Ծովահայեր

Հայկական նավերը՝ անհիշելի ժամանակներից ի վեր. «Ծովահայեր»

Ժայռապատկերներից մինչև մեր օրեր. ինչպիսի՞ նավեր ենք ունեցել, ի՞նչն է եղել հայկական նավերի խորհրդանիշը, ինչո՞վ է հայկական նավաշինությունն առանձնացնում համաշխարհային նավաշինությունից: Գենետիկական ինչպիսի՞ գծեր ու նույնիսկ՝ վրիպումներ են ժառանգել հայ նավաստիները: Հայկական նավաշինության առանձնահատկությունների մասին պատմում է Ծովային հետազոտությունների «ԱՅԱՍ» ակումբի նախագահ, Կիլիկիա նավի նավապետ Կարեն Բալայանը

Պատմական Վասպուրական նահանգի Վանա լճի Աղթամար կղզին և՛ ստորջրյա, և՛ ցամաքային հարուստ պատմությունների գանձարան է։ 9-րդ դարի կեսից, երբ Վասպուրականն անցավ Արծրունյաց իշխաններին՝ պատմիչ Թովմա Արծրունին մեզ ժառանգեց Արծրունյաց տան պատմությունը, որտեղ հանգամանորեն նկարագրում էր, թե Գագիկ Արծրունին  ինչպիսի հրաշակերտ արհեստական նավահանգիստ կառուցեց Աղթամար կղզում, «ինչին կնախանձեր նույնիսկ Ալեքսանդրը Մակեդոնիայից»։

Արհեստական նավահանգիստը՝  հնագիտական այդ հրաշք հուշարձանն այժմ ննջում է լճի 10-20 մետր խորություններում։ 1999-ին Կիլիկիայի նավապետ Կարեն Բալայանն է սուզվել, շոշափել։ Մեր օրերում՝ քաղաքական խնդիրներից ելնելով, արդյո՞ք բախտ կվիճակվի սուզվել պատմության հետքերով՝ դժվար է կանխատեսել, փոխարենը՝ կարող ենք իմանալ, թե այդ նավահանգստում ինչպիսի նավեր էին հանգրվանում։

  Աղթամար կղզու  Սբ.  Խաչ եկեղեցու (915-­921) բացառիկ որմնաքանդակները զարմանալիորեն համատեղում են և՛ վաղ քրիստոնեական, և՛ բյուզանդական, և՛ սասանյան պատկերագրական ավանդույթները, ինչպես նաև  Գագիկ Արծրունու  Հայոց գահին տիրելու հավակնությունները: Չեր կարող բացառություն լինել նաև նավի պատկերը։ 

Աղթամարի եկեղեցու ամենաընդարձակ սյուժետային հորինվածքը  Հովնան մարգարեի պատմության շարքն է, որը զբաղեցնում է հիմնական գոտու ողջ հարավարևմտյան մասը։ Եռամաս պատումներից մեկում Հովնանին՝ նավակից ջուրը նետելու դրվագն է քանդակված։ Նավակի տեսքը շատ տպավորիչ է՝ նմանը չունեցող։

Բիբլիական նույն պատումի տեսարանում նավն այլ տեսք ունի Գալիլեայի հնագույն Հուքոք գյուղի տարածքում հայտնաբերված անտիկ շրջանի սինագոգի խճանկարում։

Իտալիայի Ակվիլիա քաղաքի Սանտա Մարիայի բազիլիկում նույնպես տարբերվում է նույն պատումի նավակն իր կառուցվածքով։

Ստամբուլի հնագիտական թանգարանում Լիպսի մենաստանի մոտակայքից հայտնավերված սարկոֆագին է պատկերված Հովնանին ջուրը նետելու տեսարանը։

Վատիկանի թանգարանում գտնվող բարձրաքանդակին էլ մեկ այլ տեսք ունի աստվածաշնչյան նույն պատումի նավակը։

 Հովնանին ծովը նետելու աստվածաշնչյան պատումը պատկերող, տարբեր երկրների ու ժամանակների գրեթե բոլոր քանդակներնում ու նկաարզարդումներում նավակները նման են միմյանց, Վանա լճի աղթամար կղզու բարձրաքանդակի նավակն իր տեսքով՝ միանգամայն առանձնանում է նույն դրվագը պատկերող բոլոր երկրների նավակներից։

  Հետևաբար՝ տարբեր երկրներում բիբլիական պատումը քանդակել կամ նկարազարդել են իրենց երկրներին բնորոշ նավակների մոդելով։ 

Հետաքրքիր է` ինչպիսի առանձնահատկություններ է ունեցել հայկական նավաշինությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button