ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Կորոնավիրուսի հարկային հետևանքները․ ՊԵԿ–ն ամփոփել է առաջին կիսամյակը

Այս տարվա առաջին կիսամյակում 33 միլիարդ դրամով ավելի քիչ հարկեր են մուտքագրվել պետբյուջե, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ փաստում են Պետեկամուտների կոմիտեի օրերս ներկայացրած տվյալները։ Ըստ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Զառա Մելքումովայի՝ այս տարվա հարկային մուտքերի ծավալը, սակայն,  զիջում է միայն 2019 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշներին և ավելի բարձր է, քան դրան նախորդած տարիների կիսամյակային ցուցանիշները։

Կորոնավիրուսի՞ պատճառած վնաս, թե՞ այլ գործոններ 

«ՊԵԿ-ն ամբողջությամբ ապահովել է հունվար-հունիս ամիսների համար սահմանված պետբյուջեի հարկային եկամուտների  վերանայված 680.3 մլրդ դրամ ցուցանիշը», -հայտնում  է ՊԵԿ ներկայացուցիչը, նաև  պարզաբանում պետբյուջե հաշվեգրված եւ փաստացի հավաքագրված եկամուտների տարբերությունը:

ՊԵԿ-ը տնտեսավարողներին  վերադարձնում է  ավելացված արժեքի հարկի և հիփոթեկային վարկի սպասարկման ուղղվող եկամտահարկի գումարները։  Այս տարի 15 մլրդ դրամով ավելի գումար է վերադարձվել, քան նախորդ տարի․2019 թվականին վերադարձվել է 50, իսկ 2020 թվականին՝ 65 մլրդ դրամ:  «Եթե հավաքագրված թիվը դիտարկենք փաստացի, այլ հավասար պայմաններում, ապա նվազումը կկազմեր ոչ թե 33 մլրդ դրամ, այլ՝ շուրջ 17.5 մլրդ», — ասում է Զառա Մեքլումովան և շեշտում, որ հավաքագրվել է այնքան, որքան սահմանել է կառավարությունը։

Հարկատուների շահերի պաշտպանը՝  կիսամյակային ցուցանիշների մասին

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադեւոսյանը շեշտում է,  որ 2020 կիսամյակային հաշվետվությունը պետք է գնահատել՝ մի քանի կարևոր գործոններ վերլուծելով, նախորդ տարիներին ստեղծված իրավիճակը հաշվի առնելով։

2020 թվականի հունվարի 1-ից  ուժի մեջ են մտել Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնք  արտոնյալ պայմաններ են սահմանում  միկրոձեռնարկությունների համար։ Այն տնտեսվարողները, որոնց շրջանառությունը տարեկան չի գերազանցում 24 մլն դրամը,  ազատվեցին  պետական հարկերից, կորոնավիրուսով պայմանավորված փակվեց  երկրի տնտեսությունը, մեքենաների ներկումը դադարեցվեց, շահութահարկի «վերանայում» կատարվեց։ Սրանք  գործոններ են, որոնք էականորեն ազդել են  հարկային մուտքերի վրա։

Ի՞նչ  սցենարներ են հնարավոր հաջորդ կիսամյակում

«Թվերը կլինեն այնպիսին, ինչպիսին կլինի մեր տնտեսության ակտիվությունը»,– նշում է Զառա Մելքումովան։ Ըստ հարկատուների շահերի պաշտպանի՝ ՊԵԿ–ը կբարելավի վերլուծական եւ հսկողական  գործիքները, որոնք արդեն իսկ գործում են, ըստ հարկատեսակների՝ վեր կհանի  հավաքագրման վրա ազդող  գործոնները, կնախանշի խնդիրները։   

Ցուցադրել ավելի
Back to top button
Close