ԿարևորՀասարակություն

Սև արագիլը բուժում է ստացել, սպիտակն էլ՝ քաղաքացիություն

Հայաստանի չբացահայտված ու գողտրիկ անկյուններից մեկը Ախուրյանի վերնահովիտն է՝ անդնդախոր կիրճերով, գետերով, ձյունապատ լեռներով, ինչպես և հազվադեպ բուսական ու կենդանական աշխարհով: 10 տարի առաջ, երբ Գյումրիում պատմում էին սև արագիլների մասին, շատերը թերահավատ էին:

Վերջին տարիներին Արփի լիճ ազգային պարկի տարածքում Սև արագիլներին լուսանկարեցին, տեսանկարեցին ու նույնիսկ բուժեցին ու բնություն վերադարձրին:  Իսկ որոշ սպիտակ արագիլներ արդեն գրանցում ու անձնագիր ունեն Ծաղկուտ գյուղում:

Եթե քայլարշավի սիրահար ես, Հայաստանի չբացահայտված ու գողտրիկ անկյուններից մեկը՝ Ախուրյանի վերնահովիտն անփոխարինելի է իր  անդնդախոր կիրճերով, գետերով, անտառներով, ինչպես նաև հազվադեպ բուսական ու կենդանական աշխարհով: Աստեղ է բնադրում չափազանց զգուշավոր Սև արագիլը, որը գրանցված է Կարմիր գրքում:

Անցած տարի, աշնանը Մեծ Սեպասար գյուղի բնակիչներից մեկը դաշտից տուն վերադառնալիս ճանապարհին վիրավոր արագիլ է տեսնում, հետն էլ հազվադեպ հանդիպող տեսակը՝ սևը, ահազանգում է «Արփի Լիճ» ազգային պարկի աշխատակիցներին:

«Արփի լիճ» ազգային պարկի փոխտնօրեն Արտակ Ֆարզադյանը դեպքն ու վերքերը լավ է հիշում:

«Վերցրեցինք, առաջին օգնություն ցույց տվեցինք, վերքը մշակեցինք, թևի հատվածն էր վիրավոր, հետո՝ կապվեցինք Երևան համապատասխան մասնագետների հետ, ուղարկեցինք բուժման»:

Որսորդնե՞րն էին վիրավորել Կարմիր գրքի սև հերոսին, թե՞…

«Սկզբում վարկած կար, որ հնարավոր է՝ կրակած լինեն, բայց ռենտգեն արեցին, կրակածի հետքեր չգտան: Հուսադրող է, որ չեն կրակել», — կենդանասերներին հանգստացնում է Արտակ Ֆարզադյանը:

«Զоо Ֆաունա Արտ» էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոնը մեկ տարի բուժեց ու այս ամառ բնություն վերադարձրեց Սև արագիլին:

«Բաց ենք թողել հենց այնտեղ, որտեղից գտել ենք, որպեսզի իրեն հարմարավետ զգա բնության գրկում: Դրանից հետո չենք հանդիպել, որովհետև շատ զգուշավոր թռչուն է, գրեթե անհնար է իրեն տեսնել»:

Սև արագիլներին տեսել և լուսանկարել է զբոսաշրջային մասնագետ Հարություն Հարությունյանը:

«Իրենք սովորաբար ցերեկվա ժամերին իջնում են, գետից որս են անում, և հենց մարդ է մոտենում, 300 մետրից զգում են ու միանգամից թռչում իրենց բնի կողմը»:

Հարությունի տեսած արագիլներից ոչ մեկը մեր հերոսը չէ: Ազգային պարկի աշխատակիցները 7 Սև արագիլ են գրանցել տարածքում: Արագիլներն հիմնականում զույգերով են լինում, միգուցե դեռ էլի հանդիպի, կամ՝ զույգի ճտերն են մեծացել, դրա համար էլ հաշիվը կենտ է ստացվել, ասում է Արտակ Ֆարզադյանը:

Իսկ Հարություն Հարությունյանը բնության ու քայլարշավի սիրահարների համար նոր երթուղի է մշակել, 15 կմ կքայլեն, հեռվից կտեսնեն Սև արագիլին ու էլի մի շարք հազվադեպ թռչունների:

Կարմիր ցուցակի չափորոշիչներով «խոցելի» գնահատված Սև արագիլը հանդիպում է Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում, Փոքր և Միջին Ասիայում, Հարավային Աֆրիկայում: Բնադրում են գետերի, անտառային ճահիճների, լճերի մոտակայքում գտնվող անտառներում և ժայռոտ ձորերում: Տարվա մեջ բնադրում են մեկ անգամ, դնում են 3–6 ձու: Տեսակի պահպանման խնդիր կա, դրա համար էլ չափազանց զգուշավոր են:

«Շատ են խուսափում մարդկանցից, մարդկանց հետ կոնտակտ ընդհանրապես չկա: Սպիտակ արագիլն ավելի շատ է շփվում մարդկանց հետ»:

Տարածքի գյուղերից մեկի՝ Ծաղկուտի սպիտակ արագիլն էլ արդեն քաղաքացիություն է ստացել՝ գրանցումով բույն, կադաստրի վկայական: Այժմ «զագսի թղթի» ու ձագերի ծննդականի մասին ենք մտածում՝ կատակում են բնակիչները:

«Gyumri travel club» ընկերության նախագահ Լուսինե Մոսոյանն անձամբ է ծանոթացել Ծաղկուտի արագիլի հետ, զարմացել:

«Հերթական այցն էինք կատարում Ծաղկուտ, տեղացի հնէաբան մի երիտասարդի հետ էի ծանոթացել ու խնդրել, որ ինֆոտուր անի, տարածքի պատմա-ճարտարապետական հուշարձանները ներկայացնի: Գյուղ մտնելուց մի փոքր ճահիճ կար, ու մի արագիլ էր կանգնած: Մեքենան կես մետր հեռավորության վրա կանգնեց, ես իջա ներքև, մոտեցա արագիլին ու արագիլն ինձ ընդհանրապես ուշադրություն չդարձրեց, ոչ խրտնեց, ոչ փորձ արեց փախնելու: Դա շատ տարօրինակ էր ինձ համար»:

Ծաղկուտի թևավոր բնակչին շատերն են ճանաչում, արագիլն էլ՝ հարևաններին: Ասում են՝ ամեն տարի աշնանը չվում է, գարնանը՝ վերադառնում նույն հասցեն:

«Հավատարիմ՝ ոնց որ շունը, ընտանի կենդանու նման է»:

Չնայած Հայաստանի հյուսիսում ձմեռը խիստ է, բայց որոշ արագիլներ չեն էլ հեռանում, իրենց կոփել ու հարմարավետ տեղավորվել են: Արդյո՞ք հիվանդ են, թե՞ ալարկոտ:

«Հենց Ղարիբջանյան գյուղի ճանապարհի կողքն էր այդ արագիլների բույնը, նրանք ոչ հիվանդ էին, ոչ էլ ալարկոտ, բայց ձագ չէին ունենում: Մի տարի ձագ հանեցին ու չմնացին, ձագերի հետ չվեցին: Բայց հաջորդ տարի մնացին այստեղ: Իրենք հարմարվել էին բնությանը, երևի ձագերի համար մտահոգվեցին ու այդ տարի որոշեցին չվել»:

Արագիլների ձագերն արդեն մեծանում են, մի քանի ամսից կպատրաստվեն չվելու, Ծաղկուտի արագիլն էլի հետ կգա, գյուղում հարևաններ, բարեկամներ ունի, հազվադեպ հանդիպող սև արագիլներն էլ միգուցե ավելի մեծ երամով վերադառնան, բուժվել են, համոզվել, այստեղ նրանց սիրում են, սպասում:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close