ԿարևորՀասարակություն

ԱԱԾ-ն պարզում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը. վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզված տեղեկատվության մասին լուրերին:

«Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ «ադրբեջանական հաքերային հարձակման» հետևանքով ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզվել է մեծածավալ տեղեկատվություն, հայտնում եմ հետևյալը.

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը։

Սա, սակայն, չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։ ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու և պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»,- գրել է վարչապետի խոսնակը։

Ավելի վաղ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարել էր, որ ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն:

Back to top button