ԿարևորՀասարակություն

Ամուլսարի շուրջ իրավիճակը սրվել է

Իրավիճակը սրվել է Ամուլսարի շուրջ։ Լիդիան ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունն այս գիշեր հանել է Ամուլսարի պահապանների վագոն-տնակները՝ փոխարենը դնելով իրենցը։  

Ամուլսարի պահապանները պնդում են, որ Լիդիանի պահնորդները թույլ են տվել ապօրինություն, քանի որ իրենց վագոն-տնակները տեղադրված են եղել Լիդիանին չպատկանող տարածքում։ Սարի պահապանները կոչ են արել համախմբվել և ավարտին հասցնել 2.5 տարվա պայքարը։

Լիդիանը, մինչդեռ, պնդում է, որ օրինական գործողությամբ սեփական ուժերով վերականգնել է սեփական տարածքներից օգտվելու իր իրավունքը, ինչը պետք է կատարեր ոստիկանությունը։ Խնդրին արձագանքել են նաև ոստիկանությունից։

Ամուլսարի պահապանները մեղադրում են Լիդիան ընկերությանը՝ իրենց նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու մեջ։ Նրանք պնդում են, որ ոստիկանության հետ ունեցել են պայմանավորվածություն, մինչդեռ Լիդիանի նոր  պահնորդները, անտեսելով այդ պայմանավորվածությունը, իրենց տնակ-վագոնները հեռացրել են ընկերությանը չպատկանող տարածքից և մնացել անպատիժ։

«Տնակները գտնվում էին այն տարածքում, որը կոնկրետ համայնքային սեփականություն է։ Ընկերությունը առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու էդ գործողությունները իրականացրել է»,- աում է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ 

«Պահնորդական ծառայությունը մի քիչ չակերտավոր է։ Էնտեղ մտել են նրանք ինչ-որ աշխատանքներ են անում, որը ոչ մեկիս հայտնի չէ։ Պահնորդական ծառայությունը, երբ որ կարող է այնտեղ 4-5 հոգի պահել ամեն մի պոստում, ամեն տարածքում, 50-60 հոգի մարդ է մտցրել, ինչի՞ համար։ Դրանից բացի, սարերով գաղտնի ինչ-որ մարդիկ են տանում այնտեղ՝ 5, 10, 15 հոգի։ Ինչի՞ համար։ Ոչ ոք այդ պատասխանը չունի»,-նշում է ակտիվիստներից մեկը։

Մի խումբ բնապահպաններ այսօր առավոտյան նախ բողոքի ակցիա են անցկացրել նախարարությունների շենքի դիմաց՝ Շրջակա միջավայրի նախարարությանը մեղադրելով անգործության մեջ։ Ակցիայի մասնակիցները պահանջել են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ը.   

«Սա նախարարության միակ գործառույթն է, որը կարող է անել։ Ամենօրյա անգործությունը բերելու է այրունահեղության, որովհետև էս մեկ ամսվա ընթացքում բռնության են ենթարկվել Ամուլսարի պահապանները, նրանց նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառվել։ Բերել են պահնորդական մի հատ կազմակերպություն, որը բեյջեր չի կրում և մենք չգիտենք, թե այդ աշխատակիցները արդյո՞ք  համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը, որ վերահսկում է օրինակ ՀՀ ոստիկանությունը։ Պիտի ոստիկանությունը քննի և հասկանանք, թե այդ պահնորդական կազմակերպությունը ինչ խումբ է և ինչի համար են Ամուլսարում։ Եկել են սադրելու»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ոստիկանությունից, մինչդեռ, այսօր հայտնել են, որ Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով ուսումնասիրություն է կատարում։

Խնդրի հետ կապված հայտարարություն է տարածել նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ հիշեցնելով, որ «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել։

Մեզ հետ հեռախոսազրույցում ընկերության իրավաբան Խորեն Նասիբյանն ասաց, որ ընկերության պահնորդական ծառայությունը, օրենսդրությամբ նախատեսված հնարավորությամբ, ընկերության սեփական տարածքից հեռացրել է արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող գույքը։

«Լիդիանը ընդամենը կատարել է մի գործառույթ, որն իրենից ներկայացնում է իր օրինական տիրապետման տակ գտնվող տարածքներից ներխուժման վերացում։ Այսինքն՝ տարածքներն ազատվել են այլոց գույքից գույքից և հենց այլոցից։ Այսինքն, տարածքում եղել են անձիք, որոնք այդտեղ գտնվելու որևէ իրավասություն չեն ունեցել։ Տարածքները պատկանում են Լիդիանին և Լիդիանը դեմ է եղել այնտեղ գտնվելուն, բազմիցս դիմել է ոստիկանություն, ոստիկանությունը իր գործողություններով, փաստորեն, մինչ այժմ չի վերացրել ներխուժումը, ինչը Լիդիանը կատարել է իր ուժերով և դա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սեփականության իրավունքին վերաբերող համապատասխան հոդվածների շրջանակներում է։ Այսինքն՝ վերականգնել է իր տարածքից ազատորեն օգտվելու իր իրավունքը»,- ասաց իրավաբանը։

Մինչ Երևանում նախարարությունների շենքի դիմաց բողոքի ակցիա էր անցկացվում, Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ իրենք սկսել են հավաքվել, մեքենաներով շրջում են, ուղևորվում դեպի Ամուլսար և որ այդ հարցն այսօր պետք է լուծվի:

«Կապ չունի՝ ով որտեղ է ապրում, պետք է ստեղծել հնարավորություն ու այսօր գալ Ամուլսար, այս երկուսուկես տարվա պայքարի հանգուցալուծումը պետք  է այսօր լինի հենց, եթե թողնենք մարդիկ այսպես քայլ առ քայլ փուլերով տանեն Ամուլսարի ճանապարհները բացելուն, ուրեմն անիմաստ էր այս երկուսուկես տարին ու այս երկրում մենք տեղ չունենք ու ամեն ինչ սխալ է»,- ասում է Ջերմուկի բնակիչը:

Բնապահպանները տարակուսանք են հայտնում, որ պահնորդական ինչ-որ ծառայություն կարողանում է իր վրա գործառույթ վերցնել ու ոստիկանության փոխարեն մեկ գիշերվա մեջ ճանապարհներ բացել։

Մինչդեռ, վերջինս, ըստ պայմանագրի, պետք է ընդամենը գույք պահպաներ. 

«Իր լիազորություններից դուրս գալով, եթե այդքանն անում է ու Վայոց Ձորի ոստիկանապետը մեզ ասում է՝ իրավունք չունեն խանգարեն իրենց, ուրեմն, չմոռանանք, որ ժողովուրդն ավելի մեծ իրավունքներ ունի ու մենք ժողովրդով պետք է լուծենք այս հարցը՝ առանց սադրանքների, առանց բռնության, ուղղակի ժողովրդի շատությամբ, համառությամբ պետք է լուծենք այս հարցը»,- նշում է բնակիչներից մեկը:

Այն, որ Ամուլսարը պետք է սար մնա, դա չի քննարկվում, հիմա պետք է զսպենք այս սադրանքները ու վերջ տանք սրան՝ ասաց Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի պահապան-ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close