ԿարևորՎերլուծական

Թուրքական կործանիչները Երևանին չեն մոտեցել, բայց նրանց հենց աղմուկն էր պետք

Ռուսական լրատվամիջոցներում այսօր տեղեկություն է տարածվել այն մասին, որ Նախիջևանում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանակում թուրքական կործանիչները Երևանին հարված հասցնելու հեռավորությամբ մոտեցել են Հայաստանի սահմանին։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն, հերքել են թուրքական զինված ուժերի F-16 կործանիչների՝ օդային հարվածի հեռավորության վրա Երևանին մոտենալու վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները։

Ռազմական որոշ փորձագետներ կարծում են, որ մտահոգվելու առիթ կա։ Ոմանց գնահատմամբ էլ՝ թուրքական կործանիչների թռիչքները Հայաստանի օդային սահմանի հետ կապ չեն ունեցել և սովորական զորավարժությունների շրջանակում են տեղավորվում, որոնք մեզ համար չպետք է զարմանալի լինեն։ Ամեն դեպքում՝ զգոն լինել պետք է, ինչը և անում են հայկական զինված ուժերը։

Թուրքական F-16 կործանիչների՝ Հայաստանի հետ սահմանին մաքսիմալ մոտենալու մասին լուրն այսօր հրապարակել էր, մասնավորապես, «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով avia.pro-ին: Առնվազն երկու թուրքական ռազմական ինքնաթիռ ուղղություն են բռնել դեպի Երևան և գտնվել են Հայաստանի մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա՝ հայտնել էր Avia.pro պորտալը։ Պորտալի տեղեկություններով՝  այդ կերպ օդանավերը կարող էին մշակել Հայաստանի մայրաքաղաքին հարված հասցնելը: Այդ մանևրը թույլ է տալիս հարված հասցնել այն զինատեսակներով, որոնք Թուրքիայի ռազմաօդային ուժերն ունեն իրենց զինանոցում: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դրանից հետո Հայաստանի հետ սահմանին երևացել են նաև ադրբեջանական ու թուրքական ռազմաօդային ուժերի ուղղաթիռները։  

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, այսօր հերքել է տարածված տեղեկությունն այն մասին, որ թուրքական F-16 կործանիչները մոտեցել են Հայաստանի սահմանին՝ Երևանից 56 կիլոմետր հեռավորության վրա: «Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,- ասվում է այսօր՝ օգոստոսի 3-ին, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի տարածած հաղորդագրության մեջ։

Թե ինչո՞ւ նման տեղեկություններ ռուսական աղբյուրներից դուրս եկան՝ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում դժվարացավ միանշանակ գնահատել։

«Չեմ կարող միանշանակ պնդել։ Կարծում եմ, որ պարզապես փորձում են ազդակ ուղարկել Հայաստանին, որ Թուրքիայից հնարավոր է որոշակի վտանգներ լինել և փորձում էին այդ կերպ որոշակի քաղաքական հարցեր լուծելու, այսպես ասած, ճանապարհներ բացել»,- ասաց փորձագետը։   

Քաղաքագետ Արմեն Այվազյանը, իր ՖԲ էջում անդրադառնալով ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին՝ կարծիք է հայտնել, որ դրանք Հայաստան ներխուժման նախապատրաստություն են.   

«Երբ տասնամյակներ շարունակ գրում էի, որ թուրքական վտանգը շատ ռեալ է, որ Թուրքիան, հարմար առիթը որսալով, անպայման ինքը փորձելու է ուղղակիորեն հարվածել Հայաստանին՝ Ադրբեջանի հետ միասին, այս ամենը դիտվում էր որպես  մի հեքիաթ, սա չէր ընկալվում։ Ի՞նչն է անհավանականություն։ Այն, որ Թուրքիան հարմար առիթը որսալով ինքն էլ կարող է հարվածել Հայաստանին և անպայման այդ փորձը կանի – դա՞ է անհավանական»,- նշեց  քաղաքագետը։    

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, մինչդեռ, հայ-թուրքական ուղիղ առճակատում քիչ հավանական է համարում՝ առնվազն այս ժամանակաշրջանի համար, բայց միաժամանակ նման զարգացման հավանականությունը չի բացառում։ 

Կարեն Հովհաննիսյանը նաև նկատեց, որ թուրք-ադրբեջանական այս զորավարժությունները մեզ համար նորություն չեն։ Ամենամյա այդ զորավարժությունները մշտապես գոյություն ունեն՝ ասաց։

«Պարզապես ամեն մի զորավարժության ժամանակ ընդգրկում են տարբեր ստորաբաժանումներ և տարբեր, այսպես ասած, մասնագիտական զորեր։ Այս դեպքում, եթե խոսքն այդ կործանիչների մասին է, ապա՝ այդ նույն աղբյուրը նշել էր, որ մանևրել են մայրաքաղաք Երևանից 56 կմ հեռավորության վրա։ Այստեղ պետք է հստակ նշենք, որ Նախիջևանի սահմանից մինչև Երևան օդային տարածությունը 53 կմ է և, ըստ էության, այդ մանևրելը գտնվել է իրենց զորավարժության շրջանակներում և այստեղ ևս մենք պետք է այդքան էլ ցավագին չընդունենք»,- հավելց փորձագետը։

Միաժամանակ, իսկապես, զգոնություն պահպանել պետք է և փառք Աստծո, ՀՀ ԶՈՒ-ն դա պատվով անում են՝ հավելեց ռազմական փորձագետը։

Անդրադառնալով քաղաքական կողմին՝ փորձագետը կարծիք հայտնեց, որ հենց ադրբեջանական ու թուրքական կողմին այդ աղմուկն էր հարկավոր, թե՝ Երևանից այսքան կիլոմետր հեռավորության վրա կարողացել են մանևրել։ Կարեն Հովհաննիսյանը դա նկատել է նաև ադրբեջանական քարոզչական դաշտում տարածվող սադրանքներ պարունակող տեղեկատվությունից։

Այսօր ադրբեջանական հեռուստաընկերություններով սկսել են տարածել, այսպես ասած, «սենսացիոն լուր», թե ադրբեջանական և թուրքական երկու ինքնաթիռներ «մանևրել են Ղարաբաղի երկնքում»։

Մինչդեռ, իրականում, նրանց այդ մանևերելը բացարձակապես կապ չուներ հայկական օդային տարածքի հետ՝ նկատեց ռազմական փորձագետը։

«Նրանք այդ գործողությունները՝ սովորական զորավարժությունները, իրականացրել են Նախիջևանի տարածքում, ինչպես որ նախորդ անգամներն են իրականացրել»,- ասաց Հովհաննիսյանը։

Փորձագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի իշխանություններին այլևս չի հաջողվում նաև տարբեր տեսակի ստահոդ լուրերով ներքին լսարանին կերակրելը և դրա վառ ապացույցը կրկին սկիզբ առած բողոքի ակցիաներն ու դրանց հետևանքով մեծաքանակ ձերբակալություններն են, որ այս օրերին տեղի են ունենում Ադրբեջանում։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close