ԿարևորՄշակույթ

Հանրային ռադիոյի ջազային անկյունը՝ նվիրված Կոնստանտին Օրբելյանին

Նա  ծնվել է 1928 թվականի հուլիսի 29-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում։ Երաժշտական ունակություններն ի հայտ են եկել դեռ մանկուց։  Շնորհալի փոքրիկին ծնողներն ուղարկել են Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցը։ Դժբախտաբար,  շատ քիչ է սովորել այնտեղ։

Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ։ Հորը ձերբակալել են 1936 թվականին, ապա գնդակահարել, իսկ մորը 2 տարի անց ձերբակալել են, ապա ուղարկել ստալինյան ճամբար։ Տղային հեռացրել են դպրոցից, և եղբայրները մեծ քաղաքից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը։

Լսելով Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործություններն ու քիչ թե շատ ծանոթ լինելով նրա երաժշտական  ներկապնակին` դժվար է պատկերացնել, որ այսպիսի մղձավանջներից է սկիզբ առել նման լուսավոր մարդու կյանքի ճանապարհը։ Այսօր մաեստրոյի ծննդյան օրն է, ու Հանրային ռադիոն որոշել է օրը նշանավորել գուցե փոքրիկ, բայց հաճելի նախաձեռնությամբ։

Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդի թվայնացման աշխատանքների պատասխանատու, երաժիշտ Արթուր Իսպիրյանն այս օրերին, թերևս, միայն Կոնստանտին Օրբելյան է լսում։ Կոմպոզիտորի 375 ստեղծագործությունները թվայնացվել ու իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում ամենամեծ հայկական աուդիո արխիվի եզակի գոհարների ցանկում, որոնք հանրությանը հասանելի են armradioarchive.am կայքի միջոցով:

Մաեստրոյի ծննդյան օրը հանրային ռադիոյում կնշանավորեն նոր նախաձեռնությամբ․

«Կոնստանտին Օրբելյանի արխիվը ամենամեծն է մեր կոմպոզիտորներից։ Մոտ 375 ստեղծագործություն ունենք Օրբելյանից։ Հատկանշականը, որ կուզեմ ընդգծել, դա նրա՝ ֆիլմերի համար գրված երաժշտությունն է՝ «Փառքի օղակներ», «Ճանապարհ դեպի կրկես», «Թռիչք անդունդի վրայով» և այլն։ Դրանք ընդմիշտ կմնան մեր սրտերում, և մենք էլ կփոխանցենք մեր մատաղ սերնդին»,- ասում է Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդի թվայնացման աշխատանքների պատասխանատու, երաժիշտ Արթուր Իսպիրյանը։

Լուսանկարը՝ Ռիա նովոստիի

Մաեստրոյի ծննդյան օրվա առիթով armradioarchive.am կայքում  բացվում է առանձին ջազային բաժին, որը նվիրվում է Մաեստրոյին։ Բաժնում ընդգրկված են ոչ միայն Օրբելյանի, այլև նշանավոր այլ ջազմենների ստեղծագործությունները։  Այս աշխատանքը  գերագույն հաճույք էր, թվում էր՝ անընդհատ բացահայտում ես Կոնստանտին Օրբելյանին, լսում ես ինչ-որ ստեղծագործություն ու տրվում հիշողություններին, ասում է Արթուր Իսպիրյանը։

«Մեր հանրահայտ օպերային երգիչ Արթուր Այդինյանը, որը տեսողական խնդիրներ ուներ, ապրում էր Մոսկվայում, և Օրբելյանը «Իմ սիրտն է երգում» ֆիլմի համար գրեց երգ, որը հրաշալի կատարում է Արթուրը։  Սփյուռքահայ երգիչ Ժակ Դուվալյանի «Խոսում է Երևանը» երգը հավանաբար հիշում եք , նրան  ևս Օրբելյանն է բացահայտել»։

Մաեստրո Օրբելյանին Արթուր Իսպիրյանը ճանաչել է անձամբ, ինչպիսին էր նա կյանքում, կենցաղում, հարցին, արձագանքում է․

«Վայ, չեմ կարող բացատրել ինչ, ռուսերեն բառ  կա՝ ակուռատնի, կազմակերպված մարդ էր։ Եթե հյուր էր ունենում, մինչև կոստյումը չհագներ, բեմական շորերը չհագներ, դուռը չէր բացի։ Բացառիկ մաքրասեր և խստապահանջ մարդ։ Հումորի մասին չեմ ասում, երբ սեղանի շուրջ հավաքվում էին, ոչ ոք չէր խոսում, որովհետև նա այնքան հետաքրքիր էր»։

Շատերն են իրենց երջանիկ  համարում միայն նրա համար, որ կատարել են Օրբելյանի ստեղծագործությունները, նման երջանիկների թվին է իրեն դասում նաև Արթուր Իսպիրյանը։

«Իմ ամենասիրելի ստեղծագործությունը, որ կատարել եմ, «Իրիկնային Երևանն»  է, երկինքը մով է, կանաչը ծով է իմ վարդ քաղաքին․․․»։

Ոչ միայն հայ, այլև ռուսական էստրադայի մի շարք անուններ հայտնի են դարձել Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործությունների շնորհիվ։ Լարիսա Դոլինա, Ալլա Պուգաչովա․․․ Օրբելյանի՝ «Сто часов счастья» երգը վերջինի երգացանկի ամենասիրված ստեղծագործություններից է առ այսօր։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close