ԿարևորՀասարակություն

«Մեր փեսան»` ԱՄՆ նախագահ․ հայացք ապագայից

2022  թվականի  հունվարի 7.  հայ-ամերիկյան դիվանագիտական  հարաբերությունների հաստատման 20 -ամյակի առիթով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների նախագահը տիկնոջ հետ։ Բարձրաստիճան հյուրին ընդունել են Հայաստանի  նախագահն ու վարչապետը։ Բարձր մակարդակի հանդիպումներից հետո ԱՄՆ նախագահն այցելել է Մեծ Եղեռնի հուշահամալիր, Երևանի կոնյակի գործարան, զբոսնել մայրաքաղաքի  կենտրոնով։ Սա հիրավի պատմական իրադարձություն է․ նորանկախ Հայաստանի պատմության մեջ Միացյալ Նագանգների նախագահի մակարդակով մեր երկիր այց կատարվում է առաջին անգամ, սակայն անձամբ Սպիտակ տան 46-րդ ղեկավարը տիկնոջ հետ  2015 թվականի ապրիլին Հայաստանում արդեն եղել է։

2020 թվականի  հուլիսի 20.   ամերիկյան Պորտլենդ քաղաք․ բեմին ամերիկացի ռեփեր, հիփ-հոփ երգերի կատարող, մեգա աստղ  Քանիե Ուեսթն է՝ խոսափողը ձեռքին։ Սակայն նրա շուրթերից հնչում է  ոչ թե  հիթային երաժշտություն, այլ ռեփ-բաթլ ոճով ելույթ՝ կոշտ  քաղաքական քննադատությամբ հայհոյախառն խոսք․ ԱՄՆ նախագահի թեկնածու Քանիե Ուեսթն անցկացնում է իր առաջին նախընտրական հանդիպումը։

 «Ռեփը երաժշտության մեջ, հատկապես վերջին տարիներին,  շատ մեծ տեղ ունի, բայց այն երաժշտոթյուն համարելը դժվար է։ Ռեփը պարզապես հրապարակախոսություն է, հիմնականում բողոք և զարյուրթ։ Եթե ինչ-որ մեկը կանգնի փողոցում և պարզապես գոռա, նրան գիժ կհամարեն։ Իսկ երբ նույնը անում է բեմից, համերգասրահում կամ ձայնագրությունների տեսքով, դա ավելի տպավորիչ է, հասկանալի, այսինքն, նպատակակետին հասնում է»։ 

Ալիսա Քալանթարյանը՝ Հանրային ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը, Քանիե Ուեսթի արվեստը դժվարությամբ է ընկալում, նրան համարում է ոչ միայն ռեփի, այլ խառը երաժշտական ոճերի ներկայացուցիչ, նաև՝ անկայուն անձնավորություն։  Կգերադասեր, որպեսզի  ավելի հավասարակշիռ պահվածք ունեցող Քիմ Քարդաշյանը  դառնար ԱՄՆ նախագահի թեկնածու։ Բայց փաստում է․ Քանիե Ուեսթը երկրպագուների բազմամիլիոնանոց բանակ ունի ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ դրա հահմաններից դուրս։ Իսկ ունի՞ շանս՝  զբաղեցնելու Միացյալ Նահանգների նախագահի աթոռը։

«Իհարկե  բացառված է, որ 2020 թվականի ընտրություններում  նման զարգացումներ լինեն։ Նախ՝ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններն արդեն ունեն իրենց թեկնածուները և այս պլատֆորմներն արդեն զբաղված են, որպեսզի տրամադրվեն Քանիե Ուեսթին։ Քանիե Ուեսթը կարող է մասնակցել որպես  անկախ թեկնածու, բայց այս առումով բաց է թողել մի շարք վերջնաժամկետներ,  և որոշ նահանգներում նրա անունը չի կարող հայտնվել քվեաթերթիկների վրա, ու սա թերևս ամենակարևոր հանգամանքն է»:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը շարունակում է, թեև Քանիե Ուեսթը քաղաքական հայտ է ներկայացրել և հրապարակավ հայտարարել, որ Դոնալդ Թրամփին այլևս հակառակորդ է համարում, սակայն այս ընտրություններում նրա առջև դրված գերխնդիրը  դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին  աջակցող աֆրոամերիկացիների ձայները փոշիացնելն ու իր վաղեմի բարեկամ և ընկեր Թրամփին օգնելն է։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը համամիտ է․ Քանյե Ուեսթը Թրամփին օգնելու նպատակ է հետապնդում։ Քաղաքական գործընթացները ժամանակակից աշխարհում լուրջ փոփոխություններ են կրել։ Քաղաքական հիմնական կենտրոններում որոշում ընդունողները գիտակցում են, որ  հասարակությունները հոգնել են ավանդական քաղաքական համակարգերի ներկայացուցիչներից։ Դրանով է պայմանավորված, որ շատ երկներում առաջնային պլան են մղվում մասսայական մշակույթի գործիչները, որոնք կուսակցական չեն, քաղաքական շրջանակների հետ կապված չեն, բայց ունեն լուրջ առավելություն՝ անուն։  

«Պարզ  է,  որ մասսայական մշակույթի  ներկայացուցիչները խնդիր չունեն բրենդի ճանաչելիության հետ, և  մեկնարկային պայմանների առումով նրանք  ունեն մեծ առավելություններ՝  թիրախային լսարան ինչպես  իրական կյանքում և սոցցանցերում։  Դրանով է պայմանավորաված, որ որոշ  ուժեր իրենց խաղադրույքը կատարում են հենց այդ անձանց վրա»,-ասաց քաղտեխնոլոգը։

Քանյե Ուսթը եթե ոչ 2020-ին, հաջորդ նախագահական ընտրություններում հաղթելու շանսեր ունի, եթե իհարկե,  նպատակ ունենան  ինքն ու իրեն սատարող քաղաքական կենտրոնները, կարծում են մասնագետները։  Քիմ Քարդաշյանն էլ, հետևաբար 2024-ին կարող է դառնալ ԱՄՆ առաջին տիկին,  եթե իհարկե, մինչ այդ աստղային զույգը միասին լինի։

2020 թվականի հունվարի 7. շարունակվում է Միացյալ Նահանգների նախագահ Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի պաշտոնական այցը Հայաստան, որտեղ հայկական արմատներով ԱՄՆ առաջին տիկինն ու ինչպես հայերը սիրում են ասել՝ «մեր փեսան»,  գտել են ջերմ ընդունելություն։ Չնայած դրան, լրատվամիջոցները հիշեցնում են, որ նախընտրական շրջանում ամերիկահայ համայնքն ու հայաստանցիները մեծ ակնկալիքներ ունեին Ուեսթի նախագահությունից։ Բայց ապրիլքսանչորսյան ավանդական ուղերձները Վաշինգտոնից կրկին առանց genocide եզրույթի են։ Մեծ փոփոխություն չեն կրում նաև Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները։

Ուեսթի նախագահությունը հերթական անգամ ապացուցեց․ ամերիկյան քաղաքական համակարգը անձանց վրա չէ կառուցված․ ամերիկյան իսթեբլիշմենթը թույլ չի տալիս, որպեսզի այս կամ այն նախագահը շարժվի իր ճաշակով և ցանկություններով։ Անկախ նրանից, թե ով է ԱՄՆ նախագահը, նա առաջնորդվելու է երկրի պետական շահերով։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close