ԿարևորՀասարակություն

Երթևեկություն քաղաքում. վարորդական վկայական ստանալու կարգը փոխվում է

Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու կարգը առաջիկայում կփոխվեն։

Նախագիծը շրջանառվում է 2019 թվականից։ Փոփոխություններ կլինեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննության կարգում։

Պատահական չէ, որ վարորդական վկայական ստանալու համար  բավականին լուրջ հերթ է գոյացել։ Թեկնածուները գիտեն, որ հին՝ գործող կարգով վարորդական վկայական ստանալու վերջին հնարավորությունն է։ Ավտոճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման, ավտոտրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու և երթևեկության կանոնների խստագույն ապահովման համար վարորդական վկայական ստանալու կարգում փոփոխություններ են կատարվել։ Փոփոխություններ, որոնք անակնկալի են բերել ապագա վարորդներին, այն էլ ոչ այնքան հաճելի անակնկալի։

«Երբ ես տեսական քննություն էի հանձնում, չգիտեի, որ ընթացքում կարող է կարգը փոխվել։ Այժմ սպասում եմ գործնական քննության հերթիս ու չի բացառվում, որ մինչ այդ կարգն արդեն փոխված լինի, որին ես պատրաստ չեմ ու մեծ է հավանականությունը, որ կկտրվեմ։ Ըստ ինձ՝ ավելի ճիշտ կլիներ, որ նրանք, ովքեր հերթագրվել են հին կարգով, քննությունն էլ կազմակերպվի հին կարգով, իսկ նոր կարգն ու օրենքները գործեն նրանց համար, ովքեր դեռ նոր են գրանցվելու վարորդական իրավունք ստանալու համար»,- ասաց ապագա վարորդը։

X-Drive ավտոմոտոսպորտ դպրոցի տնօրեն Արտաշես Ստեփանյանը  շատ է լինում եվրոպական երկրներում ու հազվադեպ է վթարներ տեսնում։ Այդ երկրներում վարորդները ոչ միայն սովորում են երթևեկության կանոնները, այլև՝ անվտանգ երթևեկության հիմունքները, իսկ դա մի քանի ճանապարահային նշանները չեն միայն։ Բնական համարելով վարորդի թեկնածուների մտահոգությունները վարորդական վակայական ստանալու կարգի հետ կապված՝ միևնույն ժամանակ նկատում է, որ վաղուց արդեն այս փոփոխության և ապագա վարորդի դիմաց ավելի լուրջ և այսօրվա երթևեկությանը համապատասխան պահանջներ դնելու ժամանակն էր։

Պարզապես վարորդի թեկնածուներն այս նոր փոփոխություններով մի փոքր ավելի երկար պետք է պատրաստվեն քննություններին, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց X-Drive ավտոմոտոսպորտ դպրոցի տնօրենը․

«Ոչ թե պետք է անգիր անել, այլ վարորդի թեկնածուն պետք է հարցին հասկանալով պատասխանի։ Այս փոփոխությունը 2-3 տարվա ընթացքում ընդհանուր երթևեկության մեջ զգալի կարգապահություն կբերի ու վթարների նվազում կլինի»,- նշեց Ստեփանյանը Ստեփանյանը։

Շատ լավ ու նույնիսկ մի փոքր էլ ուշացած փոփոխություն է, նկատում է Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը։ Վարորդական վկայական ստանալու կարգում փոփոխությունը նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության մի մասն է։ Շատ հնարավոր է, որ սրանով հայկական վկայականները ընդունելի լինեն նաև շատ այլ երկրներում։

Սերգեյ Ղահրամանյանը համաձայն չէ, որ նոր կարգով վկայական ստանալը բարդանում է։  Պարզապես դառնում է համահունչ մեր երթևեկության պայմաններին, ասում է։

«Ինչ որ բարդություն իրենից չի ենթադրում։ Պարզապես, այս քննությունը հանձնելուց հետո վարորդը կարող է մտնել երթևեկություն ու իրեն անվտանգ, ապահով ու անկաշկանդ զգալ»,- ասում է Ղահրամանյանը։

Նոր կարգով տեսական հարցաշարը գրեթե կրկնապատկվելու է՝ 620 հարցից դառնալով շուրջ 1200-ը։ Քննության համարէլ նախատեսվում է ոչ թե 10, այլ՝ 20 հարց։ Դրական արդյունք գրանցելու համար հարկ կլինի պատասխանել արդեն ոչ թե նվազագույնը 9 հարցի, այլ՝ 18-ի։ Ինչ վերաբերում է գործնական քննությանը, ապա ոչ թե հիմք է հանդիսանալու ավտոդրոմում վարեը, այլ վարորդի թեկնածուն պետք է ապացուցի, որ կարող է վարել նաև քաղաքային պայմաններում, ասում է  ավտոմոտոսպորտ դպրոցի տնօրեն Արտաշես Ստեփանյանը։

Գործնական քննության փոփոխությունը հիմնականում կզգան երևանաբնակները։ Ավտոդրոմների բացակայությամբ պայմանավորված՝ մարզերում առանց այս փոփոխության էլ քաղաքային երթևեկության պայմաններում էին քննություն հանձնում, նկատում է զրուցակիցս։

«Օրինակ, Արմավիրում  ՃՈ համապատասխան բաժինը չունի ոչ մեքենա, ոչ ավտոդրոմ։Այսինքն` նոր կարգը հենց ուժի մեջ մտավ, միայն տեսական հարցերն են ավելանալու, իսկ գործնական փուլում ոչինչ չի փոխվի։ Այնտեղ այսպես թե այնպես մարդիկ քննություն են հանձնում քաղաքային պայմաններում։ Ավելի շատ բան փոխվում է Երևանում անգիր արած վարորդի թեկնածուի համար, որն անգիր է արել ամբողջ ավտոդրոմը, բայց պետք է վարի իրական երթևեկության պայմաններում»,- ասում է ավտոմոտոսպորտ դպրոցի տնօրենը։

Ամեն դեպքում` դեռ ժամանակ կա։ Դեռ մի քանի ամիս էլ կգործի հին կարգը ու նոր կանցնենք վարորդական վկայական ստանալու նոր կարգին։ Եթե ձեզ ուղղակի վարորդական իրավունքի վկայականն է պետք, շտապեք հերթագրվել և քննություն  հանձնեք, քանի դեռ չի գործում նոր օրենքը, իսկ եթե ուզում եք անվտանգ վարորդ դառնալ, սպասեք նոր օրենքին։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close