ԿարևորՎերլուծական

Թուրքական բանակը մտավ Նախիջևան․ Հայաստանը հետևում է և նախազգուշացնում

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո այսօր սկսվում են թուրք–ադրբեջանական համատեղ լայնածավալ զորավարժությունները։  Դրանք առաջինը չեն, նման զորավարժություններ երկու պետություններն իրականացնում են 2014 թվականից սկսած։ Այս տարվա զորավարժությունները ուշագրավ են ոչ միայն սահմանային լարման օրերին Թուրքիայի հայտարարություններով և ներգրավվածությամբ։ Կա ևս մեկ փաստ․ համատեղ զորավարժությունների համար ընտրվել է Նախիջևանը։ Իսկ սա արդեն որպես «մեսիջ» մի քանի նպատակ ունի։

Թուրքիայի Զինված ուժերը երեկվանից մտել են Նախիջևանի տարածք։ Այդ քայլի պաշտոնական բացատրությունը՝ Ադրբեջանի հետ հուլիսի 29–ից մինչև օգոստոսի 10–ը համատեղ զորավարժություններն են։ Բաքվում, հայկական Գանձակում` Գյանջայում, Լպինքում` Քյուրդամիրում և Եվլախում անցկացվելիք զորավարժությունների ցամաքային փուլը տեղի կունենա օգոստոսի 1-5-ը Նախիջևանում: Զորավարժություններին ներգրավված են մեծ թվով զրահատեխնիկա, հրետանու կայանքներ, ականանետեր, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր:

Հայաստանի զինված ուժերում տեղյակ են, թե ինչ զինատեսակներ են օգտագործվելու զորավարժությունների ընթացքում, բայց այդ առումով մեկնաբանություններ չեն անում՝ հետախուզական տվյալներ չհրապարակելու նպատակով։

ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հաստատում է՝ թուրք–ադրբեջանական զորավարժություններին Հայաստանում ուշադիր հետևելու են․

«Պաշտպանության նախարարությունը հետևելու է և, ինչպես պաշտպանության նախարարը նշել է, բոլոր հետախուզական միջոցներով, մշտական ռեժիմով հետևելու է թե ընթացքին, թե հետագա միտումներին։ Պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման»,- ասում է ՊՆ մամուլի խոսնակը։ 

Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունները նորություն չեն։ Նման ձևաչափով վարժաքներ երկու պետություններն անում են 2014 թվականից սկսած։ Բայց այս տարվանը այլ «երանգներ» ունի հայ–ադրբեջանական վերջին սահմանային լարումից հետո։ Այս փուլում, սակայն, վերլուծաբանները չեն կանխատեսում նոր լարվածություն Հայաստանի որևէ սահմանին։ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյան․

«Այս փուլում ես դա իրատեսական չեմ տեսնում, բայց սա վտանգ է այն առումով, որ ցանկացած նման զորավարժություն հաջորդի համար մեկ քայլ առաջ է տանում այդ հնարավորությունը։ Եթե զորավարժություններից հետո կամ կայազոր այնտեղ թողնի, կամ զինտեխնիկա այնտեղ թողնի` Նախիջևանի տարածքում, սա նշանակում է, որ ավելի է լարում իրավիճակը և ավելի է մեծանում ռազմական բախման հնարավորությունը»,- նշում է քաղաքագետը։

Ըստ քաղաքագետի՝ այս փուլում տեղի է ունենում Հարավային Կովկասը «ենթարկելու» հերթական փորձը։ Թուրքիայի գործողություններն առաջին հերթին պետք է մտահոգեն Իրանին՝ կարծում է․

 «Տարբեր ծրագրեր կան, եթե ոչ արդեն սկսած, ապա առաջիկայում սկսելիք, խոսքը և Իգդիր–Նախիջևան երկաթգծի կառուցման մասին է, և գազամուղի կառուցման մասին է։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Նախիջևանը շատ ավելի դառնում է Թուրքիայի ազդեցության ոլորտ, քան՝ Ադրբեջանի։ Այստեղ շատ կարևոր է Իրանի դիրքորոշումը, որովհետև այստեղ Իրանի շահերն են ոտնահարվում։ Նախիջևանը ավելի մեծ սահման ունի Իրանի հետ, քան՝ Թուրքիան և, եթե Թուրքիան մխրճվում է և իրենով է անում Նախիջևանը, սա վտանգ է ստեղծում հատկապես Իրանի հյուսիս–արևմուտքի համար։ Դեռ իրենք լուռ են, կարծում եմ, հետևում են, տեսնեն՝ ինչ զարգացումներ կունենա։ Միգուցե հետևում են տեսնեն՝ Ռուսաստան–Թուրքիա ինչ համաձայնության կգան, որովհետև վերջնական համաձայնության չեն եկել։ Օրինակ՝ նույն Ռուսաստանի հարավկովկասյան օկրուգում զորավարժությունները դրա պատասխաններից մեկն են։ Կարծում եմ, այս երկու զորավարժությունները երբ կվերջանան, ինչ որ համաձայնության կգան, այդ ժամանակ էլ Իրանը դիրքորոշումը կհստակեցնի»,- ասում է Արա Պապյանը։

Միայն Հայաստանը և Իրանը չէ, որ հետևում են այսօր սկսված զորավարժություններին։ Թուրքիայի նախագահը երեկ երեկոյան զանգել և զրուցել է ՌԴ նախագահի հետ, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԶՈւ մտել են Ադրբեջանի տարածք։ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն` Պուտինը ընդգծել է «լարվածությանը չնպաստող որևէ գործողություններ թույլ չտալու կարևորությունը»։  Սա այս ամսվա մեջ Պուտին–Էրդողան արդեն երկրորդ հեռախոսազրույցն էր։ Հայ–ադրբեջանական սահմանային լարումը քննարկվել էր նաև հուլիսի 13–ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում՝ կրկին Էրդողանի նախաձեռնությամբ։

Թուրք–ադրբեջանական զորավարժությունների մասին այսօր զրուցել են նաև  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։ Դավիթ Տոնոյանը նշել է, որ բուն ռազմական տեսանկյունից զորավարժության  մարտավարական բնույթը մտահոգիչ չէ։ Սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների, զգուշացրել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Back to top button