ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի արտասահմանյան սադրանքները․ կազմակերպված ակցիա՝ Թել Ավիվում

Հանգստյան օրերին Տորոնտոյում միջադեպ արձանագրվեց հայերի և ադրբեջանցիների միջև: Կանադայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու քաղաքականությունը և կոչ անում մեր հայրենակիցներին զգոնություն ցուցաբերել և չտրվել որևէ սադրանքի։

Նման ակցիաների պակաս վերջին շրջանում չկա, հերթականը նախատեսվում է Իսրայելում օգոստոսի 9- ին։ Այն տարբերվում է նախորդներից, քանի որ կազմակերպվելու է հայկական եկեղեցու մոտ և հավանականություն կա, ըստ բլոգեր Ալեքսանդր Լապշինի, որ վանդալիզմի դրսևորումներ նկատվեն։

Բաքվի նախաձեռնությամբ, աշխարհի տարբեր երկրներում հայերի դեմ ուղղված ադրբեջանական ակցիաները շարունակվում են։ Այս անգամ Իսրայելի ադրբեջանական համայնքը մտադիր է  օգոստոսի 9-ին ակցիա անցկացնել Թել Ավիվ-Յաֆֆա հայկական եկեղեցու մոտ։ Տեղեկությունը չի վրիպել հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ուշադրությունից։

«Ալիև, ձեռքերդ հեռու հայկական եկեղեցուց» գրությամբ նա կարծիք է հայտնում, որ այս անգամ հավանականությունը մեծ է, որ Բաքվից հրահանգել են՝ անկարգություններ հրահրել և հարձակումներ գործել հայկական տաճարների, խանութների և հայերի վրա։ 

Նա Իսրայելի հայ համայնքին ֆեյսբուքյան իր գրառմամբ  խորհուրդ է տալիս դիմել ոստիկանություն, որպեսզի արգելվի հայկական եկեղեցու մոտ հավաք անցկացնել՝ բռնությունից խուսափելու համար։ Լապշինը զգուշացնում է նաև հարձակումների և վանդալիզմի հավանականության մասին։

Քաղաքագետ Թևան Պողոսյան վստահ է` դրանք կազմակերպվում են Բաքվի կողմից՝ պետական մակարդակով և ամենևին ինքնաբուխ չեն։ Նպատակը սադրանքն է` դրանից բխող հետևանքներով

«Ուզում են սադրանքների միջոցով բախումներ հրահրել ու հավասարության նշան դնել հայերի ու իրենց միջև։ Զգոն պետք է լինել ու չտրվել սադրանքների»,- ասում է Պողոսյանը։

«Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը վստահ է՝  պատահական չի ընտրված Իսրայելը և պատահական չի ընտրված վայրը՝ հայկական եկեղեցու մոտ։ Այսպիսով Բաքուն փորձում է զգայական ֆոն ստեղծել հայերի համար՝ բախումներ հրահրելու նպատակով։

Սա միակ պատճառը չէ։ Իսրայելում բողոքի ակցիայի նախաձեռնումը  փորձ է նաեւ կոծկելու հուլիսյան էսկալացիայի ընթացքում իսրայելական արտադրության ԱԹՍ–ի ոչնչացման փաստերը։

«Մենք գիտենք, որ դժգոհություններ են առաջացել Իսրայելում։ Բարձր հեղինակություն վայելող ու թանկարժեք ԱԹՍ–ի խոսցումը հարցականի տակ է դնում շուկայում դրանց արժեքն ու հեղինակությունը»։

Թել Ավիվում հայկական եկեղեցու մոտ բողոքի ակցիայի կազմակերպումը ադրբեջանցիների կողմից պետք է դիտարկել իրավական քաղաքական հարթությունում որպեսզի զսպվեն ադրբեջանական սադրանքները, թույլ չտրվեն միջհամայնքային գժտություններ, ասում է փորձագետ Կարեն Վերանյանը նաեւ նկատի առնելով, որ Իսրայելին Կորոնավարակի այս պայմաններում հարկավոր չեն լարվածություն եւ բախումներ։ Պետք է փորձել կանխել վատ զարգացումները` ըստ նրա, ու հասնել ադրբեջանական սադրանքի իրավաքաղաքական գնահատականին։

Back to top button