ԿարևորՀասարակություն

Հարցաքննության հրավերներ․ Վանեցյանը՝ ԱԱԾ-ում, Սեֆիլյանը՝ քննչականում

Արթուր Վանեցյանին և Ժիրայր Սեֆիլյանին իրավապահներն այսօր հրավիրել էին հարցաքննության։ Երկու գործիչն էլ ներկայացել էին իրենց փաստաբաններով՝ նախապես հայտարարելով, որ գործերը անհիմն են և շինծու։ Թեև երկու գործչի գործն էլ քրեական է, թե նրանք, թե նրանց փաստաբանները իրադարձություններում քաղաքական ենթատեքստ են տեսնում։ Ըստ այդ մեկնաբանությունների ստացվում է, որ «արձակուրդային» և «համավարակային» շրջանում քաղաքական անտեսանելի եռուզեռ է և քաղաքական դաշտում վերադասավորումների փորձ է տեղի ունենում։

Իրավապահ համակարգը տարբեր առիթներով է հետաքրքրվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանով և «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանով։ Արթուր Վանեցյանին բացատրությունների համար հրավիրել էր ԱԱԾ–ն, Ժիրայր Սեֆիլյանին՝ Քննչական կոմիտեի կենտրոնի բաժինը։ Թեև գործերն ըստ էության իրարից շատ են տարբեր, գործիչներն ու նրանց փաստաբանները շտապել են հայտարարել, որ իրավապահների ուշադրությունը գործիչների քաղաքական կեցվածքի հետևանքն է։

Ազգային անվտանգության ծառայությունից պարզաբանում են․ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ փաստական տվյալներ կան, ինչի հիման վրա նյութեր են նախապատրաստվում։

Վանեցյանը հակադարձում է․ «Մի անհեթեթ գործի շրջանակներում, կարգավիճակ որևէ չունեմ։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու համար։ Որևէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը այցելել եմ և հրաժարվել եմ բացատրությունը ներկայացնելուց։ 2018 թվականին վերականգնվել է աշխատանքի մեր նախկին աշխատակիցներից մեկը, որը, ըստ ԱԱԾ մեկնաբանության, իրավունք չուներ վերականգնվելու։ Բայց երևի օրենքի ընթերցման և հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն»։  

Գործը իսկապես կապ ունի համակարգում կոնկրետ անձի` օրենքը շրջանցելով բաժնի պետի պաշտոնում նշանակման և նրան գնդապետի կոչում շնորհելու հետ, ասված է ԱԱԾ պարզաբանման մեջ։ Խնդիրն այն է, որ փոխգնդապետի զինվորական կոչումով ծառայությունից արձակված անձը դիմել էր ԱԱԾ նախկին տնօրենին՝ Արթուր Վանեցյանին, զինվորական ծառայության կրկին անցնելու խնդրանքով։ Արթուր Վանեցյանը կատարել է նրա խնդրանքը՝ հակառակ այն բանի, որ արդեն իսկ լրացել էր ծառայողի 51-ամյակը, իսկ ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար օրենքով սահմանված են տարիքային սահմանափակումներ՝ փոխգնդապետի դեպքում դա 50 տարեկանն է։

Վանեցյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առնչությամբ տարածված ԱԱԾ հաղորդագրության մեջ կա նաև ուշագրավ նախադասություն։  Բառացի գրված է, որ «հիշյալ անձի պաշտոնավարման արդյունքում պետությանը պատճառված որևէ վնաս չի վերականգնվել»:

Իսկ ահա Ժիրայր Սեֆիլյանին Քննչական կոմիտեն հարցաքննության էր կանչել նրա ֆեյսբուքյան գրառման հետ կապված, գրառում, որն արտատպել է լրատվամիջոցներից մեկը։ Սեֆիլյանի ձևակերպումներում իրավապահները տեսել են դատավորին զրպարտելու հանցակազմ, ինչի հիման վրա էլ որոշել են նյութեր նախապատրաստել։ Խոսքը «Սասնա ծռերի» գործով դատավոր Մեսրոպ Մակեյանի հասցեին գրվածի մասին է։  

Հարցաքննությունից հետո Ժիրայր Սեֆիլյանն այսօր հրաժարվեց մեկնաբանությունից։

«Խնդրի էության մասին, այսինքն՝ ինչու համար ինձ հրավիրել էին այստեղ, դրա մասին պարոն Շուշանյանը կտեղեկացնի ձեզ։ Ինձ պետք է ներեք, ես պետք է գնամ։ Հարցերը հաջորդիվ։ Հաջորդիվ»։

 «Սա պարոն Սեֆիլյանի և «Սասնա Ծռեր» համահայկական շարժման, ինչպես նաև ազգային ժողովրդավարական բևեռի քաղաքական գործունեությամբ է պայմանավորված այս հարցաքննության հրավիրելը», — նշեց Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը։

Իսկ ահա Արթուր Վանեցյանը հարցաքննությունից դուրս գալուց հետո չշտապեց միանգամից հեռանալ։ Խոսեց, բայց ոչ թե նախապատրաստվող քրեական գործի մասին, այլ՝ հետագա քաղաքական զարգացումների։

Ես չեմ բացառում, որ առաջիկայում լինի հանդիպում բոլոր քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում՝ կարող է լինել և Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի, և Լևոն Տեր-Պետրոսյանի։

Այն Քոչարյանի և այն Սերժ Սարգսյանի հե՞տ, որոնց Դուք՝ ԱԱԾ տնօրեն եղած ընթացքում մեղադրում էիք կոռուպցիայի և երկիրը թանալելու մեջ։

Այդ հարցը տեղին չէ, և քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի և քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անձանց հետ։

Ինչ նպատակներով է Վանեցյանը նոր հանդիպումներ նախաձեռնում՝ չմանրամասնեց։ Մինչ վերջերս «Հայրենիք» կուսակցությունը փորձում էր համագործակցության եզրեր գտնել «Բարգավաճ Հայաստան» և դաշնակցություն կուսակցությունների հետ։ Միասնական ծրագրերն ու նպատակները, սակայն, առկախված մնացին այս փուլում։

Back to top button