ԿարևորՀասարակություն

Ինչ «կպատմեն» հայ մասնագետներին «ադրբեջանական» ԱԹՍ- ները

Հակառակորդի առնվազն 14 անօդաչու թռչող սարք, որոնց հայ զինվորները ոչնչացրեցին հայ- ադրբեջանական սահմանում վերջին օրերի ընթացքում, ոչ միայն զինվորականների, այլեւ մեր ինժեներների մոտ են հետաքրքրություն առաջացրել։ Մասնագետները պետք է «խոսեցնեն» հակառակորդի ԱԹՍ- ներին։ Սահմանային լարվածության օրերին հայկական անօդաչու թռչող սարքերի առաջին կիրառումը աննախադեպ արդյունք տվեց և բարձր գնահատականի արժանացավ նաև զինվորականության կողմից։

Ջարդոնի տեսքով, թե ամբողական՝ հայ ինժեների համար տարբերություն չկա։ Հակառակորդի վնասազերծված անօդաչու թռչող սարքերը շատ «պատմելու» բան ունեն և դեռ  անելիք ունեն Հայաստանում։ Ռազմական գաղտնիքների մեջ չմտնենք, խնդիրը դիտարկենք տեխնոլոգիաների տեսանկյունից։   

«Նմանատիպ սարքերը մեր ձեռքի տակ լինելու դեպքում մենք բավականին ժամանակ ու ռեսուրս կխնայենք ՝ տեխնոլոգիաների վերծանման հետ կապված։ Մենք չենք սկսի զրոյից ինչ որ մի բան նախագծել կամ հորինել։ Մենք կվերցնենք այն իրականացված լուծումները, որը կհամարենք, որ բավարար է մեր համակարգերի մեջ կիրառելու համար»։  

Հայկական անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի՝  «Դավարո» ընկերության տնօրեն Դավիթ Գալոյանը բացատրում է․ Տավուշում խոցված և վնասազերծված ԱԹՍ–ները արտադրվել են աշխարհի առաջատար ընկերությունների կողմից, որոնք ոլորտում արդեն 50–60 տարվա փորձ ունեն։ Ընդամենը մի քանի տարի ԱԹՍ–ների արտադրությամբ զբաղվող հայ ինժեներների համար սա մեծ ձեռքբերում է։ Մեզ մոտ ոլորտի զարգացման լուրջ հիմքերը դրվեցին ընդամենը 4 տարի առաջ։

«Մենք, որ սկսեցինք այս գործունեությամբ զբաղվել, եղել է 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո։ Հայտարարվել էր մոբիլիզացիա Կարեն Վարդանյանի գլխավորությամբ։ Ինժեներական համայնքը հավաքվեց և որոշեց, որ անհրաժեշտ է այդ բացը լրացնել, որովհետև ՀՀ–ում բավականին դեֆիցիտ կար նման համակարգերի և սարքերի։ Ճիշտ է՝ նախկինում կային կատարված աշխատանքեր Ավիացիոն ինստիտուտի նախագծերից։ Ինժեներներով հավաքվեցինք, որոշեցինք, որ ոլորտը պետք է զարգացնել։ Նախ՝ մեզ ապացուցելու համար, որ կարող ենք։ Փաստացի, շատ կարճ ժամանակ անց մենք ունեցանք նմանատիպ համակարգեր, որ նույնիսկ փորձարկվեց ռազմական իրավիճակում, բավականին լավ դրական արդյունքներով։

Այսինքն՝ ապացուցեցիք։

Այո։ Առաջին հերթին ապացուցեցինք համ մեզ՝ մենք մեր ուժերի վրա վստահ եղանք։ Երկրորդը՝ ապացուցեցինք Զինված ուժերին, որ դա ի վիճակի ենք իրականացնել ու սա դեռ սկիզբն է։  

Թե զինված ուժերը՝ ի դեմս ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանի, թե պատասխանատու նախարարությունը՝ ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, արդեն բազմիցս ներկայացրել են հայկական ԱԹՍ–ների գնահատականը, հատկապես «ռազմական մկրտություն» անցնելուց հետո։

Արծրուն Հովհաննիսյան «Հարձակողական մեր միջոցները՝ տվյալ դեպքում ԱԹՍ–ները , թե պաշտպանողական՝ տվյալ դեպքում ՀՕՊ միջոցները, իրենց խնդիրը փայլուն կատարեցին, որովհետև մի քանի կիրառությունները, թիրախային հարվածքները եղել են շատ էֆեկտիվ։ Մենք դրա մասին հայտնել ենք, նույնիսկ կադրեր ենք ցուցադրել։ Իհարկե, պետք է հետևություններ անել, դրանք ավելի զարգացնել, ավելի կատարելագործել, ավելի մաշտաբայնացնել»։

Հակոբ Արշակյան «Շատ մեծ խնդիրներ է լուծում սա մեզ համար՝ թե հոգեբանական, թե այդ ընկերությունների ներդրած այդ ջանքը, եռանդը այս տարիների ընթացքում։ Մի բան է, եթե դու ունենաս սպառազինություն, մեկ այլ բան է, երբ իրական մարտում դա կիրառում ես և արդյունավետություն է ցույց տալիս։ Մենք տեսանք խոցված տանկեր, մենք տեսանք ճշգրիտ հարվածներ, մենք տեսանք, որ կարողանում ենք նաև խորքային հետազոտություններ իրականացնել, որը շատ կարևոր է»։

Այս թվարկումը հնարավորությունների ընդամենը մի մասն է, որի ուղղությամբ այսօր աշխատում է ռազմաարդյունաբերական համալիրը, որն արդեն պետությունից ստանում է ավելացված և անհրաժեշտ ֆինանսավորում։

Մինչ այս պատկերը եղել է ինժեներների «մեծ մոբիլիզացիան», որ 2016–ի ապրիլյան պատերազմից հետո հայտարարեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Նա կյանքից հեռացավ ընդամենը օրեր առաջ և չհասցրեց ականատես լինել հայկական ԱԹՍ–ների գործնական հաջողություններին։ Բայց նա երբեք չէր էլ կասկածում, որ այդ հաջողությունները լինելու են։ Դեռ 2018–ին արդեն խոսում էր հաջողությունների մասին։

«Մոբիլիզացիային արձագանքեց մոտավորապես 300 ինժեներ, մոտ 20 ընկերություն։ Շատ կային երիտասարդներ, որոնք փորձ չունեին, կային փորձված մարդիկ, որոնք պրոակտիվություն չունեին։ Ասում էին՝ ինչ ասեք, անենք, բայց խնդիրն այն էր, որ ցավոք սրտի ժամանակ չկար ոչ երիտասարդներին սովորեցնելու, ոչ էլ՝ տարիքով մարդկանց պրոակտիվություն տալու։ Դրա համար փոքր խմբեր ձևավորվեցին, որոնք սկսեցին աշխատել։ Եթե գնահատենք ստեղծվածը, կարելի է կարծում եմ բարձր գնահատել, որովհետև մի շարք հետաքրքիր բաներ ստեղծվեցին»։   

Սա վաղամեռիկ Կարեն Վարդանյանի 2018- ին նոր նոր արձանագրած հաջողությունն էր։

Իհարկե, չափից ավելի ոգևորվել և համարել, որ հայկակական ԱԹՍ–ներով արդեն մուտք ենք գործում միջազգային շուկա՝ դեռ վաղ է։ Ինժեներական մեծ մոբիլիզացիայի ժամանակներից ԱԹՍ–ների արտադրությամբ զբաղվող «Դավարո» ընկերության ղեկավարի ներկայացմամբ՝ հայ ինժեներները այս պահին մտածում են ոչ թե «դրսի» շուկաները գրավելու, այլ՝ ներքին պահանջարկն ապահովելու ուղղությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close