ԿարևորՀասարակություն

Զարթոնքում խոստացված 5 խորքային հորի փոխարեն հորատվել է 2, եղած 5-ից վերականգնվել՝ 3-ը

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում անցած տարի  պետական բյուջեի միջոցներով նախատեսվել էր հորատել 5 խորքային հոր, ևս 5-ը՝ վերականգնել: Տարվա վերջին հորատվեց 2 խորքային հոր, վերականգնվեց 3-ը: Բայց սա բավարար չէ համայնքի   մշակովի հողերը ոռոգելու նպատակով: Հողերի մի մասը դարձյալ մնացել է Արմավիրի և Մեծամորի կոյուղաջրերի ոռոգման հույսին:

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղը  դեռ 1998 թ իրեն ճանաչել տվեց գյուղում բռնկված խոլերայի համաճարակով: Կոյուղաջրերը, որոնք Զարթոնքի ոռոգման հիմնական աղբյուրն էին, խառնվել էր խմելու ջրին և հնարավոր չեղավ խուսափել համաճարակից: Գյուղում ոռոգման խնդիրը միշտ արդիական է եղել:

Արդեն 30 տարի Մեծամորի մաքրման կայանը խափանվել է ու կոյուղաջրերն առանց մաքրվելու լցվում են առուներն ու ոռոգում բանջարեղենի դաշտերը: Մաքրման կայանի վերակառուցմանը դեռ ընթացք չի տրվել, բայց Զարթոնքի ոռոգման խնդիրը մեղմելու նպատակով պետական բյուջեի միջոցներով վերականգնվել է 3 խորքային հոր և հորատվել երկուսը, թեպետ Արմավիրի մարզպետարանի էջից տեղեկանում ենք, որ հորատվելու էր 5-ը, վերականգնվելու՝ ևս 5-ը:

Ընդհանուր թվով մարզում հորատվելու էր 18 խորքային հոր, վերականգնվելու՝ 14-ը: Գյուղացիները  ոռոգման մտավախություն են ունեցել և չեն մշակել հողերի մի մասը.  «Կան, շատ հողեր կան չմշակված ներկա պահին, որովհետև էս գլուբինի հարցը լուծված չէր, շատ մարդիկ չցանեցին, համարյա 7-8 տարի էդ տարածքը չի ցանվել»:

«2 հատը էս տարի խփեցին (նկատի ունի խորքային հորերի հորատումը), նոր մի քիչ ջրի հարցը  լավացավ, թե չէ մենք ոռոգման ջուր չունենք, մեր ոռոգման ջուրը սաղ կոյուղաջրերն են, մենակ էդ ա, ուրիշ չկա»:

Կոյուղաջրերով ոռոգվող տարածքներում դարձյալ ջրի պակասություն կա: Ցամաքած սևջուր գետ են լցվում Արմավիրի և Մեծամորի կույուղու ջրերը, որոնք ուղղվում են մշակովի  տարածքներ: Ջրբաժան Կարեն Դալլաքյանն ասում է, երբ խորքայիյն հորերի ջուրը չի բավարարում՝ տարածքները ոռոգելու համար,  4-5 օր հավաքում են կոյուղաջրերը, հետո բաց թողնում հողեր:

Այդուհանդերձ սեփականաշնորհաված հողերի մի մասը դարձյալ մնացել է կոյուղաջրերի հույսին.

«Անցած տարի մեր հողը, կարելի է ասել,  չենք մշակել ջրի պատճառով: Հոկտեմբերյանի կոյուղաջրերով ենք ոռոգում, էն էլ քիչ էր չբավարարեց, գալիս ա, մինչև ուզում ես ջրես՝ կտրվումա, ձմերուկը լավ չեղավ»:

Տարվա սկզբին շահագործման հանձնված խորքային 2 հորի հզորությունը  քիչ է, բայց առուներով պարզ ջրի հոսքը զարմացրել էր գյուղացիներին

«Խորքային հորեր դրել էին, բայց մեր հողերի մոտ չկա, հետո նասոսները չէին միացրել: Էս տարի մեկը շահագործման են հանձնել, մի քիչ գալիսա, գյուղացիները զարմանում են, որ էսքան տարվա մեջ, մեկ էլ շատ առաջներում ա եղել, որ էդքան պարզ, աղբրի ջրի նման  ջուրա եղել, ուղղակի շատ քիչա իրա հզորությունը, չի հերիքում»:

Այս տարի Զարթոնքում 349 հա գյուղատնտեսական նշանակության մշակովի հողերից ոռոգման ջրի պատճառով 46 հա-ը չի մշակվել: 150-200 հա էլ աղուտներ են: համայնքի ղեկավար Սամվել Աղաջանյանն ասում է, որ եղած  խորքային հորը չի բավականացնում հողերը լիարժեք մշակելու համար.

«Խորքային հորերը քիչ են, պլանավորված ա 10 հոր, առայժմ գործում է 2-3-ը: Ընթացիկ տարում, միգուցե, հորատվի ևս մի քանի հոր՝ նոր հարցը կլուծվի: Հիմա շատ վատ ա»:

Խորքային հորերից մեկն էլ Արևիկ գյուղի  ճանապարհի վրա և կիսվել է 2  մասի՝ 2 գյուղերի հողատարածքները ոռոգելու համար: Խորքային հորերի ոռոգման ներքո գտնվող հողերում սմբուկ, լոլիկ, պղպեղ, վարունգ, ձմերուկ ու սեխ են աճեցրել: Միայն 65 հա-ը  դրվել է սեխի աճեցման տակ,  50 հա էլ սմբուկի:

Back to top button