ԿարևորՀասարակություն

Խոշոր մասնավորեցումների փաստաթղթերն անհետացել են

Հայաստանում պետական գույքի սեփականաշնորհման գործընթացը սկսվել է 1991 թվականից։ Հատկապես պետական գույքի  մասնավորեցման շատ  գործարքներ  հանրության մեջ կասկածներ են առաջացրել, դժգոհության ու բողոքի ալիքներ բարձրացրել։ Այսօր պարզվում է, որ մի շարք խնդրահարույց մասնավորեցումների փաստաթղթեր չեն պահպանվել և անգամ հայտնի չէ, թե կոնկրետ դեպքերում ովքեր են վարել բանակցությունները։

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն իրականացրել է հետազոտություն, որն առնչվում է 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Հայաստանում պետական ընկերությունների և գույքի մասնավորեցման գործընթացին։ Ուսումնասիրել են էներգետիկայի, հեռահաղորդակցության, ֆինանսական, հանքարդյունաբերության, տրանսպորտի և մի քանի այլ ոլորտներում կատարված խոշոր գործարքները։

Հայաստանի պետական գույքի մասնավորեցման կնճռոտ պատմության մեջ եղել են նաև դրվագներ, երբ վաճառվել է անգամ Սահմանադրությամբ և օրենքներով անօտարելի համարվող պետական  սեփականությունը։ Օրինակ՝ 2014–ին  ամերիկյան ընկերության կողմից Որոտանի ՀԷԿ–երի համալիրը գնելուց հետո պարզվեց, որ առքուվաճառքի արագության մեջ չի նկատվել, թե ինչպես են «վաճառվել» նաև 3 ջրամբարները։

Խորհրդարանում բարձրացված աղմուկից հետո  միայն փոփոխություններ արվեցին և խնդիրը շտկվեց։  Այսպիսի գործարքները շատ են տարբեր ոլորտներում։  Աղմկահարույց օտարումների կասկածները մնացել են, բայց փաստաթղթային որևէ հիմք գտնել այլևս հնարավոր չէ։

Այս խնդրի մասին խոսում է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը․

«Պետական գույքի կառավարման կոմիտեում, որը նախկինում կառավարությանն առընթեր վարչություն էր,  2011 թվականից հետո է  սկսվել  այդ բազայի վարումը ։ Այսինքն՝ մի ահռելի ծավալի ինֆորմացիա կամ բացակայում է, կամ արխիվներում է։ Ընդ որում՝ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արխիվներում նույնպես հիմնականում չկան կամ հատորներից բացակայում են շատ արժեքավոր տեղեկություններ»։  

Թեև պետական գույքի մասնավորեցումը սկիզբ է առել 1991 թվականից, բայց արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտի և կապի ոլորտի 1500-ից ավելի խոշոր օբյեկտների օտարումը տեղի է ունեցել 1995-2005 թվականներին։ Առանց աճուրդի ուղիղ վախճանքներ, իրական արժեքից ցածր գնահատումներ, ձեռք բերված գույքի վերավաճառք, ինչի արդյունքում ոչ թե պետությունը, այլ  առաջնային գնորդը մեծ եկամուտներ է ստացել: Այս ամենը եղել է։  

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետները բախվել են ոչ թափանցիկ, գաղտնի վաճառքների փաստերի, սուղ տեղեկատվության, երբ իրականացրել են ուսումնասիրություն Հայաստանում մասնավորեցումների և օտարերկրյա ներդրումների վերաբերյալ։  

«Նեդրողների, սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ։ Եթե ՍՊԸ–ների հետ կապված տեղեկատվությունը հնարավոր է գտնել e–register–ում, ապա ՓԲԸ–ների վերաբերյալ տեղեկատվությունը գրեթե անհնար է գտնել։ Մենք մտահոգություն ենք հայտնում կառավարության տեղեկատվական շտեմարանների անվտանգության հետ կապված, քանի որ նկատել ենք դեպքեր, որ այդ շտեմարաններում եղած տեղեկատվությունը հենց նույնիսկ հետազոտության ընթացքում, ես նկատել եմ, որ փոփոխության է ենթարկվում և անհասկանալի է, թե ով է կատարում այդ փոփոխությունները, ինչու են մինչև հիմա փոփոխություններ կատարում և ինչ հիմքով»,- ասում է Հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Քյուրումյանը։   

Մասնագիտական հետազոտության ընթացքում խնդրահարույց տարբեր դեպքեր են ի հայտ եկել։ Ուսումնասիրության մեջ օրինակներ էլ են կան․

«Օրինակ՝ ամերիկյան «Կոնտուր գլոբալ»–ին Որոտանի կասկադի վաճառքի սկզբնական պայմանագիրը մինչև հիմա գաղտնազերծված չէ, և անհասկանալի է, թե պետական գույքի սեփականաշնորհման հետ կապված ինչ գաղտնի հանգամանքներ կան։ Կամ՝ 2013–ի գազային համաձայնագրերի դեպքում Հայաստանը, ըստ էության, կորցրել է այլընտրանքային աղբյուրներից գազ ներկրելու հնարավորություններից։ Այս հետազոտության շրջանակներում բավական տեղ է հատկացված այդ ամբողջ պատմությանը և «ՀայՌուսԳազարդ»–ի վերջին 20% մասնաբաժնի վերաբերյալ բանակցություններին։ Անհասկանալի է, թե ով է հայկական կողմից վարել բանակցությունները, ինչու է սահմանվել մինչև 2043 թվականը այն մենաշնորհային դիրքը, որ տրվել է «Գազպրոմ»–ին։ Հաշվի առնելով մյուս համաձայնագրերը՝ տրամաբանական կլիներ տալ մինչև 2023 թվականը։ Հիմնային փաստաթղթերն առկա չեն»,- նշում է փորձագետը։

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ»–ի հետազոտության մեջ կա նաև անդրադարձ «Սևան–Հրազդան» կասկադին, որը ռուսական կողմին փոխանցվեց 40 միլիոն պարտքի դիմաց՝ որպես 25 միլիոնի հատուցում։ Գործարքի գաղտնիությունը նույնպես բազմաթիվ անպատասխան հարցեր թողեց։ Հայաստանում հանրային ունեցվածքի մեծ մասն արդեն մասնավորի ձեռքում է, որպես կանոն՝ օտարերկրացիների։

 Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կասկածում է, որ օտարումների գործընթացը վերահսկող որևէ մարմին այն ժամանակ կկարողանար կանխել գործընթացը․

«Ո՞վ կարող էր արգելել «Վիվա Սելլ»–ի մասնավորեցումը, երբ մի գիշերվա մեջ Քոչարյանը «Վիվա Սելլ» մասնավորեցրեց։ Եվ մնացած բոլոր գործարքները վերցրեք։ 1997 թվականին Հայաստան և Ռուսաստան նախագահների, հետո կառավարությունների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց,  որ «Հայգազ»–ը, որը  հետո «ՀայԳազարդ» դարձավ, հետո՝ «ՀայՌուսգազ»,  պետք է մասնավորեցվի՝ բաժնեմասի 45 %–ի սեփականատերը դարձավ ՌԴ–ն, 10%–ինը՝ «Իտերա»–ն, 45%–ինը՝  Հայաստանի Հանրապետությունը։ Այդտեղ մի կետ կար։ 45%–ը ՌԴ–ն պետք է փոխանցեր մատակարարվող գազով, որի արժեքը կազմում էր 148 միլիոն դոլար։ Նախնական պայմանավորվածությունն այն էր, որ այդ 148 միլիոնը պետք է մտներ պետական բյուջե։ Այդ գումարը չկա։ Մինչև հիմա ո՞վ է վերցրել, որտե՞ղ է օգտագործվել ՝ չկա։ Վազգեն Սարգսյանը, երբ 1999–ին վարչապետ էր, փորձեց այդպիսի մի հանձնաժողով ստեղծել, հետո՝ կորավ, հոկտեմբերի 27 և վերջ»,- ասում է Վահագն Խաչատրյանը։  

Մինչ մասնագետները փորձում են բացահայտել նախկինում կատարված մասնավորեցումների  գաղտնիքները, օտարումների գործընթացը շարունակվում է։ Այս փուլում մասնավորեցման ենթակա շինություններից  արժեքով  ամենամեծը  Օրբելի փողոցում գտնվող զինվորական  նախկին հոսպիտալի շենքն է՝17 միլիոն դոլար։   Կառավարությունը  կարծում է, որ այն  կարող է  հյուրանոցային համալիրի նշանակությամբ շահագործվել։ Ներդրումային մեծ հետաքրքրություն ունեցող գույքի օտարման նախապատրաստական աշխատանքներով այժմ զբաղվում է հատուկ հանձնաժողովը, որն հավանություն է տվել նաև մի քանի այլ տարածքների և գույքի սեփականաշնորհման ծրագրին։    

Ճիշտ և լավ կառավարման առումով մասնավորի մուտքը տարբեր ոլորտներ այս պահին էլ արդարացված է համարվում, իհարկե, թափանցիկ աշխատանքի դեպքում։ Որպես օրինակ ներկայացվում է պաշտպանության նախարարության ծրագիրը, երբ սկզբում վիճահարույց համարվող քայլով լուծվեց սննդի խնդիրը։

Back to top button