերի մեջ հայտնաբերվել են  ծանր մետաղներ։

Back to top button