ԿարևորՏնտեսական

Այգին կառավարում ենք հեռախոսով

Տեղեկատվական տեխնոլոգիաները «գրոհում» են նորանոր ոլորտներ, երիտասարդների թիրախում է հայտնվել գյուղատնտեսությունը։ Կաթիլային ոռոգման նոր համակարգն առաջիկայում հնարավորություն կտա  այգիները ոռոգել  բջջային հեռախոսի հավելվածի օգնությամբ` ընդամենը մեկ հպումով։  

Հայ այգեգործները կարող են շունչ քաշել․ նորարարական լուծումներով տեղական արտադրանքը «խոստանում»  է  թեթևացնել նրանց հոգսերը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նոր համակարգը հնարավորություն է տալիս  այգիները ոռոգել  հեռախոսով։ Գաղափարի հեղինակներից Կարեն Մաթևոսյանի հետ ենք զրուցում։

«Ծրագիրը լրիվ պատահականորեն է ստեղծվել։ Ընկերոջս հետ ենք ստեղծել։ Ինքը ուներ այգի, որտեղ ոռոգման վրա շատ էր ժամանակ ծախսում։ Որոշեցինք հեշտացնել աշխատանքը, ստեղծել  սմարթ համակարգ, որը հեռախոսով կկառավարի այգիները» ,- ասում է Կարեն Մաթևոսյանը։

Ընկերոջ՝ Արմեն Մկրտչյանի այգում համակարգը հաջող փորձաշրջան է անցել։ Վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանում արդեն կա այգի, որի ոռոգումը բավականին բարեհաջող   իրականցվել է հեռախոսով։ Շուրջ երկու ամիս անց հայկական արտադրանքը կհայտնվի նաև հայկական շուկայում․

«Ամբողջությամբ նախագծված և հավաքված է Հայաստանում։ Ծրագրավորման մասը ևս կատարել ենք մենք։  Ամեն ինչ արվել է մեր միջոցներով։ Ինչ է իրենից ներկայացնում․ համակարգը ավտոմատ կերպով կուտակում է ջուրը բաքերի մեջ, քլորից ազատում է ջուրը։ Հողի մեջ տեղադրվում են տվիչներ, դրանց միջոցով  համապատասխան հրամանով  համակարգը գործում է»,- ասում է Մկրտչյանը։

Տղաների ստեղծած  համակարգի միջոցով այգու ամբողջ կառավարումը հնարավոր է  կազմակերպել ցանկացած վայրից, ցանկացած ժամանակ՝ ձեռքի տակ ունենալով  բջջային հեռախոս և ինտերնետ։ Համակարգի կոմունիկացիան կարող է լինել ինչպես անլար ինտերնետի հասանելիությամբ, այնպես էլ բջջային ցանցի միջոցով: Ոռոգումը կատարվում է կաթիլային եղանակով։ Ամբողջ գործընթացը  իրականացվում է  նախապես  ծրագրավորված հաջորդականությամբ` առանց մարդու միջամտության։ Համակարգը կարող է օգտագործվել  ինչպես փոքր տնային, այնպես էլ ջերմոցային տնտեսություններում։

Made in Armenia, Desighned by Mozg

«Հավելվածի մեջ ցույց է տալիս օդի ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը, հողի խոնավությունը։ Սարքը իրենից տվիչներ է ներկայացնում, որը չափում է խոնավությունը։ Ագրոնոմի հետ խորհրդակցելուց հետո որոշում ենք, թե տվյալ ծառին, օրինակ ծիրանին, ինչքան խոնավություն է անհրաժեշտ, ծրագրավորվում է և ըստ անհրաժեշտության ջուրը մատակարարվում է»։

Բոլոր գործողություններն իրականացվում են հեռավար, կապ չունի դուք Երևանում եք, Միացյալ Նահանգներում, թե Սյունիքում։ Ըստ գաղափարի հեղինակների, նման  ոռոգումը խնայում է թե՛ ջրային ռեսուրսները և թե՛ ապահովում է բույսերի արմատներին անհրաժեշտ խոնավությունը, հարկ եղած դեպքում  էլ  սնում է բույսերը  անհրաժեշտ պարարտանյութերով:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close