ԿարևորՀասարակություն

Կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը

Ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները, ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Նա հանդիպել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի հետ, քննարկել Սևանի ավազանի ափամերձ տարածքների ապօրինի կառուցապատման առկա վիճակը.

«Իմ կարգադրությամբ կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում կապամոնտաժվեն ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։ Հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարկվում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ։

Մենք գնալու ենք այդ քայլին, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։

Ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարը կիրազեկի տնտեսվարողին՝ ամենասեղմ ժամետում կասեցնելու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում ապամոնտաժելու ապօրինի տեղադրված տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։ Դա պետք է արվի կտրուկ ու վճռական քայլերով։

Երաշխավորում եմ, հետայսու այս և նմանատիպ տարածքները տնտեսվարողներին կտրամադրվեն բացառապես մրցութային կարգով և գործող օրենսդրության համաձայն ու ընթացակարգերի խիստ պահպանմամբ։

Իմ առաջին այցելությունը մայրաքաղաքից դուրս նախատեսված է Սևան ազգային պարկ, շրջայցի ընթացքում կլինեմ նաև այդ ափում՝ տեղում ծանոթանալու արդեն իսկ իրականացված աշխատանքին։

Շրջակա միջավայրի նախարարի կարգավիճակում իմ գործունեության վերաբերյալ որևէ մեկի մոտ չի կարող տարակարծություն ստեղծվի, որ մեր գերատեսչությունն իր հետագա խորքային բարեփոխումների շրջանում կարող է երևույթները պայմանավորել անձերով։ Ես այդ պատասխանատվությունը թե՛ քաղաքական, եւ թե՛ իրավական առումով վերցնում եմ ինձ վրա։ Ի գո՛րծ»։

Back to top button