Ստարտափ Հայաստան

Սիրուց բիզնես՝ մեկ քայլ․ «Ստարտափ Հայաստան»

Երիտասարդ զույգին սկզբից կապեց համակրանքը, հետո սիրահարվածությունը, հետո սերը, հետո բիզնեսը։

Ալիկն ու Դիանան հասկացան, որ բացի կյանքի ընկեր լինելուց կարող են նաև լինել բիզնես գործընկեր։

Չնայած երիտասարդ տարիքին, զույգն այսօր կարողացել է սեփական բիզնեսը սկսել, բրենդ առաջարկել և բիզնեսի հետ կապված ամեն ինչ ինքնուրույն անել։

Ալիկը երկար բարակ չի մտածել, որոշել է ու որոշման մասին ասել Դիանային։ Բիզնեսով զբաղվելու միտքը վաղուց է եղել գլխում։

Մի քանի տեղ աշխատելուց հետո հասկացել է, որ ճիշտը սեփական գործ ունենալն ու քո գլխի տերը լինելն է։

Բիզնեսում գրեթե ներդրում չեն արել, եթե չասենք զրո դրամով, ապա շատ քիչ գումարով սկսած գործ է։

Ալիկի գաղափարը մեծ ուշադրության է արժանացել հանրության կողմից։ Թրենդային դարձած փոփոխությունները, որոնք դիզայներներն օգտագործում են այսօր, սիրված են հանրության կողմից։

Խոսքը առկա երևույթները, նկարները, արվեստի գործերը փոփոխելն ու զվարճալի կերպով ներկայացնելն է, ինչը մեր օրերում համարվում է արվեստի նոր ճյուղ։

Որպեսզի ստանդարտ գրվածքներ կամ պատկերներ չտպագրեն հագուստի վրա ու էնպես չստացվի, որ իրենք զբաղվում են միայն տպագրությամբ, Ալիկն ու Դիանան որոշել են իրենց մտավոր սեփականությունը վաճառել ու դարձնել բիզնեսի հիմք։

Երկուսն էլ խոստովանում են՝ դժվար է մտածել այնպիսի բան, որը չլինի, որը կրկնօրինակ չլինի, նման չլինի։ Հենց այս դժվարությունները հաշվի անելով, Ալիկն ասում է, որ իրենք դաշտում մրցակիցներ չունեն, որովհետև անկեղծ են հաճախորդի հետ ու շատ շատ են աշխատում իրենց ապրանքի վրա։

Առաջին աշխատած կլորիկ գումարով գնացել, նշել են իրենց հաղթանակը։ Հետո ջահելություն չեն արել։ Երկուսն էլ խոստովանում են՝ գայթակղությունը շատ մեծ է աշխատած գումարով գնալ մի տեղ նստել մի համեղ բան ուտելու, կամ իրար նվերներ անելու, բայց նպատակներն ու ծրագրերն ավելի կարևոր են։

Գեղարվեստական գրականության գործերից մեկում, օրինակ, կգրվեր այսպես՝ նրանք հանդիպեցին, սիրեցին իրար և ամուսնացան, իսկ մեզ մոտ գրվում, ասվում, պատմվում է այսպես՝ նրանք հանդիպեին, սիրեցին իրար և բիզնես սկսեցին։

Այո, մենք կարծրատիպեր կոտրող սերունդ ենք։ Այս երիտասարդներն իրենց աշխատած գումարն իրենց վրա չեն ծախսում, ներդնում են գործի մեջ։ Հենց այսպես էլ ապրում են մերոնք։

Back to top button